Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Հր. Աճառյանի ծննդյան 140-ամյակին նվիրված գիտաժողովին

Հոկտեմբերի  12-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց  ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակին նվիրված «Հայերենի ուսումնասիրության և կանոնակարգման արդիական խնդիրներ» միջազգային գիտաժողովին:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա  մասնավորապես ասաց. «Ուրախալի է, որ Հ.Աճառյանի անունը կրող լեզվի ինստիտուտը շարունակում է մեծանուն լեզվաբանի գործը ոչ միայն հայերենագիտական արժեքավոր հետազոտություններով, այլ նաև արդի լեզվաքաղաքականությանը և գրական լեզվի կանոնարկմանը, լեզվի պահպանությանը նվիրված նախաձեռնություններով ու գիտական միջոցառումներով:

ՀՀ սփյուռքի նախարարության ուշադրության կենտրոնում են մեր պետականության հիմնասյուներից մեկին՝ Մայրենիին, հատկապես՝ նրա վտանգված ճյուղին՝ արևմտահայերենին առնչվող հարցերը: Եվ պատահական չէ, որ արդյունավետ համագործակցություն ունենք և՛ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի, և՛ բուհական համակարգի հայերենագիտական ամբիոնների հետ: Նախարարությունը աջակցել և աջակցելու է հայոց լեզվի ուսումնասիրությանը, գրական լեզվի անաղարտությանն ու կանոնարկմանը, արևմտահայերենի պահպանությանը, հայերենի ուսուցմանն ու տարածմանը միտված նախաձեռնություններին ու ծրագրերին:

Մեզ համար գնահատելի է, որ այս գիտաժողովում քննարկվելու են հայերենի բոլոր դրսևորումներին՝ գրական արևելահայերենին և արևմտահայերենին, խոսակցական լեզվին ու բարբառներին, նաև լեզվի զարգացման պատմությանն առնչվող հարցեր: Վստահ եմ, որ Աճառյանի ծննդյան 140-ամյակին նվիրված այս գիտաժողովի՝ տարբեր հաստատություններ ներկայացնող բոլոր մասնակիցները իրենց հետաքրքիր դիտարկումներով արժանին կմատուցան մեծանուն մտավորականի հիշատակին»:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը:

Զեկուցումներով հանդես եկան Արտեմ Սարգսյանը (ԳԱԱ ԼԻ), Աելիտա Դոլուխանյանը (ՀՊՄՀ), Ամալյա Խաչատրյանը (Շվեդիա), Հենրիետա Սուքիասյանը (ԳԱԱ ԼԻ):

Գիտաժողովն իր աշխատանքները շարունակելու է Հոկտեմբերի 13-ին և 14-ին:

Scroll Up