«Ցանկացած երկրի հզորացման հենակետը զարգացած տնտեսություն ունենալն է». Լևոն Բլքյան
Մայիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նորընտիր անդամներին:
Վարչության փոխատենապետ (Սիրիայից) Լևոն Բլքյանի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
-Պարո՛ն Բլքյան, ՌԱԿ-ը հիմնականում ի՞նչ ծրագրեր է իրականացնում Հայաստան-Սփյուռք-Արցախ եռակողմ համագործակցության շրջանականերում:
-Մենք հավաքվեցինք այս երկու օրը և մեր պատգամավորական ժողովն արեցինք, արդյունքում ծրագրեր մշակեցինք՝ կապված հատկապես Հայաստանի և Արցախի հետ. Հայաստանի հետ կապված առաջիկա ծրագրերից մեկն այն է, որ կազմակերպենք և այստեղ իրականացնենք մեր տնտեսական առաջին համաժողովը , փորձենք Հայաստանի տնտեսությամբ հետաքրքրված, ներդրումներ անելու ցանկություն ունեցող մեր սփյուռքահայերին ներգրավել հայրենական տնտեսության ոլորտում:
Մենք ավելի շատ միտված ենք տնտեսության զարգացմանը, որովհետև ցանկացած երկրի հզորացման հենակետը զարգացած տնտեսություն ունենալն է: Մոտ ապագայում պետք է կազմակերպեինք համաժողովը, սակայն մեկ տարով հետաձգեցինք, որովհետև Հայաստանում որոշ տնտեսական օրենքներ նոր են ուսումնասիրվում և նոր պետք է կազմվեն, հստակեցվեն: Ինչ վերաբերում է Արցախի հետ կապված ծրագրերին, նախ ասեմ, որ այնտեղ մենք ստեղծեցինք ՌԱԿ-ի մեր կառույցը, որի հետ սերտ կապերի մեջ ենք, կուզենք, որ փոքրիկ ներդրումներով Արցախում էլ տնտեսության աճ գրանցենք, որպեսզի Արցախը տնտեսապես կայունանա: Մեր դիտակետում երկրի տնտեսությունն է, որովհետև տնտեսապես կայուն և զարգացած երկրից ժողովուրդը չի հեռանա. հավատացած ենք,որ տնտեսության զարգացումն այն կարևոր խթանն է, որը կստիպի մարդուն կառչած մնալ իր հողին, իր Հայրենիքին, և դրա արդյունքում Հայրենիքը կբարգավաճի:
-Ի՞նչ մասնագետ եք, պարո՛ն Բլքյան և արդյոք Ձեր մասնագիտությամբ ինքներդ կարո՞ղ եք ներդրումներ անել Հայրենիքում՝ դառնալով տնտեսության զարգացման նվիրյալներից մեկը:
-Մասնագիտությամբ քիմիկոս եմ: Սիրիայում աշխատել եմ իմ մասնագիտությամբ: Հիմա Հայաստանում զավակներիս հետ հագուստի արտադրությամբ և վաճառքով ենք զբաղված. մենք ցանկանում ենք զարկ տալ հագուստի հայրենական արտադրությանը: Ունենք մեր արտադրամասը, մեր վաճառատունը Երևանում: Արցախում դեռևս արտադրություն չենք սկսել, սակայն մեր արտադրանքը հասնում է նաև Արցախ, ապագայում այնտեղ ևս կսկսենք ծավալել մեր գործունեությունը: Իմ տղան և աղջիկը Հայրենիքում հաստատվել են մոտավորապես երեքուկես տարի առաջ, իսկ ես՝ գրեթե երկու տարի առաջ: Մենք որոշեցինք այս ներդրումն անել Հայաստանում և զարկ տալ հայրենական արտադրությանը. պետք է ասեմ, որ բավականաչափ հաջողություններ ունենք և որոշել ենք ընդլայնել, այդ օրինակը տարածել նաև ուրիշների վրա: Կարծում եմ՝ կհաջողվի:
-ՌԱԿ-ը որտե՞ղ է առավել մեծ գործունեություն ծավալում՝ Սփյուռքո՞ւմ, Հայաստանո՞ւմ….
–ՌԱԿ-ը ստեղծվել է 1921-ին , Սփյուռքում և տարածվել բոլոր այն գաղութներում, ուր հայեր են ապրում: Հայաստանի անկախացումից մի տարի անց մենք այստեղ էլ կառույց ունեցանք:Մի ժամանակ խորհրդարանում 22 պատգամավոր ունեինք: Անշուշտ, Հայրենիքում աշխատանքի ձևը մի քիչ տարբերվում էր Սփյուռքից,այդ պատճառով որոշ ժամանակ մենք չկարողացանք համաքայլ գնալ այստեղի մտածողության հետ,սակայն հիմա շատ բան է փոխվել, և մենք հիմա փորձում ենք աշխատել ավելի կազմակերպված, ավելի պատրաստ և ներդրումներ անել:
-Պարո՛ն Բլքյան, խոսենք ՀՀ սփյուռքի նախարարության հետ ունեցած համագործակցության մասին:
– Սփյուռքի նախարարությունը մեր տունն է: Մենք կարողանում ենք մեր ունեցած մտահոգություններով ու խնդիրներով հաղորդակցվել ու խորհրդակցել նախարարի հետ:
-Կարողանո՞ւմ եք հասցնել արտադրության հետ կապված գործերն ու կուսակցության աշխատանքները:
-Սփյուռքում, հատկապես՝ Սուրիո, Հալեպի մեջ ապրող հայերն, իրենց ընտանեկան, աշխատանքային գործերից բացի, միշտ զբաղված են լինում հասարակական գործունեությամբ: Մեր անձնական գործերն ավարտելուց հետո հավաքվում ենք որոշ կենտրոններում, վայրերում և փորձում ենք սիրողական, անվճար ձևով առաջ տանել կուսակցության գործերը:
-Մյուս կուսակցությունների հետ լա՞վ հարաբերություններ ունեք:
-Այո՛, միշտ էլ համախմբված էինք, սակայն, հատկապես սիրիական պատերազմի սկսվելուց հետո, բոլոր կուսակցություններն առավել միասնական դարձան, առաջին օրվանից ստեղծվեց «Շտապ օգնության և վերականգնումի մարմին», որում բոլոր կուսակցությունների, բարեգործականի, կղերականների, օգնության խաչի հետ միասին շաբաթը 1-2 անգամ հավաքվում էինք՝ սիրիական գաղութների օգնության հարցերը լուծելու: Այդպես համախմբված ենք եղել նաև Արցախի ապրիլյան պատերազմի օրերին, նաև՝ հիմա, իսկ Արցախի մեր կառույցի ընկերները, զենքը ուսերին, արդեն դիրքերում են:
Հարցազրույցը՝ Կարինե Ավագյանի