«Արի տան» մասնակիցները հայրենիք վերադառնալու և Հայաստանը շենացնելու մեծ ձգտում ունեն

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի մասնակից Նոնա Մինասյանը հայրենիք է եկել Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքից: 17 տարեկան է, ծնվել է Հայաստանում, մեկ տարի դպրոց է հաճախել: Կյանքի բերումով 2007 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան, սակայն հայրենիքի հանդեպ ունեցած սերը երբեք չի մարել:

«Ես միշտ շատ եմ սիրել Հայաստանը ու երբ այստեղից հեռու եմ լինում, շատ եմ կարոտում: Ռուս ընկերներիս այնքան եմ պատմել Հայաստանի մասին, որ նրանք արդեն ինքնուրույն են սկսում հետաքրքրվել ու համացանցում տեղեկություններ փնտրել: Անգամ ցանկանում են Հայաստան գալ, հայերեն սովորել, երբեմն ինձանից բառերի նշանակությունն են հարցնում»,-«Հայերն այսօրի» թղթակցի հետ զրույցում պատմում է Նոնան, ով Հայաստանից մեկնելուց հետո արդեն 3-րդ անգամ է այցելում հայրենիք:

«Երբ մեկնելուց հետո առաջին անգամ եկա Հայաստան, շատ մեծ փոփոխություններ զգացի, երկիրս ավելի էր գեղեցկացել: Ուրախ եմ, որ մասնակցում եմ «Արի տուն» ծրագրին: Շրջագայությունների ընթացքում ինձ շատ է տպավորել Գառնիի հեթանոսական տաճարը և Գեղարդի բնությունը»:

Նոնա

Զրույցի ընթացքում Նոնան նաև նշեց, որ դպրոցն ավարտելուց հետո ցանկանում է գալ և ուսումը շարունակել Հայաստանում. «Մեծ ցանկություն ունեմ գալ և այստեղ ապրել, սովորել, քանի որ շատ եմ կարոտում: Ամեն անգամ, երբ Հայաստանից մեկնում եմ, ողջ տարին անհամբեր սպասում եմ, թե երբ եմ նորից հայրենիք գալու»:

«Հայերն այսօրի» մյուս զրուցակիցը՝ Վաչագան Այրումյանը, եկել է Ռուսաստանի Դաշնության Մաժասկ քաղաքից: Ծնվել է Հայաստանում, 8 ամսականում ընտանիքի հետ մեկնել է Ռուսաստան: Վաչագանը բռնցքամարտով է զբաղվում: Հայերեն գրել, կարդալ դժվարանում է, բայց ցանկություն ունի սովորելու:

Վաչագան

«Մեր քաղաքում հայեր գրեթե չկան, բայց Մոսկվայում շատ կան: Այնտեղ հայ համայնքը պարբերաբար տարբեր միջոցառումներ է կազմակերպում,- «Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց Վաչագանն ու հավելեց, որ հայրենիքը շատ է սիրում, ամեն տարի Հայաստան է գալիս և ցանկություն ունի այստեղ ապրելու,- Հայրենիքս շատ եմ սիրում, ինձ հարազատ է նրա ամեն մի անկյունը՝ Գառնին, Գեղարդը, Խոր Վիրապը: Ռուս ընկերներիս անընդհատ պատմում եմ Հայաստանի մասին, նրանց հայերեն բառեր սովորեցնում: Նրանք գիտեն, որ հայերը շատ հյուրընկալ են»:

Արփի Պետրոսյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի

Scroll Up