«Իմ Հայրենիքը ես տեսնում եմ արևի ճառագայթների մեջ…». Ժիրայր Աղավելյան

Աշխարհը գեղեցկացնում է արվեստը, իսկ արվեստակիրները ոչ միայն իրենք՝ արվեստագետներն են, այլև արվեստասերները, նրանք, ովքեր աշխարհին նայում են իրականության և երազանքի ներդաշնակության ըմբռնումով: Կայացած արվեստագետները, որքան էլ հանրաճանաչ չլինեն, միևնույն է, նրանց ստեղծած արժեքներն աննկատ չեն մնում հանրության աչքից:

Նորարարական տեխնոլոգիաներով հագեցած մեր ժամանակներում համացանցը մեկն է և գուցե՝ ամենահզորը, որի միջոցով մենք կարողանում ենք առնչվել ցանկացած թեմայի, ցանկացած ոլորտի հետ: Հենց այդպես էլ ծանոթացա Ժիրայր Աղավելյան ստեղծագործողի հետ, և ծնվեց այս հարցազրույցը:

 

–  Պարո՛ն Աղավելյան, երբ առաջին անգամ համացանցում տեսա Ձեր նկարները, կարծեցի, թե դրանք յուրօրինակ արվեստի մի տեսակ են՝ հայելանկարներ, հետո հասկացա, թե ինչ են ներկայանցնում իրենցից այդ անկրկնելի, եթերային գործերը… Ե՞րբ սկսեցիք նկարել, ինչպե՞ս ծնվեց այդօրինակ նկարչոթյան գաղափարը:

–  Այդ ժամանակ ես ապրում է Միացյալ Նահանգներում և իմ մասնագիտությամբ չէի աշխատում: Օրերից մի օր հանդիպեցի Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային շատ նման մի տիկնոջ. ցանկություն առաջացավ ստեղծելու կոլաժ, որը տվեցի տիկնոջը, իսկ նա այդ աշխատանքը ցույց տվեց իր ընկերներին, ովքեր եկան ինձ մոտ ու խնդրեցին, որ ուրիշ կոլաժներ ևս անեմ:

–  Նախապես դիզայներական նախապատրաստական աշխատա՞նք էիք կատարում, թե՞ միանգամից էիք աշխատում:

–  Ես միանգամից աշխատում էի համակարգչով՝ օգտագործելով որոշակի ծրագրեր… Տիկնոջ կոլաժներից հետո շատ կոլաժներ արեցի, և, քանի որ դրանց քանակը շատ էր, որոշեցի կախել պատից, և այն դարձավ ասես մի չհայտարարված ու չանվանված ցուցահանդես, որը շատ այցելուներ ունեցավ: Այցելուները ցնծությամբ ընդունեցին իմ աշխատանքները: Դրանից հետո միտք հղացա ստեղծել նոր նկարներ, որոնք կարող էին հոգեկան բավականություն պատճառել մարդկանց: Այդպես, ամեն ամիս մոտավորապես 60-70 նոր նկարներով ցուցահանդես էի բացում: ԱՄՆ-ում ֆիլմեր նկարահանելու հնարավորություն չունենալու պատճառով կինոժապավենը փոխարինեցի կտավով և ֆիգուրատիպ նոր պատկերներ ստանալու հնարքով փորձում էի ասելիքս հանդիսատեսին հասցնել՝ որպես լուսանկար-կոլաժներ: Ստեղծագործական այն լուծումները, որոնք տարիներ շարունակ կուտակվել էին իմ մեջ, վերածվեցին կերպարվեստային լուծումների: Հետագայում առաջարկություններ եղան՝ բացելու անհատական ցուցահանդեսներ Բոստոնում: Դրանցից մեկը «Մակոր» հրեական Սինագոգում էր, որտեղ տարբեր խավի մարդիկ էին այցելում: Բոստոնում հրատարակվող «Հայրենիք» և «Միրրոր սպեկտատոր» թերթերը լուսաբանեցին իմ ցուցահանդեսները, տեղի հայկական ռադիոյով հաղորդումներ հեռարձակվեցին, իսկ ռուսական մալուխային հեռուստատեսությամբ ժամանակ առ ժամանակ գովազդում էին ցուցահանդեսը: Ավելին՝ ինձ հրավիրեցին աշխատելու հեռուստատեսությունում… 1990-ական թվականների սկզբից մինչև 2012-ը Բոստոնում տասնյակ անհատական ցուցահանդեսներ եմ ունեցել:

…Ես դեռ վաղ տարիքից հետաքրքրվել եմ հոգեբանությամբ և ցանկություն եմ ունեցել գույներով լավ տրամադրություն հաղորդել մարդկանց: Սկզբում աշխատում էի մի գույնով, հետո՝ հաջորդ գույնով… Եվ տեսա, որ իմ մտահղացումն իրականանում է, ստացվում է:

–  Իսկ ո՞ր գույնով արված աշխատանքը տվեց սպասված արդյունք:

–  Կարմի՛րը. այդ գույնով արված աշխատանքն ասես ցնցեց բոլորին: Հետո սկսեցի գույները մեղմացնել կապույտով, կանաչով, դեղինով, դրանից հետո արդեն սկսեցի գույները խառնել… Հասա մի աստիճանի և ինքս ինձ հրահանգեցի կանգ առնել, որովհետև գործ ունեի շատ նուրբ մի բանի՝ մարդկային հոգեբանության հետ: Այնուհետև սկսեցի հաջորդ քայլերս՝ մարդիկ քայլում էին փողոցով, ինչ-որ ծառի կողքով, ես նկատում էի այդ փողոցն ու ծառը և փորձում էի իմ նկարներով մարդկանց ուշադրությունը սևեռել այն վայրին, այն երևույթին, որի կողքով անցնելով ամեն օր՝ նրանք չէին նկատել այդ ամենը: Դա՛ էլ ստացվեց: Հաջորդ քայլս մարդկանց օգնելն էր, որ իրենք էլ ստեղծագործեն: Ես փորձեցի ինքս ստեղծագործելով՝ մարդկանց հուշել իմ նկարներով, որ իրենք էլ կարող են ստեղծագործել, ստեղծել մի փոքրիկ պատմություն, մի նկար, մի մեղեդի… Ես անմիջական կապ եմ տեսնում խոսքի, նկարների ու երաժշտության միջև, և իմ աշխատանքները ստեղծում եմ այդ երեքի ներդաշնակությամբ: Ըստ իս՝ ֆոտոռեժիսուրայի միջոցով կարելի է խոսքից, երաժշտությունից, շրջապատող երևույթներից, մարդկանցից, բնությունից պատկերներ ստանալ՝ բնավորություն ունեցող և շնչող պատկերներ: Սա էլ հենց ֆոտոռեժիսուրան ե, որը թվում է, թե կանգ առած, քարացած վիճակներ է ստեղծում, բայց այդ անշարժ ակնթարթների մեջ շարժում կա ու ներդաշնակություն: Իմ ֆոտոգեղարվեստի ստեղծման ընթացքում նրբորեն միահյուսվում են երեք կարևոր գաղափարներ՝ տեսնելու արվեստը, ներշնչման արվեստը, արարման արվեստը:

… Ես երկար տարիներ աշխատել եմ, որպեսզի մարդիկ իմ գույների միջոցով, նկարներով բացահայտեն իրենց ունեցած, բայց երբևէ չբացահայտված շնորհները: Ես գրում եմ նաև բանաստեղծություններ, երաժշտություն (ունեմ դասական, ժամանակակից ժանրով գրված գործեր և այսպես կոչված՝ տիեզերական երաժշտություն):

–  Արդյոք հե՞շտ էր ռեժիսորությունից անցում կատարել դեպի նկարչություն. մեկը մյուսին որքանո՞վ օգնեց ու որքանո՞վ խանգարեց:

–  Չէի ասի՝ խանգարեց մեկը մյուսին: Ճիշտ հակառակը՝ օգնեց: Միացյալ Նահանգներում, չաշխատելով իմ մասնագիտությամբ, շատ կոլաժներ արեցի՝ նկարչության մեջ նոր ոճ ստեղծելով, որը ես անվանեցի ֆոտոռեժիսուրա:

–  Ես համացանցով ճանաչեցի Ձեզ. ընդունեցի ընկերության Ձեր առաջարկը և ինձ համար բացահայտեցի տաղանդավոր մի արվեստագետի, սակայն կարող էր և չլինել այս ընկերությունը… Իհարկե, սոցիալական կայքերն էլ արվեստագետին ճանաչելու ինչ-որ ձև են, ճանապարհ, սակայն այսպես չէ, որ պետք է արվեստագետը ճանաչվի, հայտնի դառնա իր ապրած երկրում, իր Հայրենիքում… Ինչո՞ւ Ձեզ չեն ճանաչում, ո՞ւմն է մեղքը…

–  Հիմնական պատճառներից մեկն այն է, որ մեր օրերում մեր երկրում այնքան էլ ուշադրություն չեն դարձնում արվեստին: Սակայն դեռևս ԱՄՆ-ում ապրելու տարիներին այնտեղ բազմաթիվ ցուցահանդեսներ եմ ունեցել և բավականին հաջողությունների եմ հասել: Այդ ցուցահանդեսներ էին այցելում տարբեր ազգերի ներկայացուցիչներ և շատ էին հետաքրքրվում ու գնահատում նոր մտածողության, նոր ոճի, լույսի ու գույնի դրսևորումները: Միտք հղացավ, որ այնտեղից Երևանում ցուցահանդես բացեմ: Հայաստանի Հանրապետությունում իմ առաջին անհատական ցուցահանդեսը բացվել է 2011թ.՝ «Նարեկացի արվեստի միության» ցուցասրահում՝ «99 Pleasant» վերնագրով: Վերջինս իմ ամերիկյան հասցեն էր: Ցուցահանդեսը նվիրել էի ՀՀ Անկախության 20-ամյակին: Ապրելով արտերկրում՝ չէի կարողանա կազմակերպել ցուցահանդեսն՝ առանց իմ լավ ըկներներից մեկի՝ Սուսաննա Խանվելյանի օգնության: Ես նաև բանաստեղծություններ էի գրել, որոնցից հատվածներ էի զետեղել աշխատանքներիս կողքին: Շատ հայտնի գեղանկարիչներ ու արվեստագետներ այցելեցին. նրանք մոտենում ու շոշափում էին նկարները՝ կարծելով, թե դրանք գեղանկարներ են: Դա գալիս էր մտածողությունից, թղթի ֆակտուրայից, խտությունից, գույներից: Ինը ցուցահանդես եմ ունեցել Երևանում, 10-րդը կկայանա այս գարնանը՝ Նկարիչների միությունում:  

–  Վաստակ, փորձ, որակավորում, բազմաթիվ ցուցահանդեսներԱմեն ինչ առկա է՝ Նկարիչների միության անդամ դառնալու համար. արժանացե՞լ եք դրան և արդյոք կարևորո՞ւմ եք այդ անդամակցությունը:

–  Ճիշտն ասած, վերջերս, դեկտեմբերի 8-ին, երբ «Թեքեյան հիմնադրամ» մշակութային կենտրոնում կայացավ իմ՝ «Երեք հասակ» գիրք-ալբոմի շնորհանդեսը, որը նվիրված էր ծննդյանս 60 և ստեղծագործական գործունեությանս 40-ամյա հոբելյաններին, Նկարիչների միության նախագահ պարոն Աղամյանն ինձ հանձնեց միության պատվավոր անդամի տոմսը, վկայականը:

–  Եթե չլինեին «նորին մեծություն» համակարգիչն ու նորարարական տեխնոլոգիաները, ինչպե՞ս, ուրիշ ի՞նչ ճանապարհով լույս աշխարհ կգային Ձեր մտահղացումները կամ՝ արդյո՞ք կգային, կծնվեինԵրբևէ մտածե՞լ եք այդ մասին:

–  Ինձ թվում է՝ այո՛, կծնվեին այդ գործերը, որովհետև ես հենց այդ ճանապարհին էի. եթե չլիներ այս միջոցը, կլինեին ուրիշ միջոցներ, ուրիշ ճանապարհներ, որովհետև ես գտնում եմ, որ երաժշտության մեջ պոեզիա կա, պոեզիայի մեջ նկարչության կա, և այդ բոլորը միասին հարմոնիա են, և դա պետք է լույս աշխարհ գա:

–  Ժիրա՛յր, Դուք աշխատել եք նաև Հեռուստառադիոպետկոմում, նկարել եք ֆիլմեր, կպատմե՞ք այդ մասին:

–  Ես աշխատել եմ Հեռուստաթատորնում՝ Արտաշես Քալանթարյանի ղեկավարությամբ: Աշխատելուն զուգընթաց՝ ընդունվեցի Համո Բեկնազարյանի անվան կինոստուդիայի կինոդերասանական բաժին, որն ավարտելուց հետո ստացա կինոդերասանի և դրամատիկական թատրոնի դերասանի որակավորում: Մեկ տարի անց տեղափոխվեցի Հեռուստառադիոպետկոմի մանկապատանեկան հաղորդումների գլխավոր խմբագրություն, որտեղ աշխատեցի որպես ռեժիսորի ասիստենտ: Վահրամ Եղշատյանի ասիստենտն էի, նա «Աշխարհի շուրջը» հաղորդաշարի ռեժիսորն էր, շատ հետաքրքիր մտածողություն ուներ: Ցավոք, Եղշատյանը կաթված ստացավ, որից հետո նա գլխավոր խմբագրին հասկացրեց, որ միայն ինձ է վստահում՝ շարունակելու այդ հաղորդաշարը: Այդ ժամանակ ասիստենտներին չէր թույլատրվում ինքնուրույն հողարդաշարեր պատրաստել: Եղշատյանն ինձ տվեց չհրկիզվող պահարանի բանալին, որն ինձ համար դարձավ կախարդական բանալի, իմ հետագա մասնագիտական կյանքի բանալին ու նոր դռներ բացեց իմ առջև: Հեռուստառադիոպետկոմի մանկապատանեկան հաղորդումների խմբագրությունում աշխատելու տարիներն ինձ համար եղել են մասնագիտական կայացման ու առաջխաղացման տարիներ: Հաղորդաշարեր էի պատրաստում՝ «Աշխարհի շուրջը», «Զրույցներ կենդանիների մասին», «Մենք և երեխաները», «Մանկական հոգեբանություն»: Մեծ ցանկություն կար դեռահասներին սովորեցնելու այն, ինչ ես գիտեի: Ծնվեց մի հաղորդաշար, որն ի սկզբանե անվանել էինք «Երկար դասամիջոց»: Ես և հաղորդման խմբագիր Մարինե Հովյանը, ով նաև սցենարի համահեղինակն էր, ցանկանում էինք մեր հաղորդումը հանրապետության բոլոր աշակերտներին հասցնել դպրոցական երկար դասամիջոցների ընթացքում: Ցավոք, այն ժամանակ ոչ բոլոր հանրակրթական հաստատություններում կար հեռուստացույց նայելու հնարավորություն, և երկար՝ 20 րոպեանոց դասամիջոցը, ժամանակի ընթացքում չէր համընկնում: Այն դարձավ «Մանկական տեսաալիք»՝ մի դասաժամ՝ 45 րոպե տևողությամբ: Այս հաղորդաշարի հետ մի պատմություն է առնչվում. երբ պատրաստվում էր հերթական՝ բանալու մասին հաղորդումը, միտք ծագեց 10 րոպեանոց մի սյուժե նկարահանել Աբովյանի քրեակատարողական հիմնարկի՝ այն ժամանակվա պետ Սերգեյ Մարտիրոսյանի մասնակցությամբ, ով մանկական գաղութում ստեղծել էր ջերմոց, գազանանոց, ակվարիում, որտեղ դատապարտյալ անչափահասները խնամում էին կենդանիներին, բույսեր աճեցնում: Մարտիրոսյանը նրանց սովորեցնում էր զբաղվել հանրօգուտ աշխատանքով: Նա մեզ պատմեց մի պատմություն՝ Ալեքսեյ Չայկովսկի անունով տղայի մասին, ում հայրը հարբեցող էր, հեռացել էր տանից, իսկ մայրը մահացել էր: Տղային տարել էին Մոսկվայի մանկատներից մեկը, որտեղ, չդիմանալով մանկատան պայմաններին, տղան փախել էր և հասնելով կայարան՝ նստել առաջին իսկ պատահած Մոսկվա-Երևան գնացքը: Հասնելով Երևան՝ նա ներկայանում է ուրիշ՝ Ալեքսեյ Պոլյակով անուն-ազգանունով՝ մտածելով, թե իրեն նորից ետ կուղարկեն մանկատուն: Տղային տեղավորում են Երևանի մանկատանը, ավարտում է դպրոցը, սովորում կոշկակարություն, հետո ընկնում է վատ շրջապատ ու մի օր էլ, ընկերների հետ հայտնվում Հրազդանի ձորում, որտեղ հանդիպում են երիտասարդ մի զույգի: Ընկերները որոշում են կապկպել տղային, բռնաբարել աղջկան ու փախցնել նրանց մեքենան: Ալյոշան հրաժարվում է, և այդ պատճառով ձեռնամարտ է ծագում նրա ու ընկերների միջև: Մինչ նրանք կռվում են, կապկպված տղան փախչում է և դիմում ոստիկաններին: Բոլորին, այդ թվում՝ Ալեքսեյին, ձերբակալում են: Ալյոշային 5 տարով ազատազրկում են: Ֆիլմի հերոսներ դարձան Ալյոշան և բանտապետը՝ Սերգեյ Մարտիրոսյանը: Այն անվանեցինք «Տո՛ւր մեղքերիս թողություն»: Արդեն Միացյալ Նահանգներում էի, երբ ֆիլմի սցենարի համահեղինակ Ամալյա Հունանյանից իմացա, որ ժապավենի ցուցադրումից երեք ամիս անց Ալյոշային ազատ էին արձակել ու որդեգրել: Ես համարեցի, որ մարդկային մի ճակատագիր փրկվեց մեր աշխատանքի միջոցով: Դեռ բուհում սովորելու տարիներին նկարել եմ «Լավաշ», «Հայկական գոյապայքար», «Քարերի սիմֆոնիա», «Հավերժի ճամփորդը», «Վարդանանք» (Գրիգոր Խանջյանի համանուն գոբելենի մոտիվներով), «Ո՞վ է նա. Էդվարդ Ղազարյան», որը «Սպիտակ գիշերներ-88» կոչվող մրցությում արժանացավ 2-րդ կարգի մրցանակի: Իմ ֆիլմերի անփոխարինելի օպերատորը Սահակ Մարտիրոսյանն էր: «Քարերի սիմֆոնիա»-ն Վիլնյուսում սիրողական ֆիլմերի առաջին միջհանրապետական փառատոնում դիպլոմի է արժանացել: «Լավաշ» ֆիլմը 1987թ. Լենինգրադում արժանացել է պատվոգրի: Այս ֆիլմը 2 մրցանակ է շահել. 1988-ին Ձիգի Վերտովի անվան ուսանողական ֆիլմերի փառատոնում թեմայի բանաստեղծական մեկնաբանության համար ևս արժանացել է դիպլոմի: «Հավերժի ճամփորդը» նկարել եմ Գևորգ Էմինի համանուն քնարական էսսեի հիման վրա: Այդ տարիներին նկարահանեցի «Նռան ճյուղերով բոցուն» վերնագրով ֆիլմը՝ Կոմիտասի մասին, ուր նրան առաջինը ես եմ ներկայացրել որպես բանաստեղծի: Իմ նկարներով շուրջ 40 սլայդ-ֆիլմերի հեղինակ եմ, դրանք կարճ ֆիլմեր են:

–  Պարո՛ն Աղավելյան, Դուք գրել եք նաև բանաստեղծություններ, ներկայացրե՞լ եք դրանք հանրությանը:

–  Իմ բանաստեղծություններն իմ ստեղծած պատկերների բառային արտահայտություններն են, իմ գեղարվեստական լուսանկարները՝ բառերով: Դրանք ինձ համար հոգու մանրանկարներ են: Այդ բանաստեղծությունները Սուսաննա Խանվելյանի խմբագրությամբ և առաջաբանով հրատարակել եմ «Ա՛ռ իձ ձեռքերիդ մեջ» գրքույկում: Հայրենիքում վերահաստատվեուց հետո՝ 2011-ին, իմ լավ բարեկամ ու գործընկեր Մարինե Հովյանը «Ա՛ռ իձ ձեռքերիդ մեջ» գրքույկի բանաստեղծություններով և իմ նկարներով կազմեց 2014թ. համանուն օրացույցը: Ասեմ, որ դեռևս 2013-ին հրատարակել եմ «Մտքի մանրանկարներ» աֆորիզմներիս գրքույկը:

–  «Հայերն այսօր»-ի ընթերցողներին ներկայացրեք, խնդրում եմ, Ձեր մտքի մանրանկարներից մի քանիսը:

–  Սիրո՛վ: «Իմաստուն խոսքը մարդ է կերտում», «Մարդ ծնվելը պատասխանատվություն է մարդկության առջև», «Մտքի ուժը ծնկի է բերում անգամ արքաներին», «Ապրելու միակ բանալին հույսն է», «Փողը մարդու պատիժն է, «Ճշմարտությունը պարզում է իրավիճակը, բայց բարդացնում է փոխհարաբերությունները»:

–  Երկար տարիներ ապրել եք ԱՄՆում, ունեցել եք բազմաթիվ ցուցահանդեսներ, հաջողություններինչո՞ւ վերադարձաք Հայաստան, ի՞նչը Ձեզ դարձյալ բերեց Հայրենիք

–  Վերադարձա, որպեսզի նկարելու իմ նոր ոճը ցուցադրեմ Հայաստանում և դասավանդեմ, սակայն դասավանդելու բազմաթիվ փորձերն  ապարդյուն անցան… Հավանում էին գաղափարս, բայց այդպես էլ չօգնեցին ու չաջակցեցին: Վարպետության դասեր անցկացրեցի Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում՝ «Ինչ է ֆոտոռեժսուրան» թեմայով և «»Նարեկացի արվեստի միություն»-ում՝ «Նոր ֆոտոգեղարվեստի հարցեր» թեմայով: Իմ կյանքում շատ կարևոր տեղ են զբաղեցրել մանկավարժությունը, հոգեբանությունը: Իմ հետաքրքրության շրջանակներում միշտ եղել են ու կան երեխաներն ու երիտասարդները: Երբ նոր էի վերադարձել Հայաստան, այստեղ տարածված էր մի կարծիք, թե երիտասարդներին ոչինչ չի հետաքրքրում, որ նրանք ապրում են վիրտուալ կյանքով, այլ արժեքներ ունեն և այլն: Սակայն ես բոլորովին ուրիշ տպավորություն ստացա և հասկացա, որ նրանք ծարավի են ավագների խոսքին ու մեծ ցանկություն ունեն սովորելու, բայց սովորեցնող չկա, այս հանգամանքը շատ է տխրեցնում ինձ. ես այնքան ասելիք ու սովորեցնելու բան ունեմ, բայց, ցավոք, լսարան ունենալու հնարավորություն չկա: Ես գտնում եմ, որ բոլոր հայերը քայլող հանրագիտարաններ են, նրանք տանողներն են: Ես երկար ժամանակ եմ ապրել օտար երկրում և տեսել եմ հայի տարած դերը. նրանցից շատ-շատերը դրսում տանող, առաջատար օղակներն են:

–  Որպես ամփոփում՝ ներկայացրե՛ք խնդրեմ Ձեր անցած ճանապարհի գծանկարը:

–  Ծնվել եմ Երևանում, մանկությունս անցել է Սյունիքի Վաչագան գյուղում, որն իր չքնաղ բնության համար Շվեյցարիա են անվանում, մեծացել եմ Խուստուփի փեշերին… Սովորել եմ Երևանում, Լենինգրադի կուլտուրայի ինստիտուտում, ծառայել եմ Խորհրդային բանակում՝ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում, 1991-ից երկար տարիներ ապրել եմ Միացյալ Նահանգներում… գրել եմ, նկարել եմ, երաժշտություն եմ ստեղծել, ֆիլմեր եմ նկարահանել, Վարպետության դասեր եմ տվել, ցուցահանդեսներ եմ ունեցել, գրքեր եմ տպագրել, ունեցել եմ և ունեմ գերխնդիր՝ օգնել մարդկանց: Գեղեցիկը ոչ միայն պետք է տեսնել ու զգալ, այլև՝ նվիրել ու չսպասել շնորհակալության: Ինչքան շատ եմ տալիս, այնքան շատ է մնում ինձ:

–         Ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը:

–  Հայրենիքն իմ արմատներն են, եթե մոռանամ դրանք, ապա Հայրենիք ասած հասկացությունը գոյություն չի ունենա: Իմ մանկությունն անցել է Վաչագան գյուղում՝ պապիկիս ու տատիկիս մոտ: Մեծացել եմ գեղանկար բնության գրկում, Խուստուփի փեշերին. պառկում էի խոտերի վրա և ժամերով աչքս չէի կտրում աստղերից. ասես գրկում է Խուստուփին ու գրկում էի աստղերը, խաղում էի աստղերի հետ, որոնք այնքա՜ն մոտիկ էին: Իմ բանաստեղծություններից մեկում տողեր ունեմ՝ «Ես կուզեի գնալ աստղերից էլ վեր», որովհետև այնտեղ մի ուրիշ աշխարհ է: Բնությունը, տատիկիս ու պապիկիս խորհուրդները, այն հողը, սիզավետ, զմրուխտ կանաչը, որի վրա պառկած նայում էի աստղերին… դրանից ավելի Հայրենիք չի կարող գոյություն ունենալ ինձ համար: Ինձ կերտել է Հայրենիքիս բնությունը, ես էլ կերտել եմ այն իմ նկարներում: 21 տարի ապրեցի օտար երկրում և, ասես դառնալով սփյուռքահայ, վերադարձա Հայրենիք: Այդ տարիներն ինձ համար մի յուրօրինակ դպրոց էին: Մեզ դրսում գնահատում են, մնում է, որ մենք մեր ունեցածն այստեղ գնահատենք:

–  Ի՞նչ գույների մեջ եք տեսնում Հայրենիքը:

–  Իմ Հայրենիքը ես տեսնում եմ արևի ճառագայթների մեջ…

–  Պարո՛ն Աղավելյան, չգիտեմ՝ ինչպես շնորհակալ լինել այսչափ բովանդակալից և հետաքրքիր հարցազրույցի համար, թո՛ղ Աստված մշտական ու անխափան ընթացք տա Ձեր բոլոր արարումներին, իսկ մեզ՝ Ձեր արվեստի երկրպագուների համար, պահպանի աչքի թանկ լույսն ու առողջ բանականությունը՝ մշտապես հաղորդակցվելու ու տեսնելու Ձեր գլուխգործոցները:

1 2 1 2

Կարինե Ավագյան

Scroll Up