«Շատ եմ ցանկանում, որ աշխարհի բոլոր հայ երիտասարդներն իրար ճանաչեն». Էլեն Ներսիսյան
Մեկնարկեց «Արի տուն- 2016» ծրագրի հերթական փուլը, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից եկած հայորդիներ. նրանցից մի մասի համար Հայաստանը միշտ երազ է եղել, ոմանք մեկ կամ մի քանի անգամ եղել են Հայաստանում: «Հայերն այսօր»-ի համար պատրաստած հարցազրույցիս հերոսները՝ գեղադեմ ու հայրենակարոտ մեր երեխաները, տարված էին ծրագրի բացման արարողությամբ և այդ տպավորությամբ էլ ՝ փոքր-ինչ հուզված, պատասխանեցին իմ հարցերին:
Արա Էքիզյան, Շվեդիա, 16 տարեկան
-Ես ու եղբայրս՝ Գևորգը, առաջին անգամ ենք Հայաստանում: Շատ էինք լսել Հայաստանի մասին, սակայն միշտ երազում էինք մեր աչքերով տեսնել, և այսօր այն իրականություն դարձավ: Առաջին տպավորությամբ մեր Հայրենիքը նման է մեր լսածներին, սակայն դեռ նոր ենք եկել և ամբողջական պատկերացում կկարողանանք կազմել միայն վերջին օրերին: Հիմա մի քիչ հուզված ենք, մի քիչ շփոթված, ասես երազում լինենք:
Գևորգ էքիզյան, Շվեդիա, 17 տարեկան
-Ես Արայի մեծ եղբայրն եմ, շուտով կլրանա իմ 18-ը, նրանից մեծ եմ 1 տարի 8 ամսով: Մեր երազանքն է եղել լինել Հայրենիքում, որի մասին պատմել է մեր հայրիկը: Մենք Շվեդիայում հաճախում ենք հայկական կիրակնօրյա դպրոց, տանը խոսում ենք հայերեն: Գիտենք հայրենասիրական երգեր, գիտենք Հայոց ցեղասպանության մասին. մենք բոլորս ապրիլյան քառօրյա պատերազմի մասին իմացանք, անհանգիստ էինք և պատրաստ էինք գալ ու պաշտպանել մեր Հայրենիքի , Արցախ աշխարհի սահմանները, թեև տարիքով փոքր ենք: Մենք երբեք չենք մոռանում, որ հայ ենք:
Ինեսա Սևիկյան, ԱՄՆ, Օհայո, 13 տարեկան
–Ես Հայաստան եմ եկել մորաքրոջս աղջկա՝ Էլենի հետ: Երկրորդ անգամ ենք Հայաստանում, ծրագրի մասին լսել ենք մեր հորեղբորից, ով հիմա այս դահլիճում է և մասնակցում է ծրագրի հերթական փուլի բացմանը: Մենք Հայաստանի մասին շատ ենք լսել, մեր ընտանիքներում հայերենը չի մոռացվում: Շատ կցանկանայի, որ ամբողջ աշխարհը ճանաչեր Հայաստանը, հայերին, մեր պատմությունը:
էլեն Ներսիսյան, ԱՄՆ, Օհայո, 16 տարեկան
-Ես էլ եմ երկրորդ անգամ Հայաստանում, այս ծրագրի մասին, ինչպես ասաց Ինեսը, լսել ենք մեր հորեղբորից: Հայաստանի մասին շատ ենք լսում, գիտենք հայոց պատմության կարևոր իրադարձությունների մասին, սակայն մեզ ասացին, որ այս ծրագրի շրջանակներում մենք այցելելու ենք շատ տեսարժան վայրեր և ավելին ենք իմանալու Հայաստանի մասին: Ամերիկայում քչերը գիտեն Հայաստանի ու հայերի մասին. մենք հաճախում ենք ամերիկյան դպրոց, մեր տարեկիցներն այդ դպրոցում գրեթե ոչինչ չգիտեն հայերի մասին, սակայն գիտեն, որ մենք հայուհիներ ենք, մեր շնորհիվ իմացան նաև, որ Հայաստան պետություն կա: Ես շատ եմ ցանկանում, որ աշխարհի բոլոր հայ երիտասարդներն իրար ճանաչեն:
Ալինա Մովսիսյան, ՌԴ, քաղաք Լոբնիա, 15 տարեկան
–Ես սովորում եմ հայկական դպրոցում, ծրագրի մասին լսել եմ իմ ուսուցչուհուց: Հայաստանում երկրորդ անգամ եմ: Սիրում եմ իմ Հայրենիքը, շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ այս ծրագրին, հույս ունեմ, որ շատ հիշարժան օրեր կունենամ և լավ տպավորություններով կվերադառնամ, որոնք կփոխանցեմ իմ ընկերներին: Մեզ այստեղ շատ ջերմությամբ ընդունեցին, կարծես տանը լինենք: Այնքան ոգևորված եմ, որ չեմ կարողանում ասել այն ամենն, ինչ զգում եմ այժմ: Ծրագրի ավարտից հետո, երբ ի մի կբերեմ տեսածս ու սովորածս, կկարողանամ լիարժեքորեն պատասխանել ինձ տրվող հարցերին: Շնորհակալությո՛ւն բոլոր կազմակերպիչներին, ՀՀ սփյուռքի նախարարությանը, Հայաստանին: Սիրում եմ քեզ, Հայաստա՛ն:
Հայրենաբաղձ այս հայորդիների խոսքերից հետո դահլիճում հնչող հայրենասիրական խրոխտ երգի հնչյունների ներքո տեսնում եմ նրանց պարը, վեր պարզած ձեռքերը, ոգևորությունն ու հուզված դեմքերը, որոնք միայն մի բան են ասում՝ բացառի՛կ է հայի տեսակն աշխարհում, և կապրի հայը, կհարատևի, քանի դեռ ունենք այսպիսի երիտասարդություն:
Կարինե Ավագյան