«Ապրե՛նք, արարե՛նք. լինե՛նք մեր Հայրենիքի, մեր մշակույթի ու արվեստի նվիրյալները, քարոզիչները». Միքայել Հայրապետյան
Հայաստան ժամանած մեր հայրենակից, դաշնակահար Միքայել Հայրապետյանին և նրա տիկնոջը՝ դաշնակահարուհի Յուլյային հյուրընկալելով ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի խմբագրությունում՝ զրուցեցինք Միքայելի` այս օրերի առաքելության մասին, որը նվիրյալ երաժշտի համար սուրբ պարտականություն է, այն է՝ վեր հանել երաժշտական աշխարհում մեծ ներդրում ունեցած և հանիրավի մոռացված հայազգի մեծ երաժիշտներին, երգահաններին: Հայաստանում ծնված, Մոսկվայում ուսանած և Չինաստանում իր մասնագիտական հմտությունները Չինաստանի երիտասարդ երաժիշտներին ուսուցանող մեր հայրենակիցը «Հայաստանի գաղտնիքները» սեփական նախաձեռնության շրջանակներում այս անգամ իր համերգային ծրագիրը նվիրել է հայ անվանի կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հարո Ստեփանյանին:
«Իհարկե, ես եկել եմ ծննդավայրիս, Հայրենիքիս կարոտն առնելու և վայելելու Հայաստանի արևը, սակայն գլխավոր նպատակս օգոստոսի 3-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի դահլիճում կայանալիք համերգս է, որը ես ամբողջովին նվիրում եմ հայ անվանի կոմպոզիտոր Հարո Ստեփանյանին: Այդ տաղանդավոր կոմպոզիտորը մասին, ցավոք, այսօր քիչ են խոսում, քիչ են անդրադառնում նրա ստեղծագործություններին. դա ինձ ցավ է պատճառում. ես ուզում եմ, որ մոռացության մշուշում չմնա և ոչ մի տաղանդավոր երաժիշտ, հաճախակի հիշենք նրանց, անդրադառնանք նրանց գործերին: Հարո Ստեփանյանը ծնվել է 12-րդ դարի անվանի պատմաբան Կիրակոս Գանձակեցու, առակագիրներ Վարդան Այգեկցու և Մխիթար Գոշի հայրենի եզերքում ՝ Գանձակում, 17 տարեկանում կամավոր մասնակցել է 1-ի համաշխարհային պատերազմին, 1919-ին մեկ տարի սովորել է Թիֆլիսի կոնսերվատորիայում, որտեղ ծանոթացել է Ռոմանոս Մելիքյանի հետ, 1923-ին սովորել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում՝ Միխայիլ Գնեսինի դասարանում, 1926-30թթ. սովորել է Լենինգրադի կոնսերվատորիայի Վ. Շչերբակովի ստեղծագործական դասարնում, 1927-29թթ. մասնակցել է Քրիստափոր Քուշկարյանի Հայաստանի տարբեր շրջաններում կազմակերպած ժողովրդական երաժշտության հավաքման արշավին, որի ընթացքում գրի են առնվել 350-ից ավելի հայկական և այլ ազգերի մեղեդիներ. դրանք հետագայում մշակվել են: Հարո Ստեփանյանն իր հուշերում գրել է, որ այդ արշավն օգնեց իրեն, որպեսզի ավելի լավ ճանաչի Հայաստանի գեղցեկությունը և խոստովանել է, որ իր ստեղծագործություններից շատերը ծնվել են հենց այդ օրերի ստացած տպավորությունների ազդեցության տակ, մասնավորապես՝ «Հե՜յ, Արագած» երգը: Այս մեծանուն կոմպոզիտորը ստեղծել է 5 օպերա, 3 սիմֆոնիա, բազմաթիվ ռոմանսներ, կամերային-գործիքային ստեղծագործություններ, կոնցերտ դաշնամուրի համար: Հարո Ստեփանյանը մեծապես նպաստել է հայ դասական երաժշտարվեստի հարստացմանն ու զարգացմանը: Նա 1930-34թթ. ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական դասարանը, 1947-ին ղեկավարել է Հայաստանի կոմպոզիտորների միությունը, 1938-ին նաև ընտրվել է Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր: Նրա մասին մի ինքնատիպ կարծիք է գրել Գնեսինը. «Հիացմունքի են արժանի Ստեփանյանի նուրբ ճաշակը, բանաստեղծականությունն ու ոճական առկայծումները»:
Այսքան մեծ ներդրում ունեցող երաժշտին մոռանալու կամ հազվադեպ հիշելու իրավունք չունենք: Ես այս՝ «Հայաստանի գաղտնիքները» նախագծի շրջանակներում, որոշել եմ անդրադառնալ երաժշտական աշխարհի նման հեղինակություններին. ինձ միշտ շատ է աջակցում հայկական ռոքի հիմնադիր, «Այաս» խմբի ղեկավար Արթուր Մեթինյանը՝ իմ խորթ հայրն ու լավ ընկերը: Իմ երաժշտական, արվեստասեր ընտանիքում (պապս՝ Հրանտ Դմիտրյուկը, դաշնամուր է նվագել, մայրս՝ Կատյա Դմիտրյուկը, նույնպես նվագել է, տատիկս ՀՀ ժողովրդական արտիստուհի, Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասանուհի Իրինա Մարչենկոն է) շատ բարձր են գնահատվել հոգևոր արժեքները. ես այդ ընտանիքում սովորել եմ սիրել երաժշտությունը, գնահատել ու սովորել մեր մեծերից, չմոռանալ դարերի խորքից եկող, Աստծուց մեծ շնորհ ունեցող բոլոր այն մարդկանց, ովքեր ուրույն ձեռագիր են ունեցել և իրենց տաղանդի դրոշմն են թողել հայկական երաժշտարվեստի պատմության էջերին: Այս նախագծի շրջանակներում շատ համերգներ ենք ունեցել. 2015-ի հունիսին Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված դասական երաժշտության համերգ կազմակերպեցինք , որի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Արմեն Տիգրանյանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունները: Մենք զբաղվում ենք հայկական դասական երաժշտության և այն կոմպոզիտորների քարոզչությամբ, ում գործերը հազվադեպ են կատարվում. կազմակերպում ենք համաշխարհային պրեմիերաներով համերգներ՝ ձայնագրելով և թողարկելով հայկական ակադեմիական երաժշտության ձայնասկավառակներ՝ Armenian Music Records-ում: 2012-ի հոկտեմբերին կազմակերպեցինք 20-րդ դարի շատ ինքնատիպ մի երաժշտի՝ դաշնակահար Էդուարդ Բաղդասարյանի կամերային ստեղծագործությունների համերգը…
Այս ընթացքը շարունակական է լինելու. ինձ համար հաճելի և պարտավորեցնող աշխատանք է. ես սիրով եմ անում այն: Մեծանուն կոմպոզիտոր Հարո Ստեփանյանին նվիրված օգոստոսի 3-ի համերգից հետո բազում անելիքներ կան: Ապրենք, արարենք ու լինենք մեր գործի նվիրյալը, մեր ազգի, մեր Հայրենիքի, մեր մշակույթի ու արվեստի քարոզիչները . դա՛ էլ առաքելություն է, որի իրագործման համար ես պատրաստ եմ ներդնել իմ մասնագիտական հմտություններն ու ներուժը: Շնորհակալությու՛ն բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցում են մեզ այս հարցում, շնորհակալությու՛ն հայ ժողովրդին, Հայաստանին, արվեստասեր հասարակությանն առհասարակ»:
…Իսկ մենք շնորհակալ ենք քե՛զ, հայրենասե՛ր հայորդի. շնորհակալ ենք քո բացառիկ աշխատանքի ու նվիրումի համար:
Կարինե Ավագյան