«Ես հայ եմ, թուղթս ֆրանս է, արյունս հայ է». Արմանդ Մելքոնյան
Հոկտեմբերի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայում Գինու և լիկյորի ճշտգրիտ որակավորման մասնագետների մեջ առաջինը և լավագույնը համարվող Արմեն-Արմանդ Մելքոնյանին՝ որդու և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Մերի Ղևոնդյանի ուղեկցությամբ: Արմանդ Մելքոնյանը Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրավերով միջազգային գինու բլոգերների այցի շրջանակում առաջին անգամ այցելել է Հայաստան: Այցն իրականացվել է ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցությամբ:
Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը նշեց. « Շնորհակալ եմ եմ, որ երբեք չեք մոռանում ձեր արմատների մասին, և ծնվելով ու ապրելով Ֆրանսիայում՝ պահպանել եք ձեր ազգային ինքնությունը, ազգանունը, լեզուն և ամենուր ներկայացել եք որպես հայ: Երբեք չեք եղել Հայաստանում, բայց միշտ հպարատացել եք Ձեր էթնիկ ծագումով, հպարտացել եք, որ հայ եք, և որ խաղողի առաջին այգիները Արարատ լեռան ստորոտին են հայտնաբերել: Շատ ուրախ եմ և հպարտ, որ հայերը համարյա բոլոր ոլորտներում մեծ հաջողությունների են հասել, դարձել առաջինը, և աշխարհին ճանաչելի են դարձրել հայերին ու Հայաստանը: Շնորհակալ ենք Ձեր կարևոր գործունեության համար: Դուք Ֆրանսիայի, աշխարհի համար շատ բան եք արել, հիմա մտածենք Հայաստանի մասին, միասին պետք է բարձրացնենք Հայաստանը: Սիրելի՛ պարոն Մելքոնյան, սրտանց շնորհավորում եմ և նախարարության անունից պարգևատրում եմ Ձեզ ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով»:
Արմանդ Մելքոնյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության ու բարձր գնահատանքի համար: «Առաջին անգամ առաջարկեցին գինի համտեսել, երբ դեռ ռեստորանում էի աշխատում: Հետո զգացի, որ ինձ հաջողվում է, սիրեցի այդ գործը: Մտածեցի, որ առաջինը լինեմ, երկրորդը լինել չեմ սիրում: Երջանիկ եմ, որ այցելեցի Հայրենիք: Երբ օդանավից տեսա Արարատը, զգացի որ Հայաստանում եմ: Ես հայ եմ, թուղթս ֆրանս է, արյունս հայ է»:
Արմանդ Մելքոնյանը 1965թ. Ֆրանսիայում անցկացվող գինու որոկավորողների մրցույթում շահել է Գրան-պրին և 4 տարի անընդմեջ եղել է Ֆրանսիայի առաջին որակավորող փորձագետy (դեգուստատոր): Բոլոր ժամանակներում աշխարհում ընդամենը 12 այդպիսի որակավորող է եղել:
Այժմ գրում է 50 էջանոց գիրք-ուղեցույց, որպեսզի մարդիկ ճիշտ կողմնորոշվեն գինիների ընտրության մեջ: