Կիպրոսի «Արձագանք» ամսաթերթը միշտ էլ աչքի է ընկել հետաքրքիր ու որակյալ հոդվածներով. Հրանուշ Հակոբյան

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական նամակը Կիպրոսի «Արձագանք» ամսաթերթի ստեղծման 35 ամյակի առթիվ
ԿԻՊՐՈՍԻ «ԱՐՁԱԳԱՆՔ» ԱՄՍԱԹԵՐԹԻ
ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ՊԱՐՈՆ ԱՐՏՈ ՏԱՎԻՏԵԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Տավիտեան,
«Արձագանք» ամսաթերթի խմբագրության սիրելի՛ աշխատակիցներ,
ՀՀ սփյուռքի նախարարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կիպրոսի «Արձագանք» ամսաթերթի ստեղծման 35-ամյակի առթիվ:
Արձագանքը սփյուռքյան այն բացառիկ լրատվամիջոցներից է, որն անցնելով բազում դժվարությունների միջով, կարողացել է ոչ միայն պահպանվել, այլև զարգացում ապրել և իր առանցաքային դերակատարությունն ունենալ Կիպրոսում հայ ինքնության պահպանման և մայրենին տարածելու ուղղությամբ:
Մենք ուշի-ուշով հետևում ենք ամսաթերթի գրեթե բոլոր հրապարակումներին, և վստահաբար պետք է նշեմ, որ «Արձագանք» ամսաթերթը միշտ էլ աչքի է ընկել հետաքրքիր ու որակյալ հոդվածներով՝ լայնորեն լուսաբանելով, թե՛ Կիպրոսի հայ համայնքում, թե՛ Հայաստանում, և թե՛ տարբեր սփյուռքյան համայնքներում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները:
Շնորհակալության իմ խոսքն եմ ուզում հղել նաև ամսաթերթի խմբագրության բոլոր տարիների խմբագիրներին, աշխատակիցներին և հովանավորներին, որոնց անխոնջ ու հետևողական աշխատանքների շնորհիվ լրատվամիջոցը գոյատևել և ունի իր ուրույն ու գեղեցիկ ձեռագիրը:
Վստահ եմ, որ ամսաթերթի ներկայիս խմբագրակազմը դեռևս շատ անելիքներ ունի՝ ներկայացնելու, լուսաբանելու և հայության լայն շրջանակներում տարածելու հայ ազգի անցյալն ու ներկան, և միաժամանակ համոզված եմ, որ ձեր խանդավառ ու ակտիվ գործունեությամբ այդ անելիքներն ու ծրագրերը նույնքան հետևողականորեն կյանքի կկոչեք հանուն բոլորիս համընդհանուր նպատակների:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ հոբելյանի առթիվ և մաղթում բոլորիդ նորանոր հաջողություններ, բազում ձեռքբերումներ և կամք` շարունակելու ձեր ազգանպաստ ու նվիրական գործը:
Հարգանքով՝
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ