«Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովը ՝ կարևոր ու արժեքավոր նախաձեռնություն
ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ ԵՊՀ-ի Ռիտա և Վարդգես Պալյանների անվան դահլիճում մեկնարկած «Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովին տարբեր երկրներից մասնակցող ոլորտի ներկայացուցիչները հիմնականում անդրադարձել են նորարարական տեխնոլոգիաներով հագեցած համաշխարհային առումով բարձր մակարդակի հասած համացանցին և նույն այդ աշխարհում՝ հայկական համացանցային ոլորտին: Զմմառի Սուրբ Տիրամոր վանքի փոխտեսուչ վարդապետ Մաշտոց Զահթերյանը, անդրադառնալով Հայ Կաթողիկե եկեղեցու պաշտոնական կայք-էջին, նշեց նաև, որ կայքը ներկայումս ծայրահեղական իսլամիստների կողմից հարձակման է ենթարկվել, ջարդվել է և առայժմ չի գործում: Մանրամասնելով ներկա օրերում համացանցի հզոր դերը, վարդապետը ներկայացրեց նաև Հայ կաթոլիկ պատրիարքության կենտրոնի՝ Զմմառի վանքի ծավալած գործունեությունը կյանքում և դրա արտացոլումը համացանցում :
«Զմմառի՝ 5 տարուց ավել գործող կայքն ունի զանազան բաժիններ, որոնց մեջ կարող եք տեսնել մեր առաքելությունը համացանցում. ներածականի մեջ ունենք միաբանական, քահանայական, եկեղեցական, կղերական կոչումների մասին, աղոթքներ, պատկերազարդ էջեր, հիշարժան պահեր, տոնական եղելություններ և ժամանակագրություն: Իսկ անդրադառնալով մեր միաբանությանը՝ այնտեղ կտեսնեք պատմականը, ես չեմ ուզում պատմական ոչ մի ակնարկ տալ. կարող եք մեկ ամիս հետո ամբողջությամբ ծանոթանալ կայքի միջոցով: Մենք պատրիարքական աթոռի մասին ունենք մեր կանոնագիրքը, որտեղ ցույց է տրված, թե ինչպես են կանոնակարգված մեր կյանքը, ժողովները, պատրիարքական փոխանորդը, ով միևնույն ժամանակ վանքի մեծավորն է և վարչական խորհրդի միաբան անդամը: Աշխարհի 4 ծագերից Զմմառի միաբաններից որևէ մեկի հետ կապ հաստատելու ցանկություն ունեցողները պետք է այցելեն միաբանության կայք, մտնեն «Միաբան անդամներ» կայք-էջ, որտեղ կգտնեն նախընտրած միաբանի հասցեն, հեռախոսահամարը, պաշտոնը, ծառայության վայրը: Միաբանության կողքին կարևորվում են նաև Դպրեվանքը և Ընծայարանը, ուր նախապատրաստվում են ապագացուները: Նրանց համար նույնպես երկու հատուկ էջեր ենք պատրաստել. ունենք Սուրբ Միքայել փոքր դպրեվանքը, որը մենք Ընծայարան ենք անվանում և ունենք Երանելի Իգնատիոս Մալոյանի մեծ դպրեվանքը, որտեղ համալսարանական ուսանողներն իրենց իմաստասիրական և աստվածաբանական ուսումն են առնում: Նրանց էջերի վրա մենք տեղադրում ենք քարոզներ, ուսումնասիրություններ. այն , ինչ որ նրանք համալսարանում ներկայացնում են: Անշուշտ, Զմմառի վանքը նաև սրբավայր է, որտեղ գտնվում է հրաշագործ Տիրամոր մատուռը, ուր աշխարհի չորս կողմերից ուխտի են գալիս, ունենք Մարդինում նահատակված արքեսպիսկոպոս Երանելի Մալոյանին նվիրված Մեծ Ամֆիթատրոնի բացման հանդիսությունը, որը կարող եք տեսնել լուրերի բաժնում , ինչպես նաև՝ մեր ներքին հոգևոր կյանքի մասին տեղեկություններ, որտեղ առաջին հերթին վանքում տեղի ունեցող ծիսական արարարողություններն են, ապա՝ երեկոյան աղոթքները: Զմմառի վանքը նաև մշակութային մեծ կենտրոն է, որովհետև ունի 100 հազարից ավել գրքերով մատենադարան, ձեռագրատուն, ուր պահվում են շուրջ 2000 ձեռագրեր, որոնցից 200-ը՝ օտար լեզուներով, ունենք արժեքավոր նմուշներով, հարուստ հավաքածուուով թանգարան, վեհարան, մատուռ, հնատիպ գրքերի մաս, ընթերցասրահ, որի բացումը կլինի հոկտեմբերի սկզբներին: Զմմառի վանքն ունի 1800-ականներից գործող հատուկ մառաններ և հայտնի է իր համեղ ու ընտիր գինիների տեսակներով, դրանք արժևորելու համար հատուկ կայք է պատրաստված, որն այժմ կոտրված է և չի գործում: Այն անձը, ով մուտք կգործի մեր կայք, կկարողանա ամբողջական պատկերացում կազմել Զմմառի վանքի միաբանության պատմության, պատրիարքության, վանքի ներքին հոգևոր կյանքի մասին, Նոր ընծայարանի և Դպրեվանքի մասին: Մեր կայքի ժամանակագրության էջը լեցուն է լուրերով, օրինակ՝ Հայաստանի նոր դեսպանի այցելությունը Զմմառի վանք և այլ լուրեր: Այս գիտաժողովի լուրն երեկ ես անմիջապես տեղադրեցի մեր ֆեյսբուքյան էջում, դրանից առաջ արդեն տեղադրվել էր Ամֆիթատրոնի պաշտոնական հանդիսության լուրը: Մեր աշխատանքը լուրը, եղելությունը ժամանակին աշխարհին հասցնելն է: Կմաղթեմ, որ այսպիսի հարձակման ոչ մի կայք չենթարկվի, որովհետև 4 տարվա ընթացքում մեր կատարած ամբողջ աշխատանքը նորից պետք է անենք մի քանի ամսում, անշուշտ՝ նոր դիզայնով, նոր ընթացքով. երբ հարձակման ենք ենթարկվում, ամեն բան ջարդվում է. գրություններն են մնում միայն, էջ չի մնում: Այդ օրը, երբ կայքը բացեցինք, առաջին էջում իսլամիստների դրոշն էր տեղադրված և իրենց աղոթքներից մեկը. աշխատեցինք երկու օր, որպեսզի կարողանանաք վերադարձնել մեր էջը: Բոլոր կարևոր պատմական իրադարձությունները տեղադվում են «Հատուկ հիշարժան պահեր» էջում: Պատրիարքական կայք-էջը, որտեղ ես չեմ աշխատում, սկսել է գործել 2005-ից. այն ներկայացնում է եկեղեցու Նվիրապետության պատրիարքության աթոռի պատմությունը, ինչպես նաև այն թեմերի պատմությունը, որոնք գործում են ուրիշ երկրներում, Մխիթարյան միաբանության պատմությունը, Անարատ Հղության հայ քույրերի միաբանության կաթոլիկական ուսումնակրթական հաստատության պատմությունը: Ներկայացվում են այն բոլոր հաստատությունները, որոնք գործում են իշխանության և պատրիարքական թեմի հովանու ներքո. այսինքն՝ դպրոց, որբանոց, դարմանատուն, երգչախմբեր, Տիկնանց միություն, Երիտասարդական միություն, Ժառանգավորաց վարժարան, թերթեր, ամսագրեր, հրատարակություններ և այլն: Կուզեմ նշել, որ 2007-ին առաջին անգամ սկսեց գործել «Նռան ձայն» շաբաթական հոգևոր հաղորդումը և, ցավոք, տևեց մոտավորապես մեկ տարի. այն ներառում էր և՛ լուրեր, և՛ հոգևոր թեմաներով զանազան նյութեր: Մեր ցանկությունն է, որ այսպիսի հաղորդաշարերն ու հաղորդումները չդադարեն գործել: Կմաղթեմ, որ համացանցը՝ հաղորդակցության նման կարևոր միջոցը և ապահով կայքեր ունենալը այս նոր աշխարհը դարձնի ավելի մատչելի մեզ համար, սրտերը իրար մոտեցնի. թո՛ղ համացանցը լինի հարատև կամուրջ Հայաստանի և Սփյուռքի միջև, կարողանանք այդ միջոցով ամբողջ աշխարհին ճիշտ ձևով ներկայացնել մեր մշակույթը, մեր հոգևոր արժեքները, որոնց մի ստվար մասը հայ եկեղեցիների մեջ է պահվում. դրանք պետք է կարողանանք արժևորել ու կյանքի կոչել»,- իր ելույթում մասնավորապես նշեց վարդապետ Մաշտոց Զահթերյանը:
Գիտաժողովը հասարակական, գիտական, տեղեկատվական առումներով լավագույն և ցանկալի հարթակն էր, որի շրջանակներում գիտաժողովի մասնակիցները կարողացան ներկայացնել իրենց ծավալած գործունեությունը համացանցում և համագործակցության կամուրջներ կապել, փորձի փոխանակում անել՝ գտնելով համացանցում աշխատելու առավել նորարական, արդյունավետ մեթոդներ:
Կարինե Ավագյան
Աղբյուրը՝ «Հայերն այսօր»