«Խաղաղության աղոթքը Վատիկանի դիվանագիտական աջակցությունն է Հայաստանին». Տեր Ասողիկ քահանա Կարապետյան

Հունիսի 24-26-ը Հռոմի Ֆրանցիսկոս Պապի Հայաստան կատարելիք այցելությանն ընդառաջ՝ «Հայերն այսօրը» պատմական այցի կարևորության, նշանակության, Սրբազան Քահանայապետի՝ հայ ժողովրդի հանդեպ ունեցած սիրո և հարգանքի մասին զրուցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Արժանապատիվ Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի հետ:

Տե՛ր Հայր, ինչպե՞ս կմեկնաբանեք Հռոմի Պապի Հայաստան այցելությունը:

-Հայաստան է այցելում Վատիկան քաղաք-պետության ղեկավարը, որը նաև Հռոմեակաթոլիկ եկեղեցու հոգևոր Պետն է: Թեև Վատիկանը շատ փոքրիկ պետություն է, սակայն ողջ աշխարհում Հռոմեակաթոլիկ եկեղեցին ունի ավելի քան մեկ միլիարդ անդամ: Ուրեմն, Վատիկանն ունի միջազգային զգալի կշիռ և ազդեցություն, իսկ Հռոմի Պապը մեծ հեղինակություն և ներգործություն ունեցող համաշխարհային գործիչներից մեկն է:

Այս այցն առավելապես քաղաքական նշանակություն ունի, քանի որ Հայաստանը կաթոլիկ երկիր չէ, հայ քրիստոնյաներն անդամ չեն Հռոմեակաթոլիկ եկեղեցու: Եվ, հակառակ այս իրողության, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և Հռոմեակաթոլիկ եկեղեցու հարաբերությունները հարգալից են, ջերմ և բարեկամական, իսկ մեր հավատացյալներն ի Քրիստոս սիրո միության մեջ են: Ավելին, մեր եկեղեցիներն աստվածաբանական երկխոսության մեջ են և սերտ համագործակցում են աշխարհին ու համայն մարդկությանը հուզող զանազան խնդիրների բարվոք լուծման առումով: Այսպիսով, Հայաստան է այցելում մեզ բարեկամ Երկրի առաջնորդը, մեզ համար առ Աստված աղոթող՝ քրիստոնեական Եկեղեցիներից մեկի հոգեւոր Պետը:

Ո՞րն է այցելության գլխավոր առանձնահատկությունը և ուղերձը:

– Արդեն այցելության կարգախոսը` «Այց առաջին Քրիստոնյա երկիր», հիմնական և գլխավոր առանձնահատկությունն է, նաև` ուղերձը, որն ուղղված է ոչ միայն մեզ, այլև ողջ աշխարհին, համայն մարդկությանը: Համաշխարհային հնչեղություն ունեցող այս այցելությունը նախևառաջ մեզ համար լավագույն առիթ է, որ մենք` մեր երկրի առաջին սպասավորից մինչև ամենապարզ քաղաքացին, մինչև աշխարհի որևէ անկյունում կայք հաստատած պանդուխտ հայորդին, գիտակցենք, որ մենք զավակներն ենք և քաղաքացիները առաջին Քրիստոնյա պետության: Սա ոչ միայն մեծագույն պատիվ է, այլև՝ կոչում և առաքելություն:

Պիտակի պես պետք չէ այդ կարգախոսը կախվի մեր պետությունից. քրիստոնեությունը պետք է լինի մեր կենսակերպը, մեր քաղաքականությունը, ինչպես դարեր շարունակ այն եղել է մեր էությունը, մաշկի գույնը: Սքանչելի է, որ այսօր ազատորեն գործում և քարոզում է մեր Սուրբ Եկեղեցին, սակայն մեր Հայրենիքում, հայ կյանքում առհասարակ, որքա՜ն ցավոտ հարցեր կան, արատներ, դատապարտելի և անընդունելի անարդարություններ, որոնք մեծապես վնասում են մեզ, արգելակում առաջընթացը: Օտարի միջոցով մեզ հրավեր է տրվում, որ մենք վերարժևորենք մեր անցյալը և մեր ներկան կառուցենք մեր հայրերի ժառանգության վրա, արյան գնով հավատարիմ մնանք մեր ինքնությանը, մեր ազգային արժեքներին, մեր սուրբ նահատակների հավատամքին:

Ահա սա է «առաջին Քրիստոնյա երկրի» բովանդակությունը, այս բովանդակության առջև խոնարհվելու և այս բովանդակության համար Աստծուն գոհություն մատուցելու համար է Հայաստան գալիս Հռոմի Պապը:

«Այց առաջին Քրիստոնյա երկիր» կարգախոսը, ինչպես նշեցինք, ուղերձ է նաև ողջ աշխարհին, համայն մարդկությանը, որպեսզի պետությունները և ժողովուրդները վերստին ճանաչեն Հայաստանը և հայ ազգին` որպես համամարդկային բարոյական արժեքներ դավանողի և կրողի: Որպեսզի վերստին աշխարհը և բովանդակ մարդկությունը հասկանան, որ Հայաստանը և հայ ազգը խաղաղասեր, խաղաղատենչ ու խաղաղարար է: Եվ սակայն, Հայաստանն ու հայ ազգը գիտեն արիաբար մարտնչել վասն ազատության, արդարության և ամենայն սրբությանց: Առաջին Քրիստոնյա երկիրը գիտի, որ շնորհիվ իր դավանած Տեր Աստծո զորության` ամեն մի Գողգոթայից հետո միշտ բացվում է Հարության` հաղթանակի միաշաբթին:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բի և Հռոմի Սրբազան Քահանայապետի հանդիսապետությամբ Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու նաև էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք: Տարածաշրջանի պետությունների համար սա ի՞նչ ուղերձ կարող է պարունակել:

-Այո՛, երկու Եկեղեցու հոգևոր Պետերը` մասնակցությամբ հայ և օտար բյուրավոր քրիստոնյաների, քաղաքամայր Երևանում առ Աստված աղոթքի պիտի կանգնեն, որպեսզի մեր այս ալեկոծյալ տարածաշրջանում վերահաստատվի կենսատու խաղաղությունը և դրացի ժողովուրդներն ապրեն համերաշխ գործակցությամբ: Խաղաղության համար աղոթքը ոչ միայն ամեն մի քրիստոնյայի հոգևոր սուրբ պարտականությունն է, այլև Վատիկան պետության արտաքին քաղաքականության առաջնություններից մեկն է. ամեն մի Պապ ջանում է իր անձնական ներդրումը բերել աշխարհում խաղաղության պահպանման և վերահաստատման գործում:

Այդ աղոթքը նաև Վատիկանի դիվանագիտական աջակցությունն է Հայաստանի Հանրապետությանը: Վատիկանն իր արտաքին քաղաքականությամբ ազդարարում է, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծում գտնեն արդարության սկզբունքի անշեղ գործադրմամբ, երկխոսության ճանապարհով և փոխադարձ հարգանքի հիման վրա: Իսկ տարածաշրջանի պետությունները պետք է գիտակցեն, որ ոչ մի հարց չի կարելի լուծել բռնության, պատերազմի միջոցով, այդ ամենը պետք է հիմնավորապես բացառել, քանի որ բանական մարդ արարածին անվայել է ավերելը, կոտորելը, ոչնչացնելը… Հռոմի Պապի հետ համատեղ Խաղաղության աղոթքը նաև պատգամ է պետություններին, ի մասնավորի գերտերություններին, որ նրանք չմեղանչեն` ռազմատենչ պետություններին զենք ու զինամթերք մատակարարելով:

Հայ ժողովրդի հանդեպ Հռոմի պապի հարգալից վերաբերմունքը միշտ էլ նկատելի է (Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն նվիրված պատարագի մատուցում, Սբ. Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոսի շնորհում, առաջիկա այցը Հայաստան և այլն): Ձեր կարծիքով՝ Հռոմի պապի այցելությունից հետո Կաթոլիկ և Հայ Առաքելական եկեղեցիների, հայիտալական հարաբերություններին ի՞նչ  նոր ազդակ կհաղորդվի:

-Նախ կուզեմ նկատել, որ Հռոմի Պապը Սբ. Գրիգոր Նարեկացուն ոչ թե «Տիեզերական եկեղեցու» վարդապետի տիտղոս շնորհեց, այլ սոսկ Հռոմեակաթոլիկ եկեղեցու վարդապետների շարքը դասեց. Կաթոլիկ եկեղեցին Քրիստոսի տիեզերական եկեղեցու մաս է կազմում, ինչպես Հայոց եկեղեցին, Ռուս ուղղափառ եկեղեցին, Վրաց ուղղափառ եկեղեցին և մյուս քրիստոնեական եկեղեցիները: Սխալ ձևակերպում է, որ, ցավոք, շարունակում են շրջանառել:

Կապված մեր եկեղեցիների հարաբերությունների հետ` նկատենք, որ այդ հարաբերությունները միշտ եղել են ջերմ, եղբայրական և բարեկամական: Ինչպես արդեն նշեցինք, մենք սերտ համագործակցում ենք և աստվածաբանական երկխոսության մեջ ենք: Մշտապես հորդորում ենք մեր հավատացյալներին, որ ի Քրիստոս սիրո միության մեջ լինեն բոլոր քրիստոնյաների հետ, քանի որ մեր Տեր Հիսուս Քրիստոս պատվիում է մեզ. «Ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեցեք: Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն եք» (Հովհ. ԺԳ. 34-35): Առանց այդ անկեղծ, անշահախնդիր սիրո՝ մենք չենք կարող լինել քրիստոնյա… Մենք լիահույս ենք և աղոթող, որ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի այցելությունից հետո մեր եկեղեցիների փոխհարաբերությունները ջերմանան, ամրանան և, հարկավ, հիմնված փոխադարձ հարգանքի վրա՝ արդյունավորվեն նոր ձեռնարկներով ի փառս Աստծո, հօգուտ մեր հավատացյալների և ի բարօրություն համայն աշխարհի:

Իսկ հայ-իտալական, առհասարակ միջազգային և միջպետական հարաբերությունների առումով` պետք է լրջորեն մտածեն և գործեն մեր հարգարժան պետական այրերը և դիվանագետները: Իրենց պատմական հնարավորություն է տրվել Հայրենիքին ծառայելու, ուրեմն` այդ բարձր գիտակցությամբ թող գործեն և արտաքին, ներքին ճիշտ քաղաքականություններով՝ շենացնեն և հզորացնեն Հայաստանը:

Այս այցելությունը քաղաքական նշանակություն ունի, բայց կարող է նաև արդյունավետ քաղաքական հետևանքներ ունենալ, եթե պետական այրերն ու դիվանագետներն իմաստությամբ, քրտնաջան աշխատեն` չգոհանալով միայն Պապի այցի առիթով կազմակերպվող ցուցական, ֆանֆարային ընդունելությամբ: Խորամուխ լինենք սուրբ առաքյալի պատգամի մեջ. «…Պարծենալ պե՛տք է, բայց ոչ մեկ օգուտ չունի» (Բ. Կորնթ. ԺԲ. 1):

 Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված Հռոմի պապի՝ հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերած բարի կամքի և սիրո դրսևորումը:

– Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը մեր ազգին և Հայաստանը տակավին ճանաչել է Արգենտինայից. այնտեղ կայք հաստատած պանդուխտ հայորդիք իրենց բարեպաշտ կյանքով և ազնիվ աշխատանքով ճանաչելի են դարձել` որպես հայ ազգի «արժեքների, մարդասիրության, քրիստոնեական հարստության փայլող օրինակներ»:

Շատ ճիշտ և արդար է արտահայտվել Կարդինալ Լեոնարդո Սանդրին՝ օրեր առաջ իր տված հարցազրույցի ժամանակ. «Պապը կարտահայտի իր երախտագիտությունն ու մեծարանքն այս ժողովրդի նկատմամբ, որն առաջնորդվել է քրիստոնեական ոգով և կարողացել է դարեր շարունակ պահել հավատքի թանկարժեք գանձն ու իր ազգային ինքնությունը: Սա հոգևոր ուժ է, որի շնորհիվ Հայաստանը կարող է կառուցել խաղաղության և հույսի ապագա»: Արդ, մնանք հանապազ աղոթող, որ Հռոմեակաթոլիկ եկեղեցու հոգևոր Պետը շարունակի միշտ մնալ որպես մի բարի, քաջ հովիվ և երբեք հանձին նրա՝ չխորհի, չխոսի ու չգործի Վատիկան-պետության շահադետ ղեկավարը:

Հարցազրույցը՝ Գևորգ Չիչյանի

Scroll Up