«Ջիվանու թողած ժառանգությունը հարազատ է յուրաքանչյուր հայ մարդու».Հրանուշ Հակոբյան

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ ՋԻՎԱՆՈՒ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵԾՆ ԱՇՈՒՂԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

 Սիրելի´հայրենակիցներ,

Ինչպես չհիանալ, չհպարտանալ ձեզանով, որ այսքան հետևողականորեն Ջավախք աշխարհում մեծերին նվիրված տոնակատարություններ եք անցկացնում և ցնցում Հայկական աշխարհը:

Ուրախալի է, որ 2016-ը Մեծն աշուղի՝ ազգային մշակույթում ունեցած ներդրման, նրա ողջ վաստակի գնահատման տարին է, և բազմաթիվ միջոցառումներ են կազմա­կերպ­­վում ոչ միայն նրա ծննդավայրում, այլև Հայաստանում և Սփյուռքում, ինչը հերթական անգամ ապացու­ցում է, որ Ջիվանու թողած ժառանգությունը հարազատ է յուրաքանչյուր հայ մարդու և պիտի ապրի այնքան, որքան ապրում է հայ ժողովուրդը:

Ջիվանին էր, որ հիմք դրեց ազգային աշուղական երգի և մեզ ժառանգեց մաքրամաքուր մեղեդիներ, յուրօրինակ բանաստեղծություններ, որոնք մեր երգարվեստի և գրականության անգին գոհարներից են:

Ջիվանին իր փիլիսոփայական մեկնաբանություններով կարողացել է իրավմամբ տալ կյանքը՝ իր հմայքով ու դառնությամբ, ապրելու, արարելու կամքն ու մենության ցավը, հայրենասիրությունն ու ընկերասիրութ­յունը, հավատարմութ­յունն ու անձնազոհությունը, այլ կերպ ասած՝ այն, ինչ մարդկային է, ինչն այնքան հաճախ ընկճում կամ վեհացնում է մեզ: Նրա աշխարհընկալումը հարազատ է շատերին, և հենց դրանում է Ջիվանու մեծագույն գաղտնիքը:

Ծառայելով սեփական ժողովրդին և նրա զգացումների և հույզերի թարգմանը լինելով՝ աշուղ Ջիվանին դարձել է նրա ձայնը՝ ընդդեմ անարդարության ու կեղծիքի՝ բարության ու լավատեսության սերմեր ցանելով ամենուր. «Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան…»:

Ջիվանին ու նրա նմաններն են, որ հետք են թողել հայ մշակույթում, և նրանց հիշատակը վառ պահելով, նրանց մեծարելով և նրանց ժառանգությունը ներկայացնելով է, որ պիտի կարողանանք 21-րդ դարում մատաղ սերունդը հայ, ազգային արմատներին կառչած պահել:

170-ամյա հեռվից Ջիվանին մեզ ներկայանում է արդիական ու սիրելի, և այս գեղեցիկ տոնակատարությունը, նրա անվան տուն-թանգարանի բացումը մեր երախտիքի ու շնորհակալության արտահայտությունն է մեր աշուղի անվան և գործի հանդեպ:

Ուրախ եմ, նաև ապրում եմ անսահման հպարտության այն զգացումը, որ կարող է պարուրել իրենց ազգային արժեքներին մշտապես հավատարիմ ու դրանց նվիրյալ ջատագով ու պաշտպան իմ հայրենակիցների հերթական նվաճումը, որ տոնի գաղափար ստեղծելուց բացի, համախմբող դեր է ստանձնում, սոսկ մշակութային միջոցառում լինելուց բացի, մնայուն արժեք է ստեղծում, որը պիտի հավերժանա տարիների ու դարերի մեջ:

Շնորհավորում եմ բոլորիս, ողջունում հայանպաստ այս նախաձեռնությունները և հայտնում իմ շնորհակալությունը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանին և խորհրդի անդամներին, որ նպատակադրվեցին ու ստեղծեցին Աշուղի տուն–թանգարանը,  այն բոլոր հասարակական-մշակութային գործիչներին, մտավորականներին, արվեստագետ­ներին ու ճարտարապետներին, որոնց համատեղ ներդրման ու ջանքերի արդյունքում ջավախահայության ու համայն հայության համար կառուցվեց ևս մեկ հոգևոր-մշակութային հաստատություն:

Բարին ընդ ձեզ:

  Լավագույն բարեմաղթանքներով՝

  ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Scroll Up