Հայ Դատի հանձնախումբը ճնշում է գործադրում ամերիկացի դիվանագետների վրա` Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու համար
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/ANCA_LOGOS.jpg)
ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի բարձրաստիճան ներկայացուցիչները պետքարտուղարությունում խորհրդակցություն են ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդի հետ եւ քննարկել ԱՄՆ կողմից ադրբեջանական ագրեսիայի դատապարտումը պահանջող ամերիկահայերի կոչերի արձագանքը:
«Ապրիլի 2-ից մենք ակտիվ կապի մեջ ենք ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների ու առաջատար օրենսդիրների հետ` փորձելով ամերիկյան կողմին ստիպել սկզբունքային պատասխան տալ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձարձակ հարձակմանը»,- նշել է ԱՄՆ Հայ Դատի հանձնաժմբի ղեկավար Արամ Համբարյանը՝ հավելելով. «Մենք հնարավոր ամեն բան կանենք, որպեսզի համոզվենք, որ ամերիկահայերի ձայնը լսելի է ու հարգվում է իշխանությունների կողմից»:
«Օրերս փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի ու պետքարտուղար Ջոն Քերրի հանդիպումն Իլհամ Ալիեւի հետ բացթողնված հնարավորություն էր՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու առումով: Ադրբեջանի արտաքին ագրեսիայի եւ ներքին բռնությունների նկատմամբ ԱՄՆ պաշտոնական մակարդակի լռությունը կանաչ լույս հանդիսացավ Ալիեւի համար տարածաշրջանային ագրեսիան շարունակելու համար:
«Վարչակազմը շատ լավ գիտի, որ Ադրբեջանն է ագրեսիայի նախաձեռնողը, սակայն հետեւողականորեն եւ ապակառուցողական կերպով հրաժարվում է Ալիեւից պատասխան պահանջել մահացու հարձակումների համար, որոնք մարդկային կյանքեր են խլում, անկայունացնում են իրավիճակը, ինչպես նաեւ տարածաշրջանային պատերազմի ռիսկեր են պարունակում:
Ադրբեջանի վերջին ագրեսիայի նկատմամբ ԱՄՆ-ի եւ միջազգային հանրության քայլերի ձախողման ֆոնին, ամերիկահայերը կշարունակեն առաջ մղել կոնգրեսականներ Էդ Ռոյսի ու Էլիոթ Էնգելի խաղաղարար առաջարկները, ավելի ու ավելի շատ կենտրոնանալով ԼՂՀ անկախության ճանաչման վրա, որպես խաղաղության հասնելու ճանապարհ»,-ասված է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի հայտարարությունում:
Նշենք, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի կտրուկ սրումից հետո ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը ընդհանուր առմամբ մոտ 30.000 նամակ է ուղարկել Սպիտակ տուն, Կոնգրեսի անդամներին, ինչպես նաեւ՝ ԵԱՀԿ ներկայացուցիչներին՝ առաջարկելով միանալ Ռոյս-Էնգել առաջարկներին եւ կանգնեցնել Ադրբեջանի ագրեսիան: