Վիրահայոց թեմի երիտասարդության ուխտագնացությունը Հայաստան և Արցախ

2013թ. հոկտեմբերի 24-ից 28-ը Վիրահայոց թեմի ուխտավորների խումբը՝ հովանավորությամբ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ղեկավարությամբ ու օրհնությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, ճանաչողական և համագործակցության  այցով գտնվում էր Հայաստանում և Արցախում: Ուխտագնացությունը կազմակերպել էր Վիրահայոց թեմի Երիտասարդության հարցերի բաժինը՝ գլխավորությամբ բաժնի տնօրեն Գևորգ սրկ. Անտոնյանի: Ուխտավորների կազմում էին Վիրահայոց թեմի աշխատակիցները, երիտասարդներ Թբիլիսիից, Ախալցխայից,  Բաթումից և Մառնեուլիից,: Ուխտավորների  մեջ էր նաև  ամերիկահայ ճանաչվածբանաստեղծուհի Սոնա Վանը:

Ուխտավորների խումբը հոկտեմբերի 24-ին Թբիլիսիից ուղևորվեց Երևան: Ճանապարհին նրանք Տավուշի մարզի Հաղարծին վանքում մասնակցեցին առավոտյան ժամերգությանը  և հանդիպեցին  վանական համալիրի  վանահայր Արիստակես վարդապետ  Այվազյանին:

Արդեն Երևանում՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում, կայացավ հանդիպում  նախարարության  պաշտոնյաների հետ:

Հաջորդ օրը ուխտավորները այցելեցին   Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե  վանքերը  և Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, որտեղ նրանց  իրենց օրհնությունը  բաշխեցին Տ. Արտակ  եպիսկոպոս Տիգրանյանը  և Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Հաջորդ կանգառը Խոր վիրապի վանքն էր: Այստեղ  ուխտավորներին  դիմավորեց  վանահայր  Արիս աբեղա Տոնոյանը: Գոհաբանական աղոթք բարձրացնելուց հետո   ուխտավորների խումբը մեկնեց Արցախ: Արցախում նրանց հյուրընկալեց թեմի  առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Թեմակալ առաջնորդը նրանց ներկայացրեց Թեմի գործունեությունը: Իր օրհնությունը բաշխելով  ուխտավորներին՝  նա հորդորեց, որ Արցախի և Վրաստանի հայ  երիտասարդները  շարունակեն փոխադարձ այցելություններով  ամրապնդել  կապը միմյանց հետ

Հոկտեմբերի 26-ի առավոտյան Շուշիում ուխտավորները հյուրընկալվեցին  Արցախի Մշակույթի և երիտասարդության հարցերի  նախարարությունում:  Կայացավ հանդիպում նախարար  Նարինե  Աղաբալյանի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև  փոխնախարար Գայանե  Գրիգորյանը :

Այնուհետև ուխտավորների խումբը շարժվեց դեպի Շուշիի Արվեստի կենտրոն, որը ժամանակին հանդիսացել է  մեր ազգային  բարերար և  հասարակական  գործիչ Միքայել Արամյանցի տունը և արցախյան պատերազմից հետո հավուր պատշաճի վերանորոգվել է:

Այնտեղից ուխտավորները մեկնեցին Գանձասարի վանական համալիր, որտեղ նրանց դիմավորեց համալիրի հոգևոր հովիվ  Տ. Գրիգոր քահանան: Նրա ողջույնի խոսքից հետո սրբազան հոր գլխավորությամբ տեղի ունեցավ գոհաբանական  աղոթք:  Շուշի վերադառնալու ճանապարհին  ուխտավորները  այցելեցին  Արցախի խորհրդանիշ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձան և ըմբոշխնեցին  գիշերային Ստեփանակերտի գեղեցկությունը:

Հոկտեմբերի 27-ին ուխտավորների խումբը Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Փրկիչ եկեղեցում մասնակցեց Սբ. Պատարագին: Օրվա պատարագիչը Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն էր: Պատարագից հետո նրանք եղան Արցախյան հերոսամարտի ազատամարտիկների թանգարանում, այնուհետև մասնակցեցին ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի  նախաձեռնությամբ  կազմակերպված՝  Սոնա Վանին նվիրված գրական երեկոյին: Նույն օրը երեկոյան ուխտավորները  մասնակցեցին  ԼՂՀ մշակույթի և երիտասարդության  հարցերի նախարարության կազմակերպած մշակութային  միջոցառմանը:

Հոկտեմբերի 28-ին ուխտավորները՝ առաջնորդությամբ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի,  ծաղիկներ դրեցին Արցախյան հերոսամարտի նահատակների հուշահամալիրին  և  աղոթք  բարձրացրեցին  նրանց հոգու խաղաղության համար:

Ուխտավորների խումբը  Ստեփանակերտում հանդիպեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպումն սկսվեց նախագահի ողջույնի խոսքով: Նախագահը նշեց, որ կարևոր է նման ծրագրերում ներգրավել  ավելի շատ  երիտասարդների, որպեսզի ավելի սերտ լինի նրանց կապը հայրենիքի հետ ինչպես   նաև  աշխատանքները  Արցախի համապատասխան կառույցների հետ  լինեն հստակ համակարգված և  առավել   արդյունավետ:  Նախագահը ներկայացրեց նաև  վերջին տարիների  Արցախի  նվաճումները  և խոսեց  առկա խնդիրների շուրջ:

Վիրահայոց թեմը, հանձին առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, փոխադարձ այցելության  հրավերով դիմեց  Արցախի  մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարությանը, գրողների միությանը և Արցախի   թեմի հոգևոր դասին: Հրավերն  ընդունվեց  սիրով:

Ուխտավորների խումբը  վառ և անջնջելի տպավորություններով   վերադարձավ Թբիլիսի:

Վիրահայոց թեմի մամլո դիվան 

Scroll Up