Ոչ միայն քաղաքական, այլ նաև՝ ոգեշնչող. ամերիկահայերի արձագանքը՝ ՀՀ Նախագահի այցին
Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որի կազմում է նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մեծ ոգևորություն է առաջ բերել հայաշատ Մասաչուսեթս նահանգում:
«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ Ամերիկայի հայկական համագումարի նախկին նախագահ Էնթոնի Բարսամյանը կարևորում է Հայաստանի նախագահի կողմից հայաշատ Մասաչուսեթս կատարած այցը՝ այն համարելով հայ համայնքի և Հայաստանի հետ կապերի, ինչպես նաև Հայաստանի և Մասաչուսեթս նահանգի միջև տնտեսական, կրթական և տեխնոլոգիական բնագավառում ավելի խորը համագործակցության գրավական:
Ի դեպ, ասում է նա, Մասաչուսեթսի նահանգապետի և Հայաստանի նախագահի հանդիպման ընթացքում քննարկվել են տեխնոլոգիական բնագավառում համագործակցելու հետ կապված հարցեր, և Հայաստանը մեծ հետաքրքրվածություն է ցուցաբերում հենց այս բնագավառում:
Մասաչուսեթսի Միդլսեքս մարզի ոստիկանապետ, շերիֆ Փիթեր Քութուջյանը Հայաստանի գործող նախագահի այցը Մասաչուսեթս համարում է պատմական, որը նրա խոսքերով, կապում է տեղի հայերին Հայաստանի հետ: «Սա ոչ միայն քաղաքական քայլ էր, այլ նաև՝ ոգեշնչող: Սա մի քայլ էր, որ ավելի կհամախմբի տեղի հայությանը՝ հնարավորինս ավելի շատ աջակցելու Հայաստանին և Արցախին»,-ըստ «Հայերն այսօրի»՝ «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է հայազգի շերիֆը: