Շնորհակալությու՛ն Գերմանիա, շնորհակալությո՛ւն…

Գերմանիայի  Դաշնային Հանրապետության Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը 100 տարի անց ևս մեկ անգամ շեշտում է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված քաղաքակիրթ աշխարհի պայքարի անհրաժեշտության ու շարունակականության մասին։ Գերմանիայի օրենսդիրների կողմից հիրավի այս պատմական և գնահատելի քայլն իր լրջագույն նպաստը բերեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում:

Բանաձևն արժևորվում է նաև այն պատճառով, որ Գերմանիան՝ որպես Օսմանյան կայսրության դաշնակից, ընդունում է նաև իր մեղսակցությունը և դրանով շեշտում հիմնական մեղավորին՝ Թուրքիային: Նույնիսկ Բունդեսթագի բանաձևից հետո, երբ մեղսակիցներից մեկն ընդունում է իր մասնակցությունը, անտրամաբանական է, որ Թուրքիայի իշխանությունները դեռևս շարունակում են իրենց որդեգրած ժխտողական քաղաքականությունը, խաբում են իրենց ժողովրդին՝ խուսափելով առերեսվել սեփական պատմությանը:

Մեր երախտագիտությունն ենք հայտնում Բունդեսթագի բոլոր պատգամավորներին,  բոլոր խմբակցություններին, բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել փաստաթղթի պատրաստման և ընդունման գործում:

ՀՀ սփյուռքի նախարարությունն իր գոհունակությունն է հայտնում Գերմանիայում բնակվող մեր հայրենակիցներին, համայնքում գործող տարբեր կառույցներին ու կազմակերպություններին, որոնց երկարատև ջանքերի, պայքարի շնորհիվ է նաև, որ աշխարհի կարևորագույն ամբիոններից մեկը՝ Գերմանիայի Բունդեսթագը, հարյուրամյա վաղեմության հանցագործությանը ճշգրիտ բնորոշում տվեց։

Այս բանաձևով սկսվում է նոր փուլ, և փոխվում է պայքարի գործիքակազմը՝ Հայ դատի նպատակները մինչև վերջ հասցնելու համար:

Շնորհակալությու՛ն Գերմանիա, շնորհակալությու՛ն Գերմանիայի հայ համայնք, շնորհակալություն…

Scroll Up