ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Նալբանդյան գյուղի միջնակարգ դպրոցի բացման արարողությանը

Օգոստոսի 29-ին  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը  մասնակցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի բարերարներ տեր և տիկին Արմեն և Պերճուհի Նալբանդյանների հովանավորությամբ հիմնանորոգված Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի միջնակարգ դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին  ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը և այլ հյուրեր:

Շնորհակալություն հայտնելով տեր և տիկին Նալբանդյաններին իրենց կատարած ազգանանվեր գործի համար՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, այսօր իսկապես տոն է Նալբանդյան գյուղում: Ուսումնական տարվա նախաշեմին ձեր գյուղում այսպիսի բարեկարգ դպրոցի բացումը լավագույն նվերն է Նալբանդյան ընտանիքի կողմից: Ամենահուզիչն այն է, որ ամենակրտսեր Նալբանդյանը ևս հյուր է եկել մեզ և ուրախանում է իր տատիկի և պապիկի մեծ բարերարությամբ: Ես ցանկանում եմ նաև  շնորհակալություն հայտնել դպրոցի ուսուցիչներին, մանկավարժներին, ովքեր ազգի նվիրյալներ են, որ կարողանում են մարդ կերտել՝ հայ մարդ: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ սիրելի աշակերտներ, մաղթում մեծ նվաճումներ գիտելիքների աշխարհում,  բարի երթ  նոր ուսումնական տարում»:

Նալբանդյան ընտանիքի անմիջական աջակցությամբ 1967 թվականին կառուցված դպրոցի երեք մասնաշենքերը մեկ տարուց ավելի տևած շինաշխատանքների արդյունքում վերակառուցվել են, արդիականացվել, համալրվել նոր կահույքով ու գույքով: Բարեկարգվել է նաև դպրոցի հարակից տարածքը,«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցվել է նաև նոր մարզադահլիճ:

Արդեն ժամանակակից ուսումնական հաստատության չափորոշիչներին համապատասխանող 600 աշակերտներ ունեցող կրթօջախը, որտեղ իրականացվում է միջնակարգ, ներառական և նախադպրոցական ուսուցում, պատրաստ է սկսել նոր ուսումնական տարին:

12

Scroll Up