«Երջանիկ են Հայրենիք ունեցողները, ու ես այդ երջանիկներից մեկն եմ». Ռաֆֆի Եդալյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/07/888.jpg)
Հայ ժողովուրդը բոլոր դարերում եղել է աշխարհաճանաչ՝ իր ստեղծած մշակութային անանց արժեքներով, արվեստի գլուխգործոցներով, հոգևոր դաշտի անհատնում գանձերով: Աշխարհասփյուռ հայ ժողովրդի զավակներն այսօր էլ ամենուր այդօրինակ մեծ արժեքների կրողներն են. Սփյուռքի տարբեր հատվածներում ապրող ու ստեղծագործող մեր հայրենակիցները՝ Հայրենիքից հեռու, պահում ու պահպանում են այն թանկ ու նվիրական զգացումը, որը, թերևս չարչրկված, բայց քաղցր մի անուն ունի՝ հայրենասիրություն: Այդպիսի մի հայորդու՝ լիբանանահայ նկարիչ, քանդակագործ Ռաֆֆի Եդալյանի հետ էլ առիթ ունեցա զրուցելու «Հայերն այսօր»-ի խմբագրությունում:
-Ռաֆֆի՛, ինչպե՞ս դարձաք գեղանկարիչ, ո՞վ ուղղորդեց Ձեզ, գերդաստանում եղե՞լ են նկարիչներ:
-Իմ մեծ մայրը տաղանդավոր հայուհի է եղել, յուղանկարներ է արել, փորագրություններ է արել փայտի վրա. հիմնականում բնապատկերներ է ստեղծել, կենդանական աշխարհն է պատկերել: Ես նրան չեմ տեսել, սակայն նրանից ժառանգաբար ինձ է փոխանցվել նկարելու շնորհը: Մինչ օրս մեծ մորս աշխատանքներից մեր տանը պահպանվում են որոշ գործեր. դրանք թանկ մասունքներ են: Մեր ընտանիքում նրանից հետո միայն ես եմ արվեստի բնագավառում:
-Կարո՞ղ եք հիշել, թե որ տարիքում եք նկարել առաջին նկարը:
-Դեռևս փոքր տարիքում հայկական թեմաներով մի քանի նկարներ եմ արել, որոնք մինչ օրս պահում եմ: Երևի 10-12 տարեկան էի, երբ ստեղծեցի այդ նկարները: Սփյուռքում ապրողների համար Հայրենիքն առավել մեծ իմաստ ունի, այն մեր արյան մեջ է: Դեռ մանուկ հասակից մենք ապրել ենք Հայրենիքի երազով, կարոտով, և դա է պատճառը, որ վաղ տարիքում անդրադարձել եմ հայրենասիրական թեմաներին:
-Ո՞ւմ եք ցույց տվել Ձեր առաջին նկարը, ո՞վ է եղել առաջին անգամ Ձեզ ոգևորողը, խրախուսողը, Ձեր շնորհը գնահատողը:
-Ծնողներս գիտեին, որ ես տաղանդ ունեմ, սակայն նրանք որոշեցին ինձ ուղարկել կիթառի դասերի: Մեկ ամիս հաճախեցի ու հասկացա, որ դա իմ տեղը չէ: 12 տարեկան էի, դպրոցում ազգությամբ հույն նկարչության ուսուցիչ ունեի, ով, ստանալով ծնողներիս համաձայնությունը, ինձ տանում էր ցուցահանդեսների: Իմ առաջին ցուցահանդեսը 1992-ին դպրոցում եղավ, երբ ես սովորում էի ավարտական դասարանում: Այսպես եմ սկսել իմ ճանապարհը: Հետագայում շատ ցուցահանդեսներ եմ ունեցել Լիբանանում, Լոնդոնում, Արաբական երկրներում. ցավոք, Հայաստանում դեռ չեմ ունեցել ցուցահանդես:
Եղել եմ ՀՀ սփյուռքի նախարարի մոտ, տիկին Հակոբյանն ինձ առաջարկեց, որ Հայրենիքում ևս ցուցահանդես կազմակերպեմ: Ուրախ կլինեմ, որ Հայաստանում էլ ինձ ճանաչեն: Շատ մրցանակներ եմ ստացել, մասնակցել միջազգային նշանակության մրցույթների: Շնորհակալ եմ ժառանգաբար ինձ փոխանցված այս շնորհի համար, շնորհակալ եմ իմ արվեստը գնահատողներին, սակայն ինձ համար ամենաթանկ մրցանակն իմ գործերն են:
-Ռաֆֆի՛, Դուք նաև քանդակագործ եք. դրանցից որու՞մ եք առավել վարպետացած, հայտնի ու կայացած:
-Սկզբում քանդակում էի ինձ համար. գործեր ունեի, որոնք չէի ցուցադրում: Շատ հայտնի արվեստագետներ քաջալերեցին ինձ, որ ես ցուցադրեմ իմ քանդակները, և ես տեսնելով, որ քանդակներիս հանդեպ մեծ է հետաքրքրությունը, սկսեցի դրանք ներառել գեղանկարներիս ցուցահանդեսներում: Ես միշտ ձգտել եմ, որպեսզի մի ցեւցահանդեսում համադրեմ գեղանկարներս ու քանդակներս: Beyrut International Awards Festivals-ի հաղթանշանն իմ աշխատանքն է: Մինչ այսօր աշխարհի չորս կողմերում մրցույթների հաղթողներին իմ պատրաստած հաղթանշանն են տալիս:
–Ի՞նչ նյութի վրա եք քանդակում:
-Սովորաբար ես քարի վրա չեմ քանդակում, այլ՝ փայտի, մետաղի. բրոնզից է իմ գործերի գերակշռող մասը: Քարի վրա արված աշխատանք ունեմ Լիբանանի Զալկայի շրջանի Սուրբ Խաչ եկեղեցում . խորանի վրայի 4 հրեշտակներն եմ քանդակել, եկեղեցու ապակե գունանկարներն են իմը ( վիտրաժներ): Այս փոքրիկ առիթներն ու պահանջները, որ ստեղծվեցին, առիթ դարձան, որպեսզի ես քանդակով ավելի շատ զբաղվեմ: 2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Բեյրութում 4,5 մետր բարձրությամբ կոթող դրեցի, որը խորհրդանշում է լիբանանահայերի երախտագիտությունը Լիբանանին: Ներկայացրել եմ 3 անձով կոմպոզիցիա. մեջտեղում Հայոց ցեղասպանությունից փրկված հայն է՝ տանջված դեմքով, իսկ երկու կողմերում գլուխներն իրար միացրած 2 անձեր են՝ դեպի երկինք, դեպի վեր ձգված. դա խորհրդանիշն է լիբանանահայ և լիբանանցի ժողովրդի:
Այդ երկու կերպարների ձեռքերն, իբրև միասնության ու բարեկամության խորհրդանիշ, իրար են միանում: 2012-ին Հակոբ Մեղապարտի քանդակն եմ արել, որը տեղադրվել է Զմառռի Տիրամոր վանքում. մենք տոնում էինք մեր գրատպության 500-ամյակը. երբ Բենեդիկտոս Պապը Լիբանան այցելեց, ինքն անձամբ օրհնեց և այդ գործիս բացումն արեց: Մեղապարտին ներկայացրել եմ ծնկի եկած, հայացքը՝ վանքին, ձեռքին՝ Ուրբաթագիրքը: Զմառռի վանքում տեղադրել եմ Մարդինի հայոց կաթոլիկ առաջնորդ, Մեծ եղեռնի զոհ, Հռոմի Հովհաննես Պողոս 2-րդ Պապի կողմից Երանելիների շարքին դասված արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի բրոնզե արձանը: Օգոստոսի 7-ին այդ արձանի բացումն է լինելու:
Ես ամենից շատ խոսեցի մի քանի գործերի մասին միայն, սակայն իմ հետաքրքիր գործերից են նաև «Ազատություն»-ը, «Դուդուկը» և շատ այլ աշխատանքներ:
-Ռաֆֆի՛, Հայաստանում որևէ գործ ունե՞ք ցուցադրված:
-2008-ին Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առիթով ինձ խնդրեցին, որ արվեստի մի գործ ներկայացնեմ: «Վերապրող վկաներ» անունով Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտում մի աշխատանք ունեմ. ներկայացրել եմ հայ ժողովուրդը՝ մեծ ու փոքր, մոմերը վառած, եկեղեցու մեջ, եկեղեցու շուրջը հավաքված, իսկ ներքևում մի կտոր տարածք է, ուր ներկայացված է ջարդը: Աշխատել եմ կարմրագույնով, ծիրանագույնով, կրակի գույներով: Լիբանանում՝ Բեյրութում, ամեն ապրիլի 24-ին հավաքվում ենք, այդ ժամանակ բոլոր ներկաներին հայտարարեցի, որ յուրաքանչյուրն իր մատնահետքը պետք է թողնի նկարի վրա….հրա՛շք կատարվեց՝ նկարի վրա դրվեց ճիշտ 301 մատնահետք: Այդ գործն այսօր Երևանում՝ Հայոց ցեղասպանության թանգարանում է:
–Ի՞նչ առիթով եք Հայաստան եկել. կարոտի թևերո՞վ եք Հայրենիքում…
-Ընտանիքիս հետ պտույտի եմ եկել, 8 և 4 տարեկան զավակներս առաջին անգամ են Հայաստանում և չեն ուզում ետ վերադառնալ: Ես էլ եմ առաջին անգամ Հայրենիքում:
-Ի՞նչ հիշարժան դեպք կարող եք հիշել Ձեր ստեղծագործական կյանքից:
-2015թ, երբ Վատիկանում Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով պատարագ մատուցվեց, ինձ խնդրեցին, որ Մալոյանի գեղանկարը ցուցադրեմ, ես դրա մանրակերտը նվիրեցի ֆրանցիսկոս Պապին. Վատիկանն այդ գեղանկարից դրոշմաթուղթ տպագրեց:
-Ի՞նչ հետաքրքիր ծրագրեր ունեք առաջիկայում:
-Նախապատրաստվում եմ մի քանի ցուցահանդես կազմակերպել Լիբանանում:
–Ու՞մ գործերն եք բարձր գնահատում հայաստանյան նկարիչներից ու քանդակագործներից:
-Երվանդ Քոչարի, Սարյանի, Մինասի, Կալենցի:
-Լիբանանից դուրս ՝ ուրիշ ո՞ր երկրում կապրեիք:
-Եթե մի օր որոշեմ դուրս գալ Լիբանանից, ապա միայն կապրեմ Հայաստանում: Շատ գեղեցիկ է մեր երկիրը, մենք պետք է իմանանք Հայրենիքի արժեքը. երջանի՛կ են Հայրենիք ունեցողները, և ես նրանցից մեկն եմ:
…Ու ես հրաժեշտ եմ տալիս այդ երջանիկ ու տաղանդավոր երիտասարդին հպարտության այնպիսի զգացումով, որով համակված ես լինում հայ մարդու այդօրինակ տեսակին հանդիպելիս:
Կարինե Ավագյան