Մեկնարկեց «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքը

Հուլիսի 11-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ անցկացվող «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքը:

 Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա ողջունեց երիտասարդական հավաքի մասնակիցներին և վստահություն հայտնեց, որ հավաքի ընթացքում կլինեն շատ հետաքրքիր հանդիպումներ, կկազմակերպվեն քննարկումներ, կհնչեն տեսակետներ:

Նախարարը մասնավորապես նշեց. «Համոզված եմ, հավաքը սկիզբ կդնի հետաքրքիր ծրագրի, կմիավորի ձեզ, կոգևորի ձեզ, որ գաք, օգնեք, հզորացնեք և ուժեղացնեք մեր Հայրենիքը: Երկար քննարկելուց հետո ընտրել ենք երեք ուղղություններ, որ բնորոշ են հայ ժողովրդին, Հայաստանին: Բժշկության ասպարեզում մենք հաջողություններ ունենք, բայց հզոր ներուժ ունենք, որը ավելի առաջ գնալու գրավական է: Բարձր տեխնոլոգիաների բնագավառում  էլ, կարծում եմ, մեր երիտասարդները կարող են միջազգային փորձը տեղայնացնել, բերել Հայաստան, փորձել Հայաստանում կիրառել իրենց գիտելիքները, տաղանդը: Երրորդ ուղղությունը հայկական շահերի պաշտպանությունն ու մեդիա ոլորտն է: Հայաստանը կանգնած է հզոր արտաքին և ներքին  մարտահրավերների առջև: Հայ դատն այսօր երեք կարևոր ուղղություն ունի՝ Հայաստանի հզորացում, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծում, և առաջնորդվելով Համահայկական հռչակագրի պահանջներով՝  հայ ժողովրդի ոտնահարվածիրավունքների վերականգնում: Ամփոփելով խոսքս նշեմ, որ հայ ժողովուրդը երկու նպատակ ունի՝ ստեղծել հզոր, ուժեղ Հայաստան և պահպանել աշխարհում հայի տեսակը, հայի արմատը, ունենալ մրցունակ ժողովուրդ»:

 ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը իր խոսքում կարևորեց երիտասարդների դերը հայ ժողովրդի ապագայի կերտման հարցում:  Նախարարը շեշտեց. «Երիտասարդության խնդիրն այսօր հայկական տեսակի պահպանումն է, այն մի նոր հանգրվանի բերելը: Այս հավաքն այդ շատ կարևոր հարցի լուծմանն է միտված: Որն է հայ տեսակի առաքելությունը 21-րդ դարի նոր մարտահրավերների լուծման գործում: Աշխարհը որոնումների մեջ է, դասակարգվում են ժողովուրդները:  Արդյոք ունա˚կ ենք ապացուցել մեր քաղաքակիրթ տեսակի առկայությունը: Այսօր շատ դժվարությամբ հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և աշխարհում փորձում է ձևավորել իր ապագան, լուծել հայկական շարունակականության և լինելիության խնդիրը: Ցանկանում եմ, որ նման հավաքները լինեն հաճախակի և մասնագիտական կողմնորոշմամբ »:

 ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը շնորհակալություն հայտնեց հավաքի կազմակերպիչներին և հավելեց. «Բոլորս ընդգրկված ենք հայ ազգի հզորացման գործում: Մեր կազմակերպությունը, որն այս տարի նշում է իր 110 ամյակը, և աշխարհի 70 քաղաքներում կառույցներ ունի, շատ լավ գիտակցում է, որ Սփյուռքը չենք կարող հզոր  պահել, եթե հզոր Հայրենիք չունենանք: Մեր ամենակարևոր հզորությունը մարդուժն է: Տրամաբանական է, որ պետք է միացնենք բոլորիս ուժերը հաջողության հասնելու համար»:

 «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը շեշտեց, որ արդեն պետք է գաղափարից անցնել աշխատանքի: «Երիտասարդները մեր ամենագեղեցիկ և հզոր ուժն են». նշեց նա:

 «Այբ» դպրոցի տնօրեն, «ABBYY» ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը ողջունելով հավաքի մասնակիցներին, նշեց, որ շատ ոգևորված է, որ վերջապես մեկնարկել է շատ սպասված ծրագիրը և մեծ հույսեր է կապում երիտասարդների հետ:

 «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի նպատակն է համախմբել Հայաստանի և Սփյուռքի երիտասարդ գիտնականներին, աշխարհի առաջնակարգ համալսարաններում սովորող հայ ուսանողներին՝ Հայաստանի իրենց գործընկերների հետ քննարկելու և մշակելու գործակցության նոր մոտեցումներ, առաջարկելու համագործակցության ծրագրեր՝ ի նպաստ Հայաստանի զարգացման:

 Համաժողովի աշխատանքները շարունակվեցին «Բժշկություն և առողջապահություն», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Հայկական շահերի պաշտպանություն և մամուլ» աշխատանքային խմբերում:

 Համաժողովի շրջանակներում կկազմակերպվեն նաև թեմատիկ քննարկումներ, հանդիպումներ ոլորտների ներկայացուցիչների հետ, մշակութային միջոցառումներ, այցելություններ համապատասխան մասնագիտական հաստատություններ:

 «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքն իր աշխատանքը կավարտի «IDeA» հիմնադրամի հովանու ներքո Դիլիջանում անցկացվող ամփոփիչ նիստով:

 Հավաքին մասնակցում է 90 երիտասարդ Գերմանիայից, Իսպանիայից, Հունաստանից, Լեհաստանից, Չեխիայից, Լատվիայից, Շվեդիայից, ՌԴ-ից, Մոլդովայից, Սինգապու­րից, ԱՄՆ-ից, Լիբանանից, Հայաստանից:

1 2

34 5

Scroll Up