ՀՀ սփյուռքի նախարարությունը ցավակցություն է հայտնում Հալեպի Նոր Գյուղ թաղամասում 4 հայորդիների զոհվելու կապակցությամբ

ՀՀ սփյուռքի նախարարությունը ցավով տեղեկացավ հունիսի 2-ին Հալեպի Նոր գյուղ հայկական թաղամասում հրթիռակոծության հետևանքով 4 հայորդիների զոհվելու մասին լուրը:
Զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից ավելի քան 40 հրթիռ արձակվեցին Նոր Գյուղի վրա, ինչի արդյունքում լուրջ վնասներ կրեց Հայ Կաթողիկե համայնքի Ս․ Երրորդություն եկեղեցին, իսկ Զվարթնոց վարժարանի գրեթե բոլոր դասարանները կիսաքանդ վիճակի մեջ հայտնվեցին։ Ամենացավալին, սակայն, մարդկային կորուստներն են, որոնք անդառնալի են:
Վազգեն Ճապաղջուրյան (1942-ի ծնունդ),
Լեւոն Քելխաչերյան (1954-ի ծնունդ),
Հովսէփ Ջանեցյան (1967-ի ծնունդ),
Խաչիկ Ապուլապության (1949-ի ծնունդ):
Երեկ Հալեպի Ս․ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ այս 4 հայորդիների հուղարկավորությունը: ՀՀ սփյուռքի նախարարությունը հայտնում է իր խորին ցավակցությունը զոհվածների ընտանիքներին ու միանում նրանց հոգիների հանգստության համար աղոթքներին: