Բուենոս Այրեսում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ոգեկոչման միջոցառումների շարքը

Բուենոս Այրեսի Հայկական վարժարանների  ավելի քան  երեք հարյուր աշակերտներ  նոյեմբերի 6-ին  մասնակցեցին «Հիշումի  եւ պահանջումի օրվան» միջոցառմանը, որի  ընթացքում նրանք  ցանեցին անմոռուկ ծաղիկի (որ ընտրվեց Հայոց  ցեղասպանության 100- ամյակի  խորհրդանիշ) սերմեր:  Այս մասին տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության Ամերիկայի հայ համայնքների վարչությունից:

Այս միջոցառմամբ Բուենոս Այրեսում մեկնարկեց  Հայոց  ցեղասպանության 100-ամյակին նվիրված ոգեկոչման միջոցառումների շարքը:

Մեծ խանդավառությամբ  եւ գիտակցությամբ նրանք երեք ժամ շարունակ աշխատեցին Հայ կենտրոնի Սիրանուշ սրահում: Միջոցառմանը ներկա  էին Հայաստանի Հանրապետության դեսպան  Վահագն Մելիքյանը, Արգենտինայի եւ Չիլիի հայոց թեմի առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը , հայկական դպրոցների  տնօրեններ, ինչպես նաեւ տարբեր կազմակերպությունների  ներկայացուցիչներ:

Անմոռուկի ցանված սերմերը  կնվիրվեն  նոյեմբերի 29-ին` Պարրանքաս դե Պելկրանո թաղամասում կայանալիք  «Բուենոս Այրեսը տոնում է  Հայաստանի օրը»  բացօթյա ժողովրդական հանդիսության ընթացքում:

Վերջինս  նույնպես անցկացվելու է   Հայոց ցեղասպանության 100-ամյակի  միջոցառումների շրջանակներում:

Scroll Up