Հայաստանը պետք է սիրել գործնականորեն. ամերիկահայ հայրենադարձ

Ուիլյամ Բայրամյանը ծնվել, մեծացել է Գլենդելում (ԱՄՆ): Նրա պապերը 40-ականների հայրենադարձության ժամանակ Սիրիայից և Լիբանանից նախ եկել են Հայաստան:

Հայրական պապը ցեղասպանությունը վերապրածներից էր, ու նրա համար Հայաստանում հաստատվելը կարևոր խնդիր էր: Նա գիտնական էր, մի քանի լեզուների էր տիրապետում: Սակայն այդպես էլ չի համակերպվում խորհրդային իրականության հետ և, ի վերջո, հեռանում է Հայաստանից` ընտանիքով հաստատվելով Միացյալ Նահանգներում: Ուիլյամը պատմում է, որ երբ պապը պետք է գիտական թեզը պաշտպաներ, նրա աշխատանքը չեն ընդունում` ասելով, թե պետք է ռուսերեն գրված լինի: Նա հրաժարվում է պաշտպանությունից` ասելով, որ եթե Հայաստանում է, ապա պետք է հայերեն գրի:

Տեղափոխվելով ԱՄՆ` պապը չէր էլ կարող երազել, որ 40 տարի անց հայրենիքում հաստատվելու իր կարևոր նպատակն իրագործելու է թոռը` Ուիլյամը, որը մեծացել էր տիպիկ ամերիկյան միջավայրում, անգամ կարգին հայերեն չգիտեր: «Իմ կարծիքով` ծնողներս չէին ուզում, որ մենք, ապրելով Ամերիկայում, մեծանայինք միայն որպես հայ: Ուզում էին հավասարակշռությունը պահել, որպեսզի մենք և՛ ինտեգրվեինք մեր ապրած միջավայրին, և՛ մնայինք հայ»: Սակայն խոստովանում է նաև, որ ամերիկյան միջավայրն իրենց աստիճանաբար հեռացրել էր հայությունից ու հայկականությունից:

Մինչև 4-րդ դասարանը նա հաճախում էր հայկական վարժարան, ու արդեն քիչ թե շատ գոնե գրել-կարդալ գիտեր, սակայն դրանից հետո արդեն` ամերիկյան քոլեջ, համալսարան: Հիշում է՝ երբ փոքր էին, տանը խոսում էին միայն արևմտահայերեն. պապն էր ցանկանում, որ արևմտահայերեն հայոց լեզուն չկորչի, հայրն էլ հետևողականորեն իրականացնում էր դա: «Ես արևելահայերեն ընդհանրապես չգիտեի, նույնիսկ չգիտեի, որ դրանք տարբեր են»,- ծիծաղում է նա: Այժմ Ուիլյամը խոսում է մաքուր արևելահայերեն, սակայն սովորել է վերջին մի քանի տարվա ընթացքում: Իսկ մինչ այդ կամաց-կամաց արդեն արևմտահայերենը տեղը զիջում էր անգլերենին: Ուիլյամը երբեմն ընդվզում էր ծնողների դեմ, որ ստիպում էին հայերեն խոսել, ասում էր՝ եթե այդքան շատ եք սիրում հայերենը, ինչո՞ւ եք եկել Ամերիկա:

Դպրոցն ավարտելուց հետո Ուիլյամն ընդունվում է Կալիֆոռնիայի UCLA համալսարան` ուսումնասիրելու քաղաքագիտություն: Ամերիկայում ծնված, մեծացած, ամերիկյան կրթություն և արժեքներ ստացած հայազգի երիտասարդի մեջ ազգային էությանը, արմատներին վերադառնալու ձգտումն արթնանում է միայն այն ժամանակ, երբ առաջին անգամ դուրս է գալիս Գլենդելից և մեկ տարով մեկնում Ֆրանսիա՝ ուսումը շարունակելու: Նկատում է, որ օտարության մեջ փնտրում է ոչ թե ամերիկյանը, այլ հայկականը: «Սկսեցի կարոտ զգալ, ամեն տեղ փնտրում էի իմ համայնքը, իմ մշակույթը, իմ եկեղեցին, հայկական ռեստորաններ էի հաճախում, որ հայերի հանդիպեմ և այլն»:

Վերադառնալով Միացյալ Նահանգներ` Լոս Անջելեսում աշխատանքի է անցնում ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբում: Հետաքրքիր ու եռուն քաղաքական գործունեության ամփոփումից հետո, որպես քաղաքագետ ուսումը շարունակում է Կոլումբիայի համալսարանի մագիստրատուրայում: Այստեղ արդեն հասկանում է, որ ժամանակն է գործնականում դրսևորելու հայկական գործոնը: Կուրսում բազմաթիվ թուրքեր և մի քանի ադրբեջանցիներ կային, հայ` ընդամենը մի քանի հոգի: Առաջին անգամ նա բախվում է թուրք-ադրբեջանական ագրեսիային, հասկանում, որ պետք է համախմբվել` թուրքական քարոզչությանը հակազդելու և հայկական տեսակետը առաջ տանելու համար: Հենց այդ ժամանակ էլ Ուիլյամ Բայրամյանն իր հայ ընկերների հետ Կոլումբիայի համալսարանում կազմակերպում է հայագիտական համաժողով` հրավիրելով բազմաթիվ օտարերկրյա մասնագետների և հյուրերի: Թուրքերը փորձում են խափանել համաժողովը, բայց չի ստացվում: Ավելին, միջոցառումը մեծ արձագանք է գտնում և դառնում ավանդական:

Դրանից հետո Ուիլյամը Կոլումբիայի համալսարանում մասնակցում է Թուրքիայի պատմության դասընթացների և հասկանում, որ այդ դասընթացները պարզապես կեղծ քարոզչություն են Թուրքիայի մասին. «Դասախոսն ամերիկացի էր, բայց կարծես այդ մարդուն Թուրքիայի արտգործնախարարությունից վերցրած ու դրած լինեին Կոլումբիայի համալսարանում: Այդպես ժամանակի հետ կոփվեցի, հասկացա, որ էսպիսին է աշխարհը, և որոշեցի, որ իմ ուղղությունը, իմ հետաքրքրությունները կապված են միայն հայ ժողովրդի, մեր պատմության, մեր քաղաքականության հետ»: Իսկ այդ ամենն անելու համար պետք էր նաև կատարելագործել հայերենը: Ուիլյամը սկսում է սովորել արևելահայերեն, կարդալ հայ գրականություն, գնալ հայկական գրադարաններ ու գրախանութներ, ուսումնասիրել հայկական կայքերը, 20 տարի ընդմիջումից հետո գրել հայերեն, մի խոսքով` սկսել գրեթե զրոյից:

Առաջին անգամ նա Հայաստան է գալիս 2005 թ.: Անկեղծորեն խոստովանում է, որ իր վրա առաջին այցը շատ մեծ տպավորություն է թողնում, քանի որ հայերի մասին իր պատկերացումները մեծ հաշվով ձևավորվել էին լոսանջելեսահայության շրջանակներում: Ուիլյամի համար իսկական բացահայտում էր հայաստանաբնակ հայերի հետ շփումը` ամենադրական առումով: Այդ ժամանակ նա փորձում է Հայաստանում գործ գտնել ու մնալ, բայց չի հաջողվում: Վերադառնալով Լոս Անջելես` նա առաջարկ է ստանում աշխատելու Հայ դատի հանձնախմբում, դառնում է հանձնախմբի արևելյան ափի գործադիր տնօրենը: Երկու տարի ծառայելով Ամերիկայի հայ համայնքին` նա գործնականում ներդնում է իր քաղաքագիտական գիտելիքները, միաժամանակ շարունակում ուսումնասիրել հայոց պատմությունը, մշակույթը, հայկական խնդիրները: «Էդ ժամանակ էր, որ իմ մեջ միտք առաջացավ` եթե այսքան ժամանակ ենք ծախսում և ջանքեր թափում մեր իրավունքները պաշտպանելու, մեր համայնքը կառուցելու, մեր խնդիրները աշխարհում բարձրացնելու համար, ինչո՞ւ այդ նույնը չենք անում Հայաստանում, որտեղ պետություն ունենք վերջապես»:

Ուսումնասիրելով Հայոց ցեղասպանությունից առաջ գրված հեղափոխական գրականությունը, զարթոնքի շրջանը, անգամ դրանից առաջ եղած ժամանակաշրջանը` նա հասկանում է մի պարզ բան. բոլոր ժամանակներում հայերի գերագույն նպատակը եղել է իրենց հայրենի տարածքներում պետություն կառուցելը: «Վերջապես ունենք, ուրիշ ի՞նչ ենք ուզում,- ասում է նա,- էդ հայրենիքը կա, էդ պետությունը կա: Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է լինի հայ ժողովրդի կենտրոնը, ու վերջ: Մենք ուրիշ տեղ չունենք, որտեղ պետք է ապրենք որպես հայ ու միայն հայ: Մենք բոլորս պետք է կառուցենք էս երկիրը: Ու ամենակարևորը` այդ ամենը պետք է արվի Հայաստանում»:

Նա հիշեցնում է սիրիահայերի օրինակը, որտեղ հարյուր տարի հայերն ապրեցին, կուռ համայնք ստեղծեցին, մասնակցեցին այդ երկրի բարգավաճմանը, բայց ի վերջո ստիպված եղան փախչել ու կրկին ցրվել աշխարհով մեկ: Ուիլյամն արդեն մեկ տարի է` Հայաստանում է, այստեղ նոր կյանք է սկսել` ընտանիք կազմելով ամերիկահայ սիրած աղջկա հետ: Ասում է, որ վերջնականապես հայրենադարձվել է: Հայաստանում Ուիլյամն աշխատել է «100 կյանք» նախաձեռնության կազմում, Սփյուռքի հետ կապի պատասխանատուն է եղել: Այժմ զբաղվում է Հայաստանն ու հայկական խնդիրներն աշխարհին ներկայացնելու սեփական նախաձեռնությամբ:

The Armenite. այսպես է կոչվում այն մեդիա հարթակը, որտեղ բարձրակարգ անգլերենով աշխարհին են ներկայացվում նոր մտածելակերպով, նոր գաղափարախոսությամբ հոդվածներ, վերլուծություններ, տեսակետներ Հայաստանի, հայերի, հայոց պատմության, մշակույթի և առհասարակ հայության մասին: The Armenite կայքում մի կարևոր սկզբունք է ամրագրված, որով պետք է առաջնորդվի կայքի հետ համագործակցող յուրաքանչյուր մարդ, այն է՝ սիրել հայ ազգը: Սա Ուիլյամի համար առանցքային հարց է, քանի որ նա վստահ է, որ հենց դա է Հայաստանը զարգացնելու գրավականը. «Իսկ սիրելը լոկ դրոշակները գլխավերևում պահելով և սիրո խոսքեր ասելով չպետք է արտահայտվի, ալ որոշակի, գործնական քայլերով»: Ուիլյամը կարծում է, որ Հայաստանի դժվարություններն ու խնդիրները գալիս են նրանից, որ մենք, հարյուրավոր տարիներ չունենալով պետություն, դեռևս լիարժեք չենք յուրացրել պետություն ունենալու փորձն ու մշակույթը:

Այնուամենայնիվ, ի տարբերություն շատերի, նա ուզում է խոսել ոչ թե Հայաստանի թերություններից ու ձախողումներից, այլ մատնանշել այն առավելությունները, ձեռքբերումներն ու առաջընթացը, որոնք ունեցել ենք նվազագույն պայմաններում: «Թուրքիան ու Ադրբեջանը վերջին 25 տարվա ընթացքում մեզ փորձել են ուղղակի ոչնչացնել, մենք կտրված ենք աշխարհից, պատերազմի մեջ ենք, չունենք բնական ռեսուրսներ, բայց ոչ միայն չենք ոչնչացել, այլև կարողացել ենք երկիր կառուցել, դեռ մի բան էլ ավելին` ստեղծել ոլորտներ, որոնցով մրցում ենք: Ես համոզված եմ, որ որևէ այլ ազգ դա չէր կարողանա անել»:

Ankakh.com

27744_large 27745_large

Scroll Up