Երուսաղեմի միացյալ հանձնախմբի անդամները ՊԲ-ին դեղորայք և բժշկական սարքավորումներ են տրամադրել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական կարիքների բավարարմանը միտված բարեգործական նախաձեռնությամբ են հանդես եկել Երուսաղեմի միացյալ հանձնախմբի անդամները, ովքեր, կենտրոնացնելով տեղի հայ համայնքի ներուժը, պաշտպանության բանակի համար ձեռք են բերել դեղորայք և բժշկական սարքավորումներ, զինծառայողների համար նախատեսված անհատական դեղատուփեր:
«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Մայիսի 27-ին միացյալ հանձնախմբի ներկայացուցիչներին ընդունել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանձնախմբի կողմից ՊԲ-ին ուղղված ծրագրային հետագա նախաձեռնություններին վերաբերող հարցեր:
Այնուհետև միացյալ հանձնախմբի անդամներն այցելել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, տրամադրել դեղորայք և բուժսարքավորումներ, շփվել վիրավոր և առողջական այլ խնդիրներ ունեցող զինծառայողների հետ: Հյուրերը նաև շնորհակալություն են հայտնել բուժանձնակազմին ապրիլյան իրադարձությունների ժամանակ մասնագիտական պարտքը բարձր մակարդակով կատարելու համար և հավաստիացրել, որ այսուհետ ևս պատրաստ են հանդես գալու նման նախաձեռնություններով:
Միացյալ հանձնախմբի անդամները նույն առաքելությամբ այցելել են նաև բանակային առաջնագիծ: