ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Վաշինգտոնում հանդիպել է ՀՅԴ-ի և ՀՄԸՄ-ի կառույցների ղեկավարների հետ
Մարտի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը Վաշինգտոնում հանդիպել են ՀՅԴ Արևելյան շրջանի կենտրոնական վարչության անդամ Հովսեփ Ավագյանի և ՀՄԸՄ Արևելյան շրջանի կենտրոնական վարչության ատենապետ Վահե Թանաշյանի հետ: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է «Armenian Weekly» պարբերականից:
Հանդիպման ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորել է ՀՅԴ-ի և ուղեկից կառույցների դերը Հայաստանին աջակցություն ցուցաբերելու հարցում: Նախարարը նաև ընդգծել է Հայաստանում 4 տարին մեկ անցկացվող ՀՄԸՄ-ի սկաուտական բանակումների նշանակությունը, որոնք Սփյուռքի երիտասարդներին հայրենիքին կապելու լավագույն միջոցներից են:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև սիրիական հարցը: Սփյուռքի նախարարը մանրամասն ներկայացրել է ՀՀ կառավարության կատարած աշխատանքները՝ Հայաստանում հաստատված սիրիահայերին աջակցելու ուղղությամբ: Հրանուշ Հակոբյանը կոչ է արել Սփյուռքի երկու կառույցներին շարունակել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ, որպեսզի միասնական ջանքերով հնարավոր լինի մեղմել սիրիահայերի ներկա կացությունը: