«Մեր Հայրենիքն սկսվում է այնտեղից, որտեղ մեր սահմաններն են ու մեր եղբայր զինվորները». Կարո-Եղիազար Ուզունյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/05/Garo-Uzunyan.jpg)
Ղարաբաղաադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով հերոսաբար զոհված ու վիրավորված զինվորների ընտանիքներին աշխարհի տարբեր ծայրերից ձեռք են մեկնում նաև սփյուռքահայերը՝ անհատներ, համայնքային և եկեղեցական կառույցներ, կրթական հաստատություններ, մշակութային օջախներ: Համախմբված հայությունը փորձում է ասես կյանքի կոչել մեծ բանաստեղծի կոչ-պատգամը՝ «Բա՛վ է հայեր, ցրված մնաք մատներիս պես, բռունցքվելն է հավերժությունը Հայաստանի»:
«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ այսպիսի առաքելությամբ Է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքից Հայաստան եկել մեր հայրենակից, «Դարիք» ռադիոկայանի աշխատակից Կարո- Եղիազար Ուզունյանը:
«Հայաստան եմ եկել Արցախի օգնության հարցով: Ես ռոք –ակումբ ունեմ, ուր շատ երգիչներ են հավաքվում. ես նրանց հորդորեցի օգնել Արցախում զոհված ու վիրավորված տղաների ընտանիքներին: Համերգներից ստացված ողջ հասույթը ուղղորդելով դեպի Արցախ՝ մենք ցանկանում ենք ինչ-որ կերպ մեր լուման ներդնել այդ գործում եթե ոչ ՝ կռվելով, ապա՝ գոնե ֆինանսապես աջակցելով ապրիլյան օրերին հերոսաբար զոհված ու վիրավորված զինվորների ընտանիքներին: Օգնեցին ոչ միայն ազգությամբ հայերը: «Սիրուն» համույթից երգեցին երկու հայ աղջիկ, պարեց «Երազ» պարախումբը: Հավաքված 5500 եվրո գումարը պետք է տանեմ Արցախ ու բաժանեմ զինվորների ընտանիքներին. հիմա սպասում եմ, որ ցուցակները ճշտվեն, որպեսզի վաղը մեկնեմ Արցախ: Ցանկություն ունեմ հանդիպելու ԼՂՀ վարչապետին, լինել դիրքերում ,առաջնագծում, զրուցել մեր զինվորների հետ, լուսանկարել նրանց , քաջալերել: 20 տարի առաջ ես զինվորական ծառայությունս անցել եմ Բուլղարիայում, սպայական կոչում ունեմ. Աստված չարասցե, եթե կրկնվեն պատերազմական գործողությունները, ես անպայման կմեկնեմ առաջնագիծ: Շատ առաջ ,երբ դեռևս ամուսնացած չէի ու զավակ չունեի, հայրս նման մտքիս համաձայնություն երբեք չէր տա, սակայն հիմա համաձայն է, հանգիստ է ինչ-որ առումով , որովհետև ժառանգ ունեմ: Ցավոք, պետք է ասեմ,որ շատ բուլղարացիներ չգիտեն Արցախի մասին, չգիտեն ողջ ճշմարտությունը: Մենք հնարավորություն չունենք նրանց բոլորին իրազեկել օբյեկտիվ պատմության մասին: Ես աշխատում եմ Բուլղարիայի ամենամեծ ռադիոկայանում, որը պետական կարգավիճակ չունի, սակայն օբյեկտիվ լուրեր հաղորդող լրատվամիջոց է, բայց այդ թեման լուսաբանելու համար տրվող ժամանակը վայրկյանների մեջ է: Մեր ակումբը կոչվում է «Բիբլիոտեկա», որովհետև ամեն ինչ է ներառում՝ կինո, թատրոն, երաժշտություն, պար, գրականություն, նկարչություն, մի խոսքով՝ արվեստների աստղաբույլ: Օտար երկրում մենք ձգտում ենք հնարավորինս պահպանել հայոց լեզուն, մեր ավանդույթները, ընտանեկան նիստուկացը, վառ պահել հայրենասիրական ոգին: Այն, ինչ անում ենք Արցախի համար, կարծում եմ՝ չի վերջակետվի: Ողջ սփյուռքը կարթնանա և կօգնի սահման պահողների ընտանիքներին, սահմանամերձ բնակավայրերին: Երբ Հայրենիքը նեղության մեջ է, Սփյուռքը չի կարող նեցուկ չլինել, ավելին՝ իր ներկայությամբ չպաշտպանել Արցախի, Հայաստան աշխարհի սահմանները: Հայրենիքն սկսվում է այնտեղից, որտեղ մեր սահմաններն են ու մեր եղբայր զինվորները»:
Կարինե Ավագյան