Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Չեռնոգորիայում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/ЧЕРНОГОР�?Я2.jpg)
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման և հիշատակի արարողություններ տեղի ունեցան Չեռնոգորիայի մի շարք վայրերում: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:
Ապրիլի 24-ին Գրբալի Սբ.Վարվառայի եկեղեցում պատարագ մատուցվեց Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Չեռնոգորիայի հայ համայնքի ներկայացուցիչների կողքին հիշատակի արարողություններին մասնակցեցին սերբեր, չեռնոգորցիներ, ռուսներ, ուկրաինացիներ, գերմանացիներ, հրեաներ, հույներ, վրացիներ, բելառուսներ: Ներկա էին սերբ ուղղափառ եկեղեցու, գործարար շրջանակների, զանգվածային լրատվամիջոցների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների, այդ թվում, ռուսական «Բալկանյան միջազգային կենտրոնի», Սերբական դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ, ովքեր իրենց ելույթներում համերաշխություն հայտնեցին հայ ժողովրդի հետ:
Կատարվեց հիշատակի մոմավառություն, քարոզի ընթացքում զուգահեռներ անցկացվեցին Օսմանյան Թուրքիայի և այսօրվա Ադրբեջանի վարած քաղաքականության, ինչպես նաև հայ և սերբ ժողովուրդների ճակատագրերի միջև:
Ելույթներ ունեցան Չեռնոգորիայի «Հայկական սփյուռք» կազմակերպության ղեկավար Գուրգեն Զաքոյանը, վարչության անդամ Արթուր Հանեսյանը և ուրիշներ՝ դատապարտելով Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը:
Հիշատակի արարողություն կատարվեց նաև Պրևլակա կղզու Սբ. Միքայել հրեշտակապետ վանքում, որի ժամանակ ելույթ ունեցավ «Անի» միության ղեկավար Աննա Պետրոսյանը: