«Հայաստան.ստեղծենք միասին». Ուզում եմ ներդրում ունենալ Հայաստանի զարգացմանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/07/Հակոբ.jpg)
Հակոբ Քալանջյանը Կալիֆորնիայի Բերկլի համալսարանի Մոլեկուլային և բնապահպանական կենսաբանություն ֆակուլտետի բակալավրիատի երրորդ կուրսի ուսանող է:
18-ամյա Հակոբը ծնվել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում, սակայն երկու տարի Լիբանանում է ապրել, ապա ընտանիքի հետ կրկին տեղափոխվել է Ամերիկա: Ընտանիքի միակ երեխան լինելով ՝ Հակոբի ծնողները նրան միշտ հայկական միջավայրում են պահել, հայ ժողովրդի պատմությանը և մշակույթին ծանոթացրել: Ընտանիքում Հակոբի մայրենիով խոսելը՝ օրակարգային հարց է եղել: Այդ պատճառով էլ նա միայն հայկական դպրոց է հաճախել:
Հակոբն այժմ ՀՅԴ ամերիկյան մասնաճյուղի երիտասարդական թևի անդամներից է, որի կազմում հայապահպանությանն ուղղված տարբեր ծրագրեր են իրականացնում՝ օտարության մեջ պահպանելով հայի ինքնությունն ու ազգային միասնականության գաղափարը:
Նրա արմատները Արևմտյան Հայաստանի Ուրֆա քաղաքից է գալիս: Մեծ հայրիկը Հայոց ցեղասպանության ականատեսներից է եղել, որը, մազապուրծ լինելով թուրքական կոտորածից, հաստատվել է Լիբանանում, ապա տեղափոխվել Ամերկայի Միացյալ Նահանգներ:
«Հետագայում ցանկանում եմ ատամնաբուժությամբ զբաղվել, սակայն ինձ նաև մոլեկուլային գիտությունները և բնապահպանությունն է շատ հետաքրքրում. ուզում եմ ուսումնասիրել մարդու մարմնի բջիջների կառուցվածքն ու այդ ուղղությամբ հետազոտություն կատարել: Դա էր նաև այդ մասնագիտության մեջ հմտանալու ձգտումը»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց Հակոբը:
Սփյուռքահայ երիտասարդի փափագն է՝ Ամերիկայում համալսարանն ավարտելուց հետո վերջնականապես Հայաստան վերադառնալ, որպեսզի աշխատի և ներդրում ունենա իր Հայրենիքի զարգացման համար: Ընկերներին նույնպես խորհուրդ է տալիս իր քայլին հետևել:
«Առաջին հնարավորության դեպքում միշտ փորձում եմ Հայաստան այցելել, քանի որ շատ եմ սիրում Հայրենիքս: Արդեն ծրագրել եմ՝ հաջորդ ամռանը նորից գալ: Երեք տարվա բացակայությունից հետո բավականին փոփոխություններ եմ նկատել հատկապես Երևանում. ուշադրությունս գրավել են նորակառույց շինությունները, թաղամասերն ու ժամանցի վայրերը»,-զրույցի ընթացքում նշեց Հակոբը և հավելեց, որ երկրորդ անգամ է լինում Հայաստանում:
Հակոբի դիտարկմամբ՝ Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացած է: Դժվարանում է որևէ ճյուղ առանձնացնել, սակայն կարևորում է «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծումը:
Մասնակցելով ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ կազմակերպված «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքին, Հակոբ Քալանջյանն ասաց՝ հետաքրքիր ժամանակ է անցկացնում համաժողովի շրջանակում: Նկատել է, որ իրենց համար ամեն ինչ հիանալի է կազմակերպված:
Հակոբը համալսարանում ևս պարբերաբար մասնակցում է համանման ձեռնարկների, որոնք մասնագիտական առաջընթացի համար շատ կարևոր են:
Գևորգ Չիչյան