«Արարատը հայի աչքերով» լուսանկարչական շրջիկ ցուցահանդեսը հյուրընկալվեց Շուշիում

Սեպտեմբերի 21-ին Շուշիի արվեստի կենտրոնում «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ «Շուշիի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրինության աջակցությամբ բացվեց ՀՀ Անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված «Արարատը հայի աչքերով» լուսանկարչական շրջիկ ցուցահանդեսը, որի առաջին ցուցադրությունը կայացել էր հունիսին Երեւանում՝ Թեքեյան Կենտրոնում, ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ: Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամից:

Ցուցահանդեսին ներկայացված են Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բրազիլիայից եւ ԱՄՆ-ից ազգությամբ հայ լուսանկարիչների 32 աշխատանքներ, որոնք ներկայացնում են հայ ազգի խորհրդանիշ Արարատ լեռը արվեստագետների ամենատարբեր ընկալումներով եւ յուրովի բացահայտում լեռան հմայքը: Հեղինակների շարքում են հայտնի լուսանկարիչներ Անդրանիկ Քոչարը, Սամվել Սեւադա Գրիգորյանը, Արմեն Ենգոյանը, Պողոս Պողոսյանը, Նունե Քարամյանը, Թեդ Անդրեասյանը, Լեւոն Արսենյանցը եւ այլոք:

Ցուցահանդեսը, որին ներկա էին արվեստագետներ, արվեստասերներ, այդ թվում նաեւ դպրոցականներ Բերձորից, մեկնարկեց «Շուշիի թանգարաններ»-ի տնօրեն, արվեստաբան Լուսինե Գալստյանի ողջույնի խոսքով: Շնորհավորելով ներկաներին Հայաստանի Անկախության տոնի առթիվ, տիկ. Գալստյանը ներկայացրեց մասնակից-հեղինակներին եւ ուրախությամբ նշեց, որ խորհրդանշական թեմայով այս ցուցահանդեսը նպաստում է լուսանկարչական արվեստի զարգացմանն ու տարածմանը, էլ ավելի ճանաչելի դարձնելով ժամանակակից արվեստագետներին:

Հայ քանդակագործ Յուրի Հովհաննիսյանի խոսքով Անկախության 25-ամյակի դիտապատկերի վրա ցուցահանդեսի բացումը խորհրդանշական է, քանզի Արարատը նույնացվում է հայի անկախության հետ. այն աստվածային, առեղծվածային էություն ունի եւ գաղտնազերծման կարիք ունի։ Լեռը հայ ժողովրդի գոյության խորհրդանիշն է:

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի համար սա առանձնահատուկ ձեռնարկ է, քանզի այն իրականացվում է մեզ համար շատ նվիրական օր՝ ՀՀ Անկախության հռչակման 25-րդ տարեդարձին, եւ հատկապես Արցախում՝ նրա մշակութային մայրաքաղաք Շուշիում: Ինչպես ժամանակին Արցախը եղել է հայության իղձերից մեկը, որն այսօր արդեն իրականացված է, այնպես էլ Արարատը իղձ է, որը հուսանք մի օր իրականություն կդառնա», նշեց հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը: Շնորհավորելով ազային տոնի առթիվ, տնօրենը նաեւ շնորհակալություն հայտնեց ՀՀ մշակույթի նախարարությանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը, «Շուշիի թանգարաններ» ՊՈԱԿ-ին ցուցահանդեսի իրականցմանը մեծապես օժանդակելու համար: Նա հույս հայտնեց որ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի համագործակցությունը այս կառույցների հետ կլինի շարունակական եւ կյանքի կկոչի մշակութային արժեք ունեցող այլ ձեռնարկներ:

«Արարատը հայի աչքերով» ցուցահանդեսը Շուշիի արվեստի կենտրոնում բաց կլինի մինչեւ ս.թ. հոկտեմբերի 10-ը եւ այնուհետեւ կներկայացվի Գյումրիում:

1 2 3 4 5 6

Scroll Up