«Ամենամեծ իղձս է Հայաստանին ծառայելը». Արտո Օքսայան

Հոկտեմբերի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի Նիս քաղաքի Ծխական խորհրդի վերընտրված ատենապետ Արտո Օքսայանի գլխավորած  պատվիրակությանը, որի կազմում էին Նիսի հայկական համայնքի ներկայացուցիչներ Մարի և Հակոբ Ալթիփալակյանները, ԱՄՆ Նյու Ջերսի նահանգից Ավետիս Օքսայանը և Գլենդելից Առաքել Աճեմյանը:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարարը հետաքրքրվեց համայնքի նորություններով և առաջիկա ծրագրերով, կարևորեց Արտո Օքսայանի հայանպաստ գործունեությունը համայնքը միավորելու, զորացնելու, Հայրենիքի հետ կապը ամուր պահելու ուղղությամբ: Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Սփյուռքում հայերը երկու խնդիր ունեն՝ Հայրենիքի և հայության պատիվը բարձր պահել և զբաղվել հայկական հիմնահարցերով՝ Ցեղասպանության ճանաչում և դատապարտում, Արցախի անկախության ճանաչում, լոբբինգով:

Նիս քաղաքի Ծխական խորհրդի ատենապետ Արտո Օքսայանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, շնորհավորեց նախարարին վերընտրվելու կապակցությամբ: Նա նշեց. «Ես արդեն երկու տարի է ՀՀ քաղաքացի եմ: Ամենամեծ իղձս է Հայաստանին ծառայելը: Սփյուռքի հայության մեծ պարտականությունն է Հայաստանի կողքին լինել: Մեծ պարծանք է սփյուռքահայի համար օգտակար լինել Հայրենիքին: Դուք մեզ պետք է ասեք, թե ինչպես»:

Նախարարը սիրով հստակեցրեց. «Յոթ հարց կա, որոնց լուծման շուրջ պիտի միավորվեն Հայաստանը և Սփյուռքը, դրանք են՝

  1. Հայաստանի հզորացում, ուժեղացում,
  2. Ղարաբաղի հիմնախնդրի լուծում,
  3. Ցեղասպանության ճանաչում դատապարտում,
  4. Հայերենի պահպանման հարցեր,
  5. Սփյուռքի առավել կազմակերպում, միավորում,
  6. Եկեղեցու շուրջ համախմբում,
  7. Վտանգի մեջ հայտնված հայերին օգնություն, սատարում:

Մնացած հարցերը կարևոր են, բայց ոչ առաջնային: Ի դեպ, այսօր ՀՀ նախագահի հրամանով 2 օդանավ օգնություն՝ սնունդ, հագուստ, ուղարկվեց Սիրիա: Ուղեկցողների մեջ է նաև մեր աշխատակիցը»:

Հյուրընկալության ու հետաքրքիր զրույցի համար շնորհակալություն հայտնեցին և Հայաստանից ստացած իրենց տպավորությունները ներկայացրին հյուրերը:

Արտո Օքսայանի եղբայրը՝ Ավետիս Օքսայանը, բնակվում է ԱՄՆ-ում, Հայաստանում եղել է 24 տարի առաջ. «Հիացած եմ Երևանով, Ստեփանակերտով: Անճանաչելի են դարձել: Պետք է ավելի զարգացնել, հզորացնել Հայաստանը», հավելեց նա:

Առաքել Աճեմյանն անդրադարձավ բանկերում ավանդ ունենալու խնդրին, պատրաստակամություն հայտնեց իր ներդրումն ունենալ Հայրենիքում:

Մարի և Հակոբ Ալթիփալակյաններին նույնպես հիացրել են Հայաստանում կատարվող փոփոխությունները: Տիկին Մարին մասնավորապես շեշտեց. «Մենք ամեն տարի գալիս ենք Հայաստան և ամեն անգամ ավելի գեղեցիկ, նորացված ենք տեսնում մեր Հայրենիքը: Շատ մեծ առաջընթաց կա: Ինձ հիացնում են Երևանի փողոցների մաքրությունը, նորացված անցումները, ժողովրդի հագուկապը, պահվածքը: Ժողովուրդը բարեկիրթ է, բարեհամբույր, ջերմ»:

Պարոն Հակոբն էլ ոգևորությամբ ու գոհունակությամբ նշեց Հայաստանում ատամնաբուժական ծառայությունների բարձր մակարդակի և մատչելիության մասին, նշեց, որ իր շատ ծանոթները, այդ թվում և օտարերկրացիները, նախընտրում են ատամները բուժել Հայաստանում:

Քննարկվեցին հայապահպանությանն ու լեզվի պահպանմանը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրացմանն ու զարգացմանն ուղղված այլ հարցեր:

1 2

Scroll Up