Պոդոլսկի հայկական կիրակնօրյա դպրոցում սկսվել է նոր ուսումնական տարին

Պոդոլսկում հայկական կիրակնօրյա դպրոցի գործունեությունը հանդիսանում է համայնքային ներուժը հայկական մշակութային արժեքների, հայկական պետականության ամրապնդման գաղափարի և հայ- ռուսական համագործակցության ծրագրերի շուրջ համախմբման դրական օրինակ: Այս մասին հոկտեմբերի 2-ին հայտարարել է քաղաքագետ Յուրի Նավոյանը` ավանդաբար բացելով Մոսկվայի մարզի Պոդոլսկ քաղաքի հայկական կիրակնօրյա դպրոցի հերթական` տասնչորսերորդ ուսումնական տարին:

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ միջոցառումը տեղի է ունեցել Պոդոլսկի թիվ 15 հանրակրթական դպրոցում, ուր կիրակի օրերին գործում է հայկական կրթօջախը: Հիշելով հայկական կիրակնօրյա դպրոցի ստեղծման գործընթացը, Յուրի Նավոյանը նշել է, որ այս տարիները ապացուցեցին դպրոցի համար ընտրված քառաստիճան համակարգի և հատուկ մշակված ուսումնական ծրագրի կենսունակությունը:

Դպրոցի հաջողությունը ամրապնդվում է նաև քաղաքի ու մարզի սոցիալական ու տնտեսական կյանքին, Հայաստանի հետ համագործակցության ծրագրերին նրա հարյուրավոր շրջանավարտների ակտիվ մասնակցությամբ: Նա ներկաներին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակի և Ուսուցչի օրվա կապակցությամբ, ինչպես նաև երկար տարիների համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Պոդոլսկի քաղաքապետարանին և թիվ 15 դպրոցի տնօրեն Ելենա Վակուլևային: Հայ գործիչը դպրոցի գրադարանին նվիրել է գրականության հերթական խմբաքանակը, որը հայ գրողների ստեղծագործություններից բացի ընդգրկում է նաև Հայաստանի պատմության և մշակույթի վերաբերյալ օտար հետազոտողների ուսումնասիրություններ:

Նոր ուսումնական տարվա բացման հանդիսությանը ելույթներով հանդես են եկել նաև Պոդոլսկի «Նաիրի» ընկերության փոխնախագահ Արագեղեցիկ Ղազարյանը, հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն Անդրանիկ Մկրտչյանը և ուսմասվար Ալվարդ Սամսոնյանը: Դպրոցի սաները ներկայացրել են գեղարվեստական ծրագիր` կազմված հայ գրողների և կոմպոզիտորների ստեղծագործություններից:

Պոդոլսկում հայկական «Նաիրի» ընկերությունը և կիրակնօրյա հայկական դպրոցը 2003 թ. հիմնադրվել են Յուրի Նավոյանի նախաձեռնությամբ` տեղի հայերի աշխատանքային խմբի հետ համագործակցաբար: Դա տեղի է ունեցել Մոսկվայի մարզի խոշոր քաղաքներում հայկական համայնքային կազմակերպություններ և դպրոցներ ստեղծելու ծրագրի շրջանակում:

Scroll Up