Վիրահայոց թեմում հավուր պատշաճի նշվեց Սուրբ թարգմանիչ վարդապետների տոնը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով հոկտեմբերի 12-ին նշվեց Սուրբ թարգմանիչ Վարդապետներ Սահակ Պարթևի,Մեսրոպ Մաշտոցի և նրանց աշակերտների տոնը: Այն հայ ժողովրդի նվիրական և սիրված ազգային –եկեղեցական տոներից է:
Թարգմանչաց տոնը Վիրահայոց թեմում նշվեց հավուր պատշաճի: Այս տոնին էր նվիրված ճանաչված դաշնակահար, Թբիլիսիի նախկին բնակիչ, այժմ Գերմանիայում գործող Մամիկոն Նահապետովի դաշնամուրային երաժշտության համերգը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 11-ին: Իսկ հոկտեմբերի 12-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու լուսարարապետ Տ. Հուսիկ քհն. Հարությունյանը: Հատկանշական է, որ ի թիվս բազում հավատացյալների, Սբ. Պատարագին ներկա էին «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի երեխաները և «Սբ. Գրիգոր Նարեկացի» մեկօրյա վարժարանի սաները: