«Արի տուն» 5-րդ փուլի մասնակիցների ամփոփիչ դասը Չարենցի անվան դպրոցում
«Ով հա՜յ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Միասնականության այս պատգամն ուղերձ դարձավ 5-րդ փուլի արիտունցիների համար:
Հնաշունչ, ոսկեղենիկ հայերենի հնգօրյա դասընթացներն ամուր հենասյուն դարձան Հայրենիք ժամանած պատանիների համար, որոնցից շատերը հեռացան՝ հայերենի իմացությունը զարգացնելու և հետագայում Հայրենիքում հաստատվելու անբեկանելի վճռով: Երգ ու պարի, մեծանուն հայերի ազդեցիկ խոսքի ուղեկցությամբ միմյանց հրաժեշտ տվեցին արդեն հարազատ դարձած ուսուցիչներն ու սաները:
Երեխաները եղան նաև դպրոցի՝ Ե. Չարենցի անվան ընթերցասրահում, որտեղ ծանոթացան Չարենցի ստեղծագործություններին, ընտանեկան լուսանկարներին: Հրաժեշտ տվեցին նաև Չարենցի մասունքերն ամբարող կրթօջախին, որտեղ դպրոցի տնօրեն՝ տիկ. Անահիտ Խեչումյանի և տիկ. Շողիկ Փահլևանյանի ջանքերով, սփյուռքահայ երիտասարդները բացահայտեցին իրենց համար Ե. Չարենց հանճարը:
Բոլոր խմբերում էլ գրանցվեցին ձեռքբերումներ ու հաջողություններ՝ շնորհիվ մանկավարժների (Շողիկ Փահլևանյան, Գայանե Բարսեղյան, Աիդա Օհանյան, Սերա Շահինյան, Մաքրուհի Գևորգյան, Նարինե Գևորգյան, Լուսինե Հայրիյան, Գայանե Բաբլոյան) փորձի, ստեղծագործական մոտեցումների և մեթոդական առանձնահատկությունների:
Ցավոք, 5 օրը չափազանց քիչ էր սփյուռքահայ երիտասարդների՝ հայերենի գիտելիքները ամբողջացնելու համար: Հայաստան եկած հայորդիներն իրենց խոսքում փառաբանեցին հայոց լեզուն, հավատքն ու հայրենիքը:
Փոքրիկ միջոցառմամբ էլ հրաժեշտ տվեցինք միմյանց՝ համոզված լինելով , որ այո, մենք՝ հայերս, ամուր և հզոր, հպարտ և ուժեղ ենք մեր հողի վրա, մեր հայրենիքում…
Բարեմաղթանքի ամփոփիչ խոսքով բոլոր մասնակիցներին հրաժեշտ տվեց ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը: