Գերմանիայում պետք է հասնենք Հայոց ցեղասպանության ոչ թե ճանաչմանը, այլ դատապարտմանը. ցեղասպանության ճանաչման հանձնախումբ

Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքային հանձնախումբը ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ մի շարք միջոցառումներ է նախանշել:
Հանձնախմբի անդամ Ժիրայր Քոչարյանը հոկտեմբերի 11-ին հրավիրված ասուլիսում ընդգծեց, որ ցեղասպանության ճանաչմանն ուղղված հիմնական քայլերի անհրաժեշտություն կա հատկապես նախքան 100-ամյա տարելիցը, քանի որ դրանից հետո միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը առավել կդժվարանա:
«Մենք մշտապես համագործակցում ենք գերմանացի քաղաքական գործիչների և մտավորականության հետ, որովհետև այլ քրիստոնյաները նույնպես թուրքական ոճրագործ կառավարության կողմից են «ցեղասպանվել»»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Բեռլինի համալսարանի դասախոս Ժիրայր Քոչարյանը: Նա նշեց, որ 100-ամյա տարելիցին ընդառաջ իրենք հերթական անգամ դիմել են գերմանական Բունդեսթագին Հայոց ցեղասպանության մասին 2005 թվականին ընդունված որոշումը վերանայելու համար:
««Հայերի 1915 թվականի հալածանքների և կոտորածների վերհիշում» փաստաթղթում Գերմանական կառավարությունը շեշտը դնում է հայերի և թուրքերի հաշտեցման վրա, կարծես նրանք խռոված են իրարից: Մեզ պետք է, որ ցեղասպանությունը դրվի ոչ թե ճանաչման, այլ դատապարտման կարեւորության վրա»,- ասաց բանախոսը: Այս հարցով հայերը դիմել են Բունդեսթագի չորս կուսակցություններին, որոնք, սակայն, ոչ մի հստակ պատասխան չեն տվել իրենց:
Քոչարյանի գնահատմամբ` Թուրքիան «կրկնահանցագործ է», որովհետև ցեղասպանություն է կատարել ոչ միայն հայերի, այլև` հույների, ասորիների հանդեպ: Հանձախմբի ծրագրերի թվում է նաև նոր գրքերի հրատարակումը, դասախոսությունների անցկացումը: Քոչարյանը տեղեկացրեց, որ շուրջ հինգ տարի բանակցություններից հետո գերմանական կառավարությունը թույլ չի տվել իրենց հանրային որևէ վայրում ցեղասպանությանը նվիրված հուշարձան կառուցել, սակայն թույլտվություն է տվել կառուցել այն Բեռլինի ամենահայտնի գերեզմանոցներից մեկում:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք թուրքական լոբբինգի դեմ Հայաստանը կարողանում է պայքարել, Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքային հանձնախմբի անդամը պատասխանեց, որ իրականում լոբբինգ իրականացնելիս հայերի հնարավորությունները զիջում են, այդ պատճառով իրենք ընտրել են այլ ժողովուրդների հետ համագործակցելու ուղին:
Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքային հանձնախումբը գործում է արդեն 15 տարի: Այն ունի տարբեր ազգերի քրիստոնյա անդամներ: Ամեն տարի նախաձեռնում է Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը նվիրված մի շարք միջոցառումներ: