«Համացանցային դաշտում պետք է ավելի զորեղ լինենք». Տեր Պետրոս վրդ. Մանվելյան

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության լսատեսողական բաժանմունքի վարիչ Հոգեշնորհ Տեր Պետրոս վարդապետ Մանվելյանը մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ օգոստոսի 25-ից 26-ը իրականացրած  «Հայկական աշխարհը համացանցում» միջազգային գիտաժողովին: Հայր սուրբը ներկայացրել է «Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության առաքելությունը համացանցի ճանապարհով» զեկուցումը:

Գիտաժողովի աշխատանքերի ավարտից հետո «Հայերն այսօրի» հետ զրույցում նա խոսել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից Սփյուռքում հայկական ինքնության պահպանմանը, հոգևոր դաստիարակությանը նպաստող ծրագրերի ու ձեռնարկների մասին.

«Համացանցի ներկայությունն այսօր մեր կյանքում ամենուրեք է և յուրաքանչյուր  մակարդակում զգալի: Հայ ժողովրդի համար, այսպես կոչված, համացանցի հարցը հրատապ  է, որովհետև այս  մշակույթն ուղղակիորեն  առնչվում է հայի  ինքնության, մարդակերտումի, հայակերտումի մեր աշխատանքների հետ, և բոլոր վայրերում տեսնում ենք համացանցի անդրադարձը: Հայ  եկեղեցին  ոչ  միայն  հոգևոր կյանքի կռվան է, այլև հայկական ինքնության պահպանման կարևորագույն դերակատարումն է հատկապես սփյուռքյան կյանքում: Հետևաբար, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, որպես Սփյուռքի ազգային և հոգևոր կենտրոն, հսկայական աշխատանք է կատարել ու շարունակելու է կատարել ներկա արհեստագիտության հարթակների վրա՝ համաքայլ ընթանալով այսօրվա պահանջներին:

Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոսությունը մեծ նշանակություն է տալիս համացանցային գործունեությանը, որպեսզի հայությանն ակտիվորեն ներկայացնենք նաև համացանցի միջոցով:

Կաթողիկոսությունն ունի իր պաշտոնական` www.armenianorthodoxchurch.org կայքը, որտեղ օպերատիվ լուսաբանվում է  ինչպես Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի, այնպես էլ՝ կաթողիկոսարանի ընթացիկ աշխատանքերը:

Կայքի ֆեյսբուքյան էջում նաև օտարազգի օգտատերեր են հետևում կաթողիկոսության գործունեությանը, այդ թվում՝ նաև թուրքերն ու ադրբեջանցիները: Նրանք նույնիսկ գրառումներ են կատարում այնտեղ: Սա նշանակում է, որ համացանցային դաշտում պետք է համահայկական մոտեցում ցուցաբերենք և ավելի զորեղ լինենք:

Մեր գործունեության պերճախոս վկայությունն այս տարվա ընթացքում Վեհափառի տնօրինությամբ երկու կարևոր նախաձեռնությունների իրականացումն էր:

Առաջինը՝ հունվար ամսին տեղի ունեցած «Ընկերային լրատվամիջոցները և նրանց ազդեցությունը հայի ինքնության վրա»  թեմայով զրույց-քննարկումն էր:

Շատ արդյունավետ քննարկումներ ծավալվեցին: Մասնակից երիտասարդներն իրենց մտահոգությունն արտահայտեցին համացանցի դրական և բացասական ազդեցությունների վերաբերյալ:

Երկրորդ կարևոր ձեռնարկը հուլիսին գումարված երիտասարդական մեկօրյա՝ «Ընկերային ցանցերը և հայ երիտասարդները» խորագրով համագումարն էր, որին աշխարհի տարբեր թեմերից շուրջ 100 հայ  երիտասարդներ մասնակցեցին: Համագումարի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, խոսվեց համաշխարհայնացման այս դարաշրջանում համացանցի միջոցով հայ մնալու գաղափարի մասին»:

Գևորգ Չիչյան

Scroll Up