«Դրսում մենք պետք է կարողանանք ստեղծել ու հզորացնել հայկական լոբբին». Սերգեյ Սայադով
«Հայկական աշխարհը համացանցում» երկօրյա գիտաժողովի մասնակից, Ռուսաստանի «Դոնի Նախիջևան հայկական համայնք» կազմակերպության գործադիր տնօրեն, «Հայազգ» հիմնադրամի համացանցային հանրագիտարանի ղեկավար, պատմաբան Սերգեյ Սայադովի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
-Պարո՛ն Սայադով, համացանցային ոլորտին նվիրված այս համաժողովն ի՞նչ է տալիս մասնակիցներին:
-Ես շատ եմ կարևորում այս գիտաժողովը, որովհետև մենք համացանցային ոլորտում շատ մեծ խնդիրներ ունենք՝ կապված տեղեկատվական տեխնոլոգիաների հետ: Գիտաժողովը հնարավորություն է ընձեռում փորձագիտական վերլուծություններ անել, գնահատականներ տալ համացանցային տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը աշխարհի տարբեր երկրներում: Մենք սփռված ժողովուրդ ենք, հայերի մեծ մասն ապրում է Հայաստանի սահմաններից դուրս, ուստի մեզ համար շատ կարևոր է հեռահաղորդակցման, կապի միջոցների դերը շփումների, համագործակցության առումով, տվյալների շտեմարանի և տեղեկատվական բոլոր նախագծերի խորացումն ու զարգացումը:
-Ձեր կարծիքով համացանցը ո՞ր ոլորտում պետք է առավել զարգացում ապրի, որտե՞ղ ենք թերանում:
-Գիտաժողովում խոսվեց այն մասին, որ մենք շատ լրջորեն ետ ենք մնում ներկայիս քաղաքական իրադարձություններին արձագանքելու հարցերում. այդ առումով գիտաժողովի բոլոր մասնակիցները համակարծիք էին: Կամ չենք արձագանքում կամ էլ՝ շատ ուշ ենք արձագանքում՝ ունենալով լավ մասնագետներ: Գործողությունների անհամաձայնությամբ պայմանավորված՝ մենք դանդաղ, ուշ ենք արձագանքում և ժամանակավրեպ է դառնում մեր աշխատանքը: Մենք ոչ միայն պետք է արձագանքենք, այլև՝ առաջ անցնենք, հզորացնենք, առաջարկենք մեր տեսակետները, ներառենք արտերկրի փորձագետների, այդ հարցերով լավագույն մասնագետների կարծիքները: Ես Ռուսաստանում ունեցած իմ զեկույցում ասել եմ, ընդգծել եմ, որ ասենք՝ Արցախի և Ադրբեջանի հետ կապված նորությունների 50%-ից 48%-ը ադրբեջանական կեղծ նորություններ են, և դա շատ է ազդում ռուս ընթերցողի վրա, տպավորվում նրանց պատկերացներում: Չմոռանանք, որ Ռուսաստանում գրեթե 3 միլիոն հայություն է ապրում, և դա ասում է այն մասին, որ մենք պարտություն ենք կրում այնտեղ, որտեղ պետք է կարողանայինք բացառապես հաղթել:
-Շարունակու՞մ եք Ձեր գիտական աշխատանքը թե՞ այս ոլորտում ծավալած գործունեությունը, հասարակական աշխատանքը խանգարում է:
-Ես հասցնում եմ կատարել ինձ վստահված բոլոր աշխատանքները և շարունակում եմ նաև գիտական աշխատանքս. հաջորդ տարի պատրաստվում եմ Երևանի պետական համալսարանում պաշտպանել դոկտորականս՝ պատմության գծով:
–Պարո՛ն Սայադով, որքանո՞վ է հայկական համացանցային դաշտը պաշտպանված արտաքին աշխարհից, հարձակումներից:
-Կա անվտանգության երկու տեսակ՝ հոգեբանական անվտանգություն և ֆիզիկական: Այն ազգի համար, որի մեծ մասն ապրում է օտարության մեջ, շատ կարևոր է հոգեբանական անվտանգությունը, այն է՝ պահպանել ինքնությունը, կապը Հայրենիքի հետ , սակայն պակաս կարևոր չէ ֆիզիկական անվտանգությունը. հիշենք ապրիլյան դեպքերը: Անհրաժեշտ է թե պետական,՛թե՛ դիվանագիտական մակարդակով այնպիսի քաղաքականություն վարենք, որն առաջին հերթին համընկնի մեր՝ հայ ժողովրդի շահերին: Քաղաքականության մեջ շատ կարևոր է ուժի գործոնը. մենք չունենք այդպիսի գործոն, սակայն ունենք լոբբի, այսպես կոչված՝ հինգերորդ իշխանություն, ճակատ, որը ձևավորված չէ: Հայկական լոբբի կա միայն Ամերիկայում, որը երբեմն զիջում է ուրիշներին, իսկ Ռուսաստանում մենք չկարողացանք ձևավորել հայկական լոբբի, այն չի ձևավորվել նաև ուրիշ երկրներում…
-Ո՞րն է դրա պատճառը…
-Գուցե պարադոքս թվա իմ ասածը, սակայն մենք կարիք ունենք քարոզչության նախարարության, վարչության (անվանումն, իհարկե, պայմանական է). ինչ-որ ձևաչափով պետք է ունենանք այդպիսի կառույց՝ թեկուզ՝ ինստիտուտ անվանմամբ: Հայաստանում պետք է տարվի այդ քարոզչությունը, իսկ առաջին հերթին պետք է ամենայն մանրամասնությամբ ծանոթ լինեն, թե ինչ է կատարվում դրսում, և այդ ամենը պետք է արտացոլվի համացանցում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 2015թ. ապրիլի 24-ին մենք Դոնի Ռոստովում նախադեպը չունեցող շատ մեծ միջոցառում կազմակերպեցինք, որին մոտ 15 հազար մարդ էր ներկա. մենք կարողացանք Դոնի Ռոստովում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը հրավիրել տեղի իշխանական բոլոր թևերին, Դոնի Ռոստովի մարզի խորհրդարանը 1 րոպե լռությամբ հարգեց Ցեղասպանության զոհերի հիշատակը, անգամ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները ծաղկեպսակ խոնարհեցին այդ հուշարձանի մոտ. այդ ամենը գաղափարական ճիշտ և նպատակասլաց աշխատանքի արդյունք էր. ո՞վ իմացավ այդ մասին…Այսինքն՝ քարոզչական աշխատանքը շատ կարևոր է: 10 տարի ես սիրով զբաղված եմ «Հայ ազգ» նախագծով, կարծում եմ՝ այն գործիք է, միջոց է, որը ես առաջարկում եմ ակտիվորեն օգտագործել ու դրա համար ոչինչ չեմ ակնկալում. ես ոչինչ չեմ խնդրում, ես առաջարկում եմ: Այսքա՛նը: Սպասե՛նք հաջորդ գիտաժողովին:
-Շնորհակալությու՛ն, պարոն Սայադով: Հաջողություն եմ մաղթում Ձեր ծավալած բազմաբովանդակ ու հայրենանվեր գործունեությանն ու նորանոր նվաճումներ մաղթում գիտության բնագավառում:
Կարինե Ավագյան