Դավութօղլուն կոալիցիա կազմելու պարտականությունը կհանձնի Էրդողանին
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցությունից հետո «Ազգայնական շարժման» հետ կոալիցիա կազմելու անհաջող փորձից հետո «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ, վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այդ գործը հանձնելու է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին. գրում է Tert.am-ը:
Ինչպես տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը, այսօր ԱԶԿ-ի կառավարման խորհրդի նիստից հետո կոալիցիա կազմելու պարտավորությունը Դավութօղլուն հանձնելու է Էրդողանին։
Քննարկվում է տարբերակը, որ Էրդողանն այդ գործը կարող է հանձնարարել ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին։
Թուրքիայի քրդամետ «Ազգերի դեմոկրատիա» կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշը հայտարարել է բանակցություններին մասնակցելու ու կոալիցիա կազմելու իր մտադրության մասին։
«Վարչապետ Դավութօղլուն պետք է անմիջապես վայր դնի կառավարություն ձևավորելու լիազորությունները։ Եթե նախագահը կառավարության ձևավորման գործը հանձնարարի ԺՀԿ-ին, ապա մենք կասենք մեր տեսակետն ու չենք խուսափի պատասխանատվությունից։ Եթե ԺՀԿ-ն ցանկանա, մենք անպայման կբանակցենք»,- ասել է նա։
Դեմիրթաշի խոսքով՝ ակնկալվում է, որ նախագահը կառավարություն կազմելու լիազորությունը կտա երկրորդ խոշոր կուսակցությանը՝ ԺՀԿ-ին։
Այս կերպ՝ Դեմիրթաշը հասկացնել է տվել, որ մտադիր են ակտիվորեն մասնակցել գործընթացին և, համագործակցելով ԺՀԿ-ի հետ, նոր կառավարություն ձևավորել։
Հիշեցնենք, որ Թուրքիայում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԶԿ-ն չէր կարողացել ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը։
Դրանից հետո առաջ էր քաշվել կոալիցիոն կառավարություն ստեղծելու տարբերակը, սակայն խորհրդարան անցած մյուս երեք ուժերի հետ բանակցություններն այդ հարցում արդյունք չէին տվել: Եթե մինչև օգոստոսի 23-ը երկրում կառավարություն չձևավորվի, ապա արտահերթ ընտրություն անցկացնելու անհրաժեշտություն կառաջանա։