Արգենտինահայ համայնքի հանդիպումները՝ արցախյան խնդրի շուրջ

Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը «Հայերն այսօրին» գրում է.

Այս օրերին, երբ վերստին պատերազմական իրավիճակ է ստեղծվել ղարաբա-ադրբեջանական հակամարտության գոտում, աշխարհասփյուռ հայությունը ոտքի է կանգնել՝ պաշտպանելու Արցախում ապրող հայրենակիցների ազատ և անկախ ապրելու իրավունքը:

Արգենտինահայ համայնքը նույնպես իր բոլոր հնարավորությունները ներ է դրել՝ տեղի քաղաքական շրջանակներում հարցը բարձացնելու, որպեսզի վերջիններս  համապատասխան ճնշումներ գործադրեն ադրբեջանական բռնակալ քաղաքականությանը վերջ տալու համար: Գերաշնորհ Գիսակ արքեպս. Մուրադյանի առաջնորդությամբ արգենտինահայ համայնքից կազմված պատվիրակությունը նախ հանդիպում ունեցավ Արգենտինայի արտաքին գործերի նախարար Սուսաննա Մալկոռայի հետ, որին ամփոփ ձևով ներկայացվեց Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, հատկապես նշելով, որ Ադրբեջանի կողմից դաժանաբար սպանվել են երեխաներ և խաղաղ բնակիչներ: Նախարարը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու հրադադարի պահպանման համար, ինչպես նաև խնդրի մասին տեղեկացնել Միավորված ազգերի կազմակերպությունում Արգենտինայի ներկայացուցչին և Հայաստանում Արգենտինայի դեսպանին, որն արդեն հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանի հետ:

Այնուհետև արգենտինահայ պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Արգենտինայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վիկտոր Կորոնելիի հետ: Վերջինիս մտահոգություն են հայտնել, որ Ադրբեջանը խաղաղ բնակչության դեմ կիրառել է անթույլատրելի զենքեր, որոնք ձեռք է բերում Ռուսաստանից: Դեսպանը, անրադառնալով ստեղծված խնդրին, նշել է, որ իրենց համար հրադադարի հաստատումը կարևոր խնդիր է, քանի որ իրենք եղբայրական հարաբերություններ ունեն արգենտինահայ համայնքի և հայ ժողովուրդի հետ, խոստանալով իրենց մտահոգությունները փոխանցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը:

Հանդիպումերին զուգահեռ, հարյուրավոր արգենտինահայեր բողոքի երթ են կազմակերպել դեպի ադրբեջանի դեսպանատուն, հաստատելով այն վճռականությունը և դարավոր ճշմարտությունը, որ Արցախը եղել և մնալու է Հայաստանի անբաժան մասը, և իրենք ողջ կարողություններով սատար են կանգնելու իրենց քույրերին և եղբայրներին: Ավարտին համայնքի անունից բողոք նամակ է փոխանցվել Ադրբեջանի դեսպանությանը:

Scroll Up