Բակո Սահակյան. Համադրելով Հայաստանի, Սփյուռքի և Արցախի ջանքերը, հնարավոր է հաջողությամբ իրականացնել ցանկացած առաջադրանք

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, որտեղ հանդիպում է ունեցել արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանի և դեսպանության աշխատակիցների հետ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպմանն արծարծվել են եվրոպական տարբեր կառույցներում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանը նշել է, որ այս հարթությունում առկա են կապերի ընդլայնման ու խորացման բավարար հիմքեր՝ հավելելով, որ, համադրելով Հայաստանի, Սփյուռքի և Արցախի ջանքերը, հնարավոր է հաջողությամբ իրականացնել ցանկացած առաջադրանք:

Աղբյուրի փոխանցմամբ, նույն օրը Բակո Սահակյանը Բրյուսելում Հայ Դատի գրասենյակում հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի անդամների հետ՝ կառույցի ղեկավար Կասպար Կարապետյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերին ու տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանն արժևորել է ՀՅԴ Հայ դատի գործունևությունը համահայկական նշանակություն ունեցող խնդիրների լուծման և Արցախին մշտապես սատարելու ուղղությամբ՝ նշելով, որ դրա շնորհիվ բազմաթիվ կարևոր հարցեր ստանում են արդյունավետ լուծում:

Scroll Up