«Հետայսու ամերիկյան օրացույցում ապրիլի 24-ը հիշատակի օր է նշվելու».Գլենդելի կրթական խորհրդի անդամ
«Հայերն այսօրը» զրուցել է Գլենդելի կրթական խորհրդի անդամ Արմինե Կարապետյանի հետ՝ պարզելու օվկիանոսից անդին ծավալվող աշխատանքերի մասին, որի կիզակետում սփյուռքահայ երեխաներին Հայաստանի շուրջ համախմբելը և Մայրենիին անդավաճան պահելն է:
-Տիկի՛ն Արմինե, Գլենդելի կրթական խորհրդի գործունեության նպատակը ո՞րն է:
– Նախ ասեմ, որ կրթական խորհուրդը 5 անդամներից է բաղկացած, որոնցից մեկն էլ ես եմ: Այս տարի ամենայն հավանականությամբ՝ խորհրդի նախագահն եմ դառնալու:
Մենք վեր ենք բարձրացնում դպրոցական բոլոր հարցերն ու առաջացած խնդիրներին լուծում տալիս, ինչպես նաև՝ կրթական որոշումներ ենք կայացնում: Դպրոցների կողմից նոր ձեռնարկ կամ ծրագիր իրականացնելու դեպքում, մենք պետք է տեղյակ լինենք, նույնիսկ կարող ենք փոփոխություններ կատարել:
Գլենդելի կրթական խորհուրդը միակն է Ամերիկայում, որի ջանքերի շնորհիվ ամեն տարի ապրիլի 24-ին բոլոր դպրոցները փակ են լինում:
Այս տարի նաև մի բանաձև ստորագրեցինք և հետայսու ամերիկյան օրացույցում ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր է նշվելու: Միչիգանի նահանգն էլ ամերիկյան կրթական ծրագրերում Հայոց ցեղասպանության թեման ներառելու օրինագիծը վավերացրեց:
– Հայաշատ Գլենդելում հայ աշակերտների թիվը որքա՞ն է: Նրանց հայեցի կրթություն տալու ուղղությամբ ի՞նչ ծրագրեր եք իրականացնում:
-Գլենդելում շուրջ 26 հազար աշակերտ է սովորում, նրանց շուրջ 40 տոկոսը հայեր են:
Իհարկե, նրանց Մայրենին սովորեցնելը և Հայրենիքի հետ կապն ամուր պահելը բոլորիս մտահոգությունն է:
Ունենք «Duel immersion» կամ «Flag Program» կոչվող հատուկ ծրագիրը, որի շրջանակներում բոլոր առարկաները դասաժամի կեսը հայերեն, իսկ մյուս կեսը՝ անգլերեն են դասավանդվում: Այսինքն՝ միաժամանակ երկու լեզուներով աշակերտները հիմնարար գիտելիքներ են ստանում: Անշուշտ, հայերեն լավ սովորելուն առանձնակի մոտեցում է ցուցաբերվում:
Արդյունքն ուշացնել չի տալիս. աշակերտները դասերից հետո սկսում են բարելավել հայոց լեզվի իմացության մակարդակը և զարգացնել բառապաշարը: Փաստը ցույց է տալիս, որ այս միջոցով նրանք ավելի լավ են ըմբռնում իրենց հաղորդվող տեղեկատվությունը:
– Իսկ ի՞նչը հիմք հանդիսացավ նմանօրինակ ծրագիր ստեղծելու համար:
-Մի քանի տարի առաջ դպրոցներում աշակերտների թիվը քիչ էր: Հավանաբար նոր աշակերտներ հավաքելու նպատակով ստեղծվեց այս ծրագիրը՝ արժանանալով մարդկանց բուռն արձագանքին:
Հիմա արդեն կարող ենք վստահ ասել, որ այս ծրագրով հետաքրքրված են ոչ միայն Գլենդելի, այլև Ամերիկայի շատ ուրիշ քաղաքների աշակերտներ:
-Տիկի՛ն Արմինե, այնուամենայնիվ, ամերիկաբնակ հայ երիտասարդներն այսօր որքանո՞վ են պահպանում հետաքրքրությունը Մայրենիի հանդեպ և սերն առ Հայրենիք:
–Կարծում եմ՝ այս հարցում մեծ դերակատարում ունեն սփյուռքահայ երիտասարդների ընտանիքները, հատկապես՝ ծնողները: Նրանք առաջին հերթին պետք է իրենց երեխաների ապագայի մասին մտածեն, հայրենասիրական ոգով դաստիարակեն՝ թույլ չտալով ձուլվելու օտար միջավայրին:
Իհարկե, Գլենդելի հայկական համայնքը նույնպես կազմակերպված և լայնածավալ աշխատանքներ է իրականացնում այս ուղղությամբ:
Գործում եմ հայկական պարի և երգի խմբեր, որտեղ պատանիներն ու աղջիկները հաճախելով՝ կարողանում են հաղորդակցվել հայկական մշակութային արժեքներին:
Մենք նույնպես տարբեր կրթական հաստատությունների հետ համագործակցելով՝ հայապահպանական ծրագրեր, ամառային ճամբարներ ենք կազմակերպում:
Օրինակ, ամենահաջող ծրագրերից էր՝ ապրիլին Գլենդելի գրադարանում բացված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հայ-ամերիկյան “Armenia An Open Wound” ժամանակավոր ցուցահանդեսին Գլենդելի Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության շուրջ 600 աշակերտների մասնակցությունը:
Ճանաչողական էքսկուրսիա կատարելով գրադարան՝ նրանք ներկայացված ցուցապաստառների միջոցով ծանոթացան Հայոց ցեղասպանության արյունալի էջերին:
–Հայաստանի հետ կապված ի՞նչ ծրագրեր, գաղափարներ ունեք, որոնք կարելի է գործի վերածել:
–Մեր գործունեության ընթացքում միշտ մտածում ենք Հայաստանի հետ համագործակցության մեջ գտնվել և համատեղ ուժերով տարբեր ծրագրեր իրականացնել:
Երբ այս տարի Հայաստան կատարած այցելության ժամանակ ամուսնուս՝ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Կարապետյանի հետ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հանդիպեցինք, նրան առաջարկեցինք Հայաստանի և Ամերիկայի հայ աշակերտների միջև կապը սերտացնելու, ընկերային հարաբերություններ ձևավորելու և աշակերտական փոխայցելություններ կազմակերպելու համար համագործակցության ծրագրեր մշակել: Շատ ենք ուզում նաև հաջորդ տարվա ամռանը վերապատրաստման նպատակով ուսուցիչներ գործուղել Հայաստան:
Հրանուշ Հակոբյանը մեծ սիրով ընդունեց առաջարկը և պատրաստակամություն հայտնեց միասնաբար իրականացնել ազգանվեր գաղափարը: Նա նաև հավելեց, որ ծրագիրը կյանքի կոչելով՝ այն Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման տեսանկյունից յուրօրինակ կամուրջ կհանդիսանա, հատկապես որ խոսքը հայ երիտասարդներին է վերաբերում:
Հարցազրույցը՝ Գևորգ Չիչյանի