ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Իրանում հրատարակվող «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/10/101.jpg)
Հոկտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Իրանում հրատարակվող «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանին:
Հանդիպման ընթացքում նախարարը հյուրին ծանոթացրեց ՀՀ սփյուռքի նախարարության 5-ամյա գործունեության արդյունքներին:
Դերենիկ Մելիքյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին՝ նշելով, որ հպարտ է Սփյուռքի նախարարության կողմից մեծ ուշադրության, հոգատար վերաբերմունքի, ինչպես նաև արդյունավետ համագործակցության համար: Խմբագրի խոսքով՝ «Ալիք» օրաթերթը, չնայած միշտ էլ ձգտել է ակտիվորեն լուսաբանել ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը, սակայն արվածը բավարար չի համարում և այսուհետև կձգտի ավելի օպերատիվ ներկայացնել ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած միջոցառումները, իրականացրած ծրագրերն ու աշխատանքները:
Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Սփյուռքում հայոց լեզվի տարածման և հայապահպանության համար «Մայրենիի դեսպան» մեդալով պարգևատրեց Դերենիկ Մելիքյանին՝ մաղթելով նրան արգասաբեր գործունեություն և հաջողություններ: