Շնորհակալությո՛ւն, չեմպիոն, որ շարունակում ես բարձրացնել Հայաստանի դրոշը

Հայուհիները սխրանքներ են գործել բոլոր ժամանակներում՝ պատերազմների և խաղաղության օրերին: Նրանց  անօրինակ սխրանքն առաջին հերթին ընտանիքի պահապան հրեշտակը լինելն է, անմնացորդ նվիրումը երեխաներին ու  ամուսնուն, հարազատներին: Իսկ թե  ինչպիսի անձնազոհությունների են գնացել Հայրենիքի համար, արտացոլում  են   մեր պատմության  էջերը, որտեղ  ոսկե դրոշմով են հավերժացել շատ խիզախ հայուհիների անուններ:

…Հայրենիքին մատուցած  ծառայությունները հենց այնպես չեն անցնում. հայ ժողովուրդը միշտ էլ գնահատել, արժևորել է այդօրինակ սխրանքները և իր սրտի ու հիշողության մատյանում երկաթագրերով  ամրագրել դրանք: Մեր օրերում  շատ հայուհիներ   տարբեր ոլորտներում հերոսանում են իրենց  մասնագիտական արտասովոր ձեռքբերումներով, աշխարհի մակարդակով ունեցած  բարձրարժեք  նվաճումներով: Այսօր սպորտի, մասնավորապես՝ ծանրամարտի  գծով,  հպարտանալու առիթներ շատ ունենք. Հայաստանի  ծանրամարտի կանանց հավաքականի ծանրամարտուհիներ Նազիկ Ավդալյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը աշխարհի և Եվրոպայի  մրցումներում  կարողացան բարձր պահել Հայաստանի  պատիվն ու գերազանց հաղթանակները նվիրել Արցախում կռվող, մեր սահմանները պահող զինվորներին: Ընդամենը 29-ամյա մարզուհին՝ Նազիկ Ավդալյանը, քանիցս հասցրել է նվաճել ծանրամարտի Եվրոպայի ու աշխարհի չեմպիոնների  կոչումները, Հայաստան բերել արծաթե ու ոսկե մեդալներ: 2016-ին Նորվեգիայի  ֆյորդե քաղաքում կայացած Եվրոպայի մրցումներում  <<պոկում>> մոտեցումով Նազիկը 105 կգ-ով դարձավ փոքր արծաթե մեդալակիր, իսկ <<հրումով>>՝132 կգ և երկամարտում՝ 237 կգ՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

…Ապրիլյան պատերազմական  լարված օրերին, երբ համայն հայությունը մի բռունցք էր դարձել, մեր մարզիկներն էլ  մարզական աշխարհում փայլուն կատարեցին իրենց  գործը. հայրենասիրությունը նաև այս դրսևորումն ունի, և այն ամենն, ինչ արվում է Հայաստան անվան և Հայաստանի  դրոշի ներքո, արվում է հանուն Հայրենիքի,  և այդ մարդիկ կոչվում են   Հայրենիքի զինվորներ, Հայրենիքի պաշտպաններ:Նրանցից մեկն է Նազիկ  Ավդալյանը՝ արտաքուստ և ներքուստ առյուծածին, ուժեղ, սակայն նույնքան կանացի և փխրուն մեր հմայիչ  հայուհին,  ում  հետ ծավալված իմ զրույցի ընթացքում բացահայտվեց  նաև նրա մարդկային հրաշալի էությունն ու  հայուհու  կերպարը:

-Նազիկ,  եթե չդառնայիր ծանրամարտիկ, ուրիշ ի՞նչ մասնագիտություն կընտրեիր. մեզնից  յուրաքանչյուրն իր մանկության, դպրոցական տարիներին փայփայած երազանք է ունենում, ինչ- որ մասնագետ դառնալու ցանկություն, ո՞րն է եղել Նազիկ Ավդալյանի երազանքը:

-Ես վաղուց եմ սկսել զբաղվել այս մարզաձևով, սակայն , այ՛ո, ես էլ վաղ տարիքում երազում էի դառնալ տիեզերագնաց, տարված էի հաղորդավարուհի դառնալու մտքով:

-Ծնողներդ, լինելով ավանդապաշտ գյումրեցիներ, երբևէ  չ՞են խոչընդոտել ծանրամարտով զբաղվելու ցանկությանդ:

-Իր՛ավ է, գյումրեցիները շատ ավանդապաշտ են, և մայրս դեմ էր, որ  իր աղջիկը զբաղվի ծանրամարտով: Այդ հարցում նա հորս աջակցությունն էր ակնկալում, սակայն հայրիկս իմ կողմից էր:

-Նազիկ, ու՞մ ես համարում քեզ արժանի մրցակից, ո՞ր երկրների հավաքականներն են  քո կարծիքով ուժեղագույնների ցուցակում:

-69 կգ . քաշայինների կարգում չունեմ մրցակիցներ: Ինչ վերաբերում է հավաքականններին, ուժեղագույնների կազմում ինձ համար Չինաստանի, ՌԴ-Ի, Բելառուսի հավաքականններն են:

-Ամուսինդ դեմ չէ՞, որ շարունակես պարապել  կնոջ,  ընտանիքի մոր համար ծանր մարզաձևով:

-Մեջքիս վնասվածքից հետո դեմ էր և ասում է՝ եթե առողջությունդ վտանգված չէ, կարող ես շարունակել:

-Ամուսինդ ի՞նչ մասնագիտություն ունի:

-Ամուսինս՝ Էրիկ Կարապետյանը, մասնագիտանում է իրավաբանության մեջ:Արցախում սկսված պատերազմական գործողությունների ժամանակ  կամավոր հիմունքներով գնաց Արցախ՝ մեր զինվորների կողքին կանգնելու, մի կարճ  ժամանակով  վերադարձել է  այնտեղից (կարոտել էր մեր բալիկին) և կրկին գնալու է:

-Սիրելի՛ Նազիկ Ավդալյան, եթե նորից ծնվեիր, կընտրեի՞ր արդյոք նույն մասնագիտությունը:

-Այո՛, կընտրեի նույն մասնագիտությունը. իմ տեղը ծանրամարտում է:

-Շնորհակալությո՛ւն չեմպիոն, հետաքրքիր ու անկեղծ հարցազրույցի համար, շնորհակալություն, որ միջազգային հարթակներում միշտ բարձր ես պահել  հայի ու Հայրենիքի պատիվը և շարունակում ես  բարձրացնել Հայաստանի  դրոշը:

                                                                                                Կարինե Ավագյան

12 3 4

Scroll Up