Քանդակագործության և մաքրամեի մեկօրյա դաս՝ «Արի տուն» ճամբարում

«Բոլոր հայերի մեջ տաղանդի կայծեր կան. դրանք պետք է կրակ դարձնել». Գարիկ Հովհաննիսյան
Ծաղկաձորի գեղատեսիլ բնության գրկում է այն ճամբարն, ուր «Արի տուն» ծրագրի շրջանակներում հիշարժան միջոցառումներով հագեցած օրեր են անցկացնում աշխարհի տարբեր երկրներից Հայաստան եկած հայորդիները: Այդպիսի մի օր էլ նրանց պարգևեցին երիտասարդ արվեստագետ ամուսիններ Գարիկ Հովհաննիսյանն ու Հերմինե Համբարձումյանը: Գարիկն իր հետ ճամբար էր բերել ոչ մեծ խաչքար, տուֆ քարի կտորներ , քանդակելու գործիքներ՝ մուրճ, բրիչ, իսկ Հերմինեն՝ մաքրամե հյուսվածքի թելեր: ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության նախաձեռնությամբ կազմակերպված այս միջոցառումն արտասովոր եռուզեռ էր առաջացրել ճամբարում: Հանդիպման սկզբում ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» ծրագրի մշակութային հարցերով պատասխանատու, ՀՀ վաստակավոր մանկավարժ Լաուրա Ավետիսյանը սփյուռքահայ պատանիներին ու երիտասարդներին ծանոթացրեց հյուրերի հետ, ներկայացրեց նրանց առաքելությունն ու նպատակը, որից հետո Գարիկ Հովհաննիսյանը երեխաներին փոքր-ինչ ծանոթացրեց խաչքարի պատմությանը՝ ցուցադրելով իր վարպետի՝ խաչքարագործ վարպետ Վարազդատ Համբարձումյանի աշխատանքների ալբոմը, որից հետո ճամբարի բակի տարածքում Գարիկ Հովհաննիսյանը ցուցադրեց իր հետ բերած խաչքարի օրինակը, երեխաներին բաժանեց կարմիր տուֆ քարի կտորներ, աշխատանքային գործիքներ, բացատրեց քարի հետ աշխատելու ձևը, և սկսվեց աշխատանքային եռուզեռը: Թվում էր, թե քանդակելու արվեստը սովորելու ձգտումը պետք է հիմնականում հրապուրեր տղաներին, սակայն շատ աղջիկներ ևս ցանկություն հայտնեցին աշխատելու տուֆի վրա: Մաքրամեի գաղտնիքները սովորեցնող Հերմինե Համբարձումյանի շուրջ հիմնականում հավաքվել էին աղջիկները, սակայն նրանց շարքերում ևս կային մաքրամեով հետաքրքրված տղաներ: Շատերի համար մաքրամեն նորություն էր ու խոստովանեցին, որ երբեք ներկա չեն գտնվել մաքրամե հյուսքի աշխատանքի ընթացքին: Մի քանի աղջիկիներ էլ գիտեին մաքրամեի մասին, կարողանում էին աշխատել, մյուսները փորձում էին սովորել, և մեկը մյուսին հերթ չէին տալիս: Այնքան ոգևորված էին երեխաները, որ անգամ ընթրիքի չէին շտապում: Կարճ ժամանակ անց արդեն պատրաստ էին տուֆի փոքրիկ կտորների վրա արված աշխատանքները՝ թեև անվարժ, թեև անչափ պարզ, սակայն սիրով արված նրանց առաջին գործերն էին դրանք՝ խաչի ու Մասիս սարի պատկերներով. Հերմինեի օգնությամբ արված կեռերից կախված մաքրամեի տարբեր հյուսվածքներն էին՝ արդեն պարզորոշ նախշերով: Ոգևորված էին ոչ միայն երեխաներն, այլև՝ վարպետ- ուսուցիչները:
«Այսպիսի դասերի նախադեպեր ունեցել ենք նաև Երևանում՝ խաչքարագործ վարպետ Վարազդատ Հարությունյանի արվեստանոցում, ուր շատ երեխաներ են եկել. նրանք եղել են նաև Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում գործող մեր «Արոր» մշակութային կազմակերպությունում: Այսօրվա դասն ավելի շատ փորձառական, ուսուցողական բնույթ ուներ, սա ժամանցային ծրագրի չէ, կարծում եմ, որ այն կտա իր արձագանքները, իր խմորումներն ու զարգացումները կունենա: Լավ կլինի, որ սա դառնա դասընթաց և ոչ թե՝ ճանաչողական բնույթի մի քանի ժամյա ծանոթացում խաչքարագործության արվեստին: Կարելի է կազմակերպել արագացված դասընթաց և ճամբարային օրերի ավարտին բացել երեխաների հեղինակային փոքրիկ աշխատանքների ցուցահանդեսը: Ես պատրաստ եմ այդ աշխատանքին և սիրով կանեմ այն, որովհետև ինձ է՛լ են սովորեցրել: Հիմա հրավերներ ունեմ՝ այդ աշխատանքն անելու Սփյուռքում: Ինձ համար շատ հաճելի էր աշխատել երեխաների հետ. այսօրվա նրանց աշխատանքների մեջ կոնկրետ մտածված բաներ կային, որն ինձ և՛ զարմացրեց, և՛ ուրախացրեց. բոլոր հայերի մեջ տաղանդի կայծեր կան»,- մեր զրույցի ընթացքում ասաց «Արոր» մշակութային կենտրոնի հիմնադիր, Վարազդատ Համբարձումյանի «Խաչքարարվեստի դպրոց»-ի ներկայացուցիչ Գարիկ Հովհաննիսյանը, իսկ մաքրամեի վարպետ- ուսուցչուհի Հերմինե Համբարձումյանն ասաց. «Ես աղջիկներին պատմում էի, որ մաքրամեի պարաններն առաջներում գործել են տղամարդիկ, նրանք գործել են ձկնորսական ցանցեր, ծաղկամաններ, որովհետև դա ֆիզիկական ուժ է պահանջում: Երբ պատմում էի, երկու տղա մոտեցան և ցանկություն հայտնեցին սովորել մաքրամե: Ինձ հայրս՝ խաչքարագործ վարպետ Վարազդատ Համբարձումյանն է սովորեցրել մաքրամեի արվեստը: Նա սկզբում մաքրամեով է զբաղվել, ծաղկամաններ է գործել, հանձնել խանութներին՝ հոգալու իր 5 երեխաների ապրուստը. հետագայում անցել է խաչքարագործության: Ես մասնագիտությամբ դերասանուհի եմ, սցենարիստ, սակայն սիրով սովորեցի այս արվեստը: Սիրում եմ իմ մասնագիտությունը, սիրում եմ թատրոնը: Աշխատում էի «Հայրենիք» հեռուստաընկերությունում՝ մաքուր, գունեղ, լուսավոր միջավայրում: Մաքրամեով զբաղվել եմ փոքր հասակից. այդ աշխատանքը հանգստացնում է մարդուն: Գարիկը՝ ամուսինս, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում բացել է «Արոր» մշակութային կենտրոնը, որտեղ երեխաներին բացարձակ անվճար սովորեցնում ենք կավագործություն, մաքրամե, խեցեգործություն… Այսօր ճամբարի երեխաներին ևս փորձեցի սովորեցնել մաքրամեի սկզբունքները, աշխատանքի նրբությունները. ես բավականություն եմ ստանում իմ աշխատանքից»:
Այս գեղեցիկ, յուրօրինակ օրվա արդյունքը ճամբարի տարածքում այս ու այն կողմ դրված ավարտուն և անավարտ փոքրիկ քանդակներն էին, կեռերից կախված մաքրամեի՝ տարբեր հյուսվածքներով արված աշխատանքը:
Կարինե Ավագյան
Աղբյուրը՝ «Հայերն այսօր»