«Ամենամեծ իղձս է Հայաստանին ծառայելը». Արտո Օքսայան
Հոկտեմբերի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի Նիս քաղաքի Ծխական խորհրդի վերընտրված ատենապետ Արտո Օքսայանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Նիսի հայկական համայնքի ներկայացուցիչներ Մարի և Հակոբ Ալթիփալակյանները, ԱՄՆ Նյու Ջերսի նահանգից Ավետիս Օքսայանը և Գլենդելից Առաքել Աճեմյանը:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարարը հետաքրքրվեց համայնքի նորություններով և առաջիկա ծրագրերով, կարևորեց Արտո Օքսայանի հայանպաստ գործունեությունը համայնքը միավորելու, զորացնելու, Հայրենիքի հետ կապը ամուր պահելու ուղղությամբ: Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Սփյուռքում հայերը երկու խնդիր ունեն՝ Հայրենիքի և հայության պատիվը բարձր պահել և զբաղվել հայկական հիմնահարցերով՝ Ցեղասպանության ճանաչում և դատապարտում, Արցախի անկախության ճանաչում, լոբբինգով:
Նիս քաղաքի Ծխական խորհրդի ատենապետ Արտո Օքսայանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, շնորհավորեց նախարարին վերընտրվելու կապակցությամբ: Նա նշեց. «Ես արդեն երկու տարի է ՀՀ քաղաքացի եմ: Ամենամեծ իղձս է Հայաստանին ծառայելը: Սփյուռքի հայության մեծ պարտականությունն է Հայաստանի կողքին լինել: Մեծ պարծանք է սփյուռքահայի համար օգտակար լինել Հայրենիքին: Դուք մեզ պետք է ասեք, թե ինչպես»:
Նախարարը սիրով հստակեցրեց. «Յոթ հարց կա, որոնց լուծման շուրջ պիտի միավորվեն Հայաստանը և Սփյուռքը, դրանք են՝
- Հայաստանի հզորացում, ուժեղացում,
- Ղարաբաղի հիմնախնդրի լուծում,
- Ցեղասպանության ճանաչում դատապարտում,
- Հայերենի պահպանման հարցեր,
- Սփյուռքի առավել կազմակերպում, միավորում,
- Եկեղեցու շուրջ համախմբում,
- Վտանգի մեջ հայտնված հայերին օգնություն, սատարում:
Մնացած հարցերը կարևոր են, բայց ոչ առաջնային: Ի դեպ, այսօր ՀՀ նախագահի հրամանով 2 օդանավ օգնություն՝ սնունդ, հագուստ, ուղարկվեց Սիրիա: Ուղեկցողների մեջ է նաև մեր աշխատակիցը»:
Հյուրընկալության ու հետաքրքիր զրույցի համար շնորհակալություն հայտնեցին և Հայաստանից ստացած իրենց տպավորությունները ներկայացրին հյուրերը:
Արտո Օքսայանի եղբայրը՝ Ավետիս Օքսայանը, բնակվում է ԱՄՆ-ում, Հայաստանում եղել է 24 տարի առաջ. «Հիացած եմ Երևանով, Ստեփանակերտով: Անճանաչելի են դարձել: Պետք է ավելի զարգացնել, հզորացնել Հայաստանը», հավելեց նա:
Առաքել Աճեմյանն անդրադարձավ բանկերում ավանդ ունենալու խնդրին, պատրաստակամություն հայտնեց իր ներդրումն ունենալ Հայրենիքում:
Մարի և Հակոբ Ալթիփալակյաններին նույնպես հիացրել են Հայաստանում կատարվող փոփոխությունները: Տիկին Մարին մասնավորապես շեշտեց. «Մենք ամեն տարի գալիս ենք Հայաստան և ամեն անգամ ավելի գեղեցիկ, նորացված ենք տեսնում մեր Հայրենիքը: Շատ մեծ առաջընթաց կա: Ինձ հիացնում են Երևանի փողոցների մաքրությունը, նորացված անցումները, ժողովրդի հագուկապը, պահվածքը: Ժողովուրդը բարեկիրթ է, բարեհամբույր, ջերմ»:
Պարոն Հակոբն էլ ոգևորությամբ ու գոհունակությամբ նշեց Հայաստանում ատամնաբուժական ծառայությունների բարձր մակարդակի և մատչելիության մասին, նշեց, որ իր շատ ծանոթները, այդ թվում և օտարերկրացիները, նախընտրում են ատամները բուժել Հայաստանում:
Քննարկվեցին հայապահպանությանն ու լեզվի պահպանմանը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրացմանն ու զարգացմանն ուղղված այլ հարցեր: