«Առանց հավատքի դժվար է սահման պահել». Տեր Արամ քահանա Միրզոյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/06/Արամ-քահանա.jpg)
«Հայերն այսօր»-ի թղթակիցը զրուցել է Տավուշի մարզի Բերդ քաղաքի և Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի հետ:
-Տե՛ր Արամ, որպես տարածաշրջանի հոգևոր առաջնորդ՝ ի՞նչ գնահատական կտաք այդ չքնաղ տարածքում ապրող ու արարող բնակչությանը հավատքի առումով և արդյոք լեռնային այդ արիակամ ժողովուրդը, բացի իր կամքի և բազկի ուժից, դժվար պահերին ապավինո՞ւմ է Աստծուն:
–Բերդի տարածաշրջանը, հիրավի, մեր Հայրենիքի ամենաչքնաղ վայրերից է. ասես դրախտավայր լինի:Անսահման գեղեցկություն, խորհրդավոր ու առինքնող անդորր:Հրաշք երկիր, հրաշք ժողովուրդ, հրաշք բնություն՝ իրար շաղկապված, իրար լրացնող, ամբողջացնող: Անհնար է այցելել Տավուշ և չդառնալ նրա պատմության ու ներկայի մի մասնիկը: Այստեղ լոկ հուշերով չեն ապրում: Այստեղ անցյալն իմաստավորվում է ներկայով, այստեղ ապրում են ներկայի մեջ՝ հայացքները սևեռած ապագային:Մեզ համար պատիվ է այս ժողովրդի զավակը լինել: Զորավոր հավատքով ժողովուրդ ունենք: Զորավոր հավատք, որ փաստված է կյանքով, զարդարված քրիստոնեական առաքինություններով: Պարզապես, այստեղ ոչ թե հավատքի խնդիր կա, այլ՝ գիտելիքի, որ երբեմն շփոթում են: Այ, այստեղ մենք շատ անելիք ունենք: Ավետարանը մեզ ասում է.«Ծառն իր պտղից է ճանաչվում…» հմմտ.Մատթ.7.17-19:Ամեն Աստծո օր կարելի է տեսնել հավատքի գործերի բարի պտուղներ: Առանց հավատքի դժվար է սահման պահել, երկար տոկալ , պայքարել ու հաղթել: Հավատքով զորացած՝ մեր ժողովուրդը վստահ է, որ վերջնական հաղթանակը մերն է լինելու, որովհետև մենք գիտենք ապավինել Աստծուն, իսկ մեր Աստվածը հաղթանակած Աստված է:
-Տե՛ր հայր, լինելով հոգևորական, հնարավո՞ր է, որ օրհասական պահին Դուք Ձեր հոտին առաջնորդեք միայն առ Աստված ուղղված աղոթքներով, թե՞ նաև ի զեն կկոչեք և ինքներդ էլ զենք կվերցնեք ՝ դիմագրավելու թշնամյաց:
–Երբևէ չի եղել, որ հայ հոգևորականը պարապ ձեռքերով լինի: Համեմատաբար խաղաղ ժամանակներում հոգևորականը մի ձեռքում խաչ է ունեցել, մյուս ձեռքում՝ գրիչ: Օրհասական պահերին գրիչը փոխարինվել է սրով: Յուրաքանչյուր հայ հոգևորականի մեջ Ղևոնդ Երեցի և Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանցի ոգին է թևածում: Մեզ այսպես են սովորեցրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Մեր հակառակորդը (չասելու համար՝ թշնամին) միայն այդ լեզուն է հասկանում. ի՞նչ արած, պետք է այդ լեզվով խոսենք: Փառք Աստծո, ի հարկին մեր զինվորները ցույց տվեցին, որ դա կարող են բոլորից լավ անել: Դժբախտաբար, ապրելու իրավունքը ցայսօր վաստակում են տևականացող պայքարով: Այստեղ ամեն մի մարդ նախևառաջ զինվոր է՝ հայրենյաց պաշտպան:
-Սովորաբար, լեռնային ժողովուրդն այնքան էլ հավատքով չի լինում. այս տեսանկյունից ի՞նչ կարծիք ունեք տավուշցիների մասին: Մասնակցո՞ւմ են պատարագների , զորավո՞ր են հավատքի մեջ:
– Գրեթե 100 տարի Բերդում եկեղեցու զանգեր չէին հնչել, պատարագ չէր մատուցվել, վերջին տարիներին տեղի ունեցավ Սուրբ Հովհաննես եկեղեցու օծման արարողությունը: ժողովուրդն, անշուշտ, հաճախում է եկեղեցի , մասնակցում պատարագների, զորավո՛ր է հավատքը:
-Խոսենք պատանիների , երիտասարդների, սահմանը պահող մեր զինվորների հավատքի մասին:
-Ես եղել եմ նաև դիրքերում և համոզվել եմ , որ հավատքն է մղում հաղթության. հաճախ եմ տեսել , որ զինվորները խրամատներ են փորում և այնտեղ խաչեր են տեղադրում:
–Տե՛ր Արամ, ղարաբաղաադրբեջանական հակամարտության դեռևս անորոշ այս իրավիճակում ի՞նչ պարտավորություն ունի յուրաքանչյուր հայ:
-Ի վերջո, բոլորը պետք է հասկանան, որ մենք տարածքների համար չէ, որ զենք ենք վերցրել ազգովի. մենք Հայրենիքի պաշտպանության և ազատագրության սրբազան պարտավորություն ունենք: Հայրենիք, որ Ամենակալ Աստծո կողմից տրվել է Հայոց Հայկ Նահապետին՝ իբրև անգնահատելի ժառանգություն: Եվ մենք, նույնիսկ ամենաթանկ գնով, պատրաստ ենք պահել ու պահպանել այդ ժառանգությունը՝ սրբազնասուրբ հող հայրենին:
Կարինե Ավագյան