Իմ հոգին գտել եմ Երևանում. Սասնուհի Պասկևիչյան

Սասնուհի Պասկևիչյանը, ծնվելով և մեծանալով արվեստագետների ընտանիքում, հայեցի ու հայկական մթնոլորտում, այնուամենայնիվ` ապրում էր օտար երկրում` ԱՄՆ-ում: 14 տարեկանում գալով Հայաստան` շատ դժվարությունների հանդիպեց, սակայն ծնողների ճիշտ դաստիարակությունը և սերն առ հայրենիք՝ նրան օգնեցին հաղթահարել բոլոր անհարթությունները: Հայուհի Սասնուհու հետ «Հայերն այսօրի» թղթակիցը խոսել է ամերիկահայ կյանքի, հայկական արժեքների և հայտնի հայրիկի` երգահան, ժողովրդական արտիստ Սասուն Պասկևիչյանի դուստրը լինելու պարտավորությունների և առավելությունների մասին:

Սասնուհի´, Պասկևիչյանների տոհմը հայտնի զավակներ է ունեցել` ի դեմս քո հայրիկի: Որտեղի՞ց է եկել Պասկևիչյան ազգանունը, և ու՞մ հետ է այն կապվում:

-Այս հարցը շատ հաճախ են ինձ տալիս, սակայն պիտի նշեմ, որ պապիկս և տատիկս երևանցիներ են եղել, իսկ ազգանունը` Պասկևիչյան, հետաքրքիր պատմություն ունի: Այն օրը, երբ գեներալ Պասկևիչի բանակը հաղթել է, ծնվել է իմ պապի պապը, ու նրան` ի պատիվ գեներալի, անվանել են Պասկևիչ: Ինչպես շատ հաճախ, այնպես էլ մեր դեպքում, պապի անունը թողների ու ծոռների համար դարձել է ազգանուն: Ահա այսպես՝ առաջացել է մեր տոհմի Պասկևիչյան ազգանունը:

Սասնուհի´, ծնվել ես Ամերիկայում: Ի՞նչն է ժամանակին ստիպել հայրենասեր երգահանին հեռանալ հայրենիքից և երեխաներին մեծացնել օտար հողում:

– Հայրս գաղթել է ԱՄՆ 80-ականներին, երբ դեռ իշխում էին կոմունիստական բարքերը և արժեքները: Այդ քայլը ժամանակին շատ ըմբոստ էր, վիրավորական իշխող վարչակարգի համար: Իրականում հայրս նպատակ ուներ մոտ ապագայում վերադառնալ՝ մի քանի ամիս անց: Սակայն ամիսները դարձան տարիներ` 25 երկար ու ձիգ տարիներ: Ես ծնվել եմ ԱՄՆ-ում, մանկությունս ամբողջությամբ և պատանեկությանս մի փոքրիկ պատառիկը անցել է այնտեղ: 14 տարեկան էի, երբ վերջապես հասունացավ հայրենիք վերադառնալու և մշտապես այստեղ հաստատվելու պահը: Իհարկե, երբ նոր էինք տեղափոխվել, մտածում էի, որ անպայման վերադառնալու եմ ԱՄՆ: Սակայն դա չեղավ: 2016 թվականն է արդեն, ես այստեղ եմ, ապրում եմ հայրենիքումս լինելու երջանկությունը` մշտապես այն վայելելու ակնկալիքով:

Սասնուհի´, օտար միջավայրում էլ քո ընտանիքը ստեղծեց հայկականության մի ջերմ մթնոլորտ: Հայրիկդ Լոս Անջելեսում հիմնեց հայկական համայնքի համար առաջին հայալեզու հեռուստակայանը: Ինչքա՞ն այն գործեց և ի՞նչ փոխեց ձեր և հայկական համայնքի կյանքում:

-Այո´, հայրիկս, լինելով օրիգինալ մարդ, որոշեց իր ստեղծագործ մտքերից մեկը իրականություն դարձնել: Այդպես ծնվեց հեռուստակայանը, որի և´ խմբագիրը, և´ ռեժիսորը, և´ օպերատորը, և´ լրագրողը հայրս էր: Հաղորդավարուհին մայրս էր, ով նաև մասնագիտությամբ բանասեր է և մինչ ԱՄՆ տեղափոխվելն աշխատում էր Հանրային հեռուստաընկերությունում: Անդրադարձ կար բոլոր ոլորտներին` մշակույթ, տնտեսություն, ֆինանսներ, արվեստ և այլն: Շատ էին դիտողները, սակայն 15 տարի ծաղկելուց հետո, որոշ խոչընդոտների պատճառով հեռարձակումը դադարեց: Ես փոքր էի այդ տարիներին, սակայն իմ մասնակցությունն ունենում էի մանկական հաղորդումներին: Միգուցե գա այն օրը, որ դարձյալ ինձ փնտրեմ այդ ոլորտում:

Այո՛, անկասկած հայրենիքը և հայկականը միշտ իշխել է ձեր տան պատերի ներսում, սակայն ինչպե՞ս էիք համադրում տանը գերակայող հայկականն ու դրսում առկա ամերիկյանը:

-Մեր բախտը շատ է բերել, քանի որ ծնողներս շատ հայրենասեր են, հայասեր: Ամերիկյան միջավայրում դժվար է հայեցի դաստիարակություն տալ երեխաներին, հայ մնալ` իմանալով սեփական մշակույթը, պատմությունը, ավանդույթները: Սակայն իմ ծնողները, արյան կանչով ու հայրենիքի սիրով ապրելով, նույնը սերմանել են մեր մեջ, մեր արյան ու մտածելակերպի մեջ: Սակայն մեկ բան չեմ կարող չնշել: Ծնողներս, լինելով այդքան հայ ու հայեցի, երբեք մեզ ռասիստական մտքերով չեն սնել, թշնամաբար չեն տրամադրել դրսի, այլազգիների հանդեպ: Մենք շփվել ենք բոլորի հետ, և դա անխուսափելի է: Եթե ընտրել ես տվյալ երկիրը քո կյանքն ապրելու համար, ապա պիտի ընդունես նաև նրա մարդկանց ու մշակույթը: Մենք օտար մշակույթին առնչվել ենք, փորձել դրանում առկա դրական երևույթները վերցնել, համադրել մեր մշակութային հիմքին, արժեքներին, և դրանից մեր` հայի նկարագիրը չի խաթարվել:

Սասնուհի´, սակայն գիտեմ, որ գալով այստեղ` մշակութային շոկ ես ապրել, դժվարությունների հանդիպել: Ինչու՞ ինտեգրումդ հայաստանյան հասարակությանը այդքան երկար տևեց:

-Զբոսաշրջիկի աչքով նայելը այլ է, այստեղ ապրելը` այլ: Մենք վերադարձանք 2000-ականներին, երբ երկիրը նոր էր ոտքի կանգնում: Այսօրվա հետ համեմատել անկարելի է: 5-6 տարի հոգեպես տառապել եմ, դժվարություններ ունեցել դպրոցական շրջապատում, չնայած իմ ծայրաստիճան ընկերասեր լինելուն՝ ինձ քչերն էին ընդունում: Իհարկե, հետագայում հանդիպեցի մարդկանց, որոնք դարձան իմ հոգևոր կղզյակի բնակիչները, սակայն դա եղավ ավելի ուշ, երբ որպես հաստատված անձնավորություն ձևավորվել էի: Դժվար տարիները չէի հաղթահարի, եթե ընտանիքս, հարազատներս կողքս չլինեին: Մայրս մեզ համար լավ ընկեր ու հոգեբան է, որ ամեն պահի պատրաստ է գոտեպնդելու, խրախուսելու: Հիմա այդ տարիները անցյալում են` իմ կյանքի պատմության մի մասը: Ես հպարտ եմ այստեղ ապրելուս համար: Իմ հոգին գտել եմ Երևանում:

Ինչպիսի՞ն է այսօր քո առօրյան` աշխատանք, նախասիրություններ և երազանքներ:

-Իմ հիմնական աշխատանքը Ասիական զարգացման բանկում է, որտեղ ես աշխատում եմ որպես ադմինիստրատիվ օգնական: Սակայն ավարտել եմ Տուրիզմ և հյուրանոցային կառավարում բաժինը, հանգամանքների բերումով հիմա իմ մասնագիտությամբ չեմ աշխատում: Աշխատատեղում անչափ հետաքրքիր է, քանի որ անընդհատ տարբեր մարդկանց հետ եմ շփվում` տարբեր արժեքներով, մտածելակերպով ու մասնագիտություններով: Չեմ դադարում անընդհատ սովորել: Սակայն սա իմ միակ աշխատանքը և հետաքրքրությունը չէ: Ստեղծել եմ գեղեցկության և նորաձևության բլոգ, որը ինձ համար մեծ մարտահրավեր էր, քանի որ սկսելու էի գրել հայերեն: Ունեմ նաև յութուբյան տեսաալիք, որտեղ կիսվում եմ իմ կանացի խորհուրդներով: Անհատական դիմահարդարում եմ անում, ստեղծագործում նաև այսպես: Միշտ հետևել եմ նորաձևության արտասահմանյան բլոգներին: Այդ ամենը մեզ մոտ հիմականում բացակայում է կամ կաղում: Ես փորձում եմ առաջամարտիկ լինել, զարգացնեմ իմ բլոգը և զարգանալ որպես բլոգեր:

Սասնուհի‘, բավական ժամանակ է` այստեղ ես: Փորձի՛ր բաշխել առկա դրականն ու բացասականը:

– Վերջերս ընկերներիցս մեկը, որ ԱՄՆ-ից նոր է վերադարձել այստեղ ապրելու, մի շատ լավ միտք ասաց. ճիշտ է` այստեղ շատ են դժգոհում, երբեմն փնթփնթում քեզ վրա, բայց ավելի լավ է այդ փնթփնթոցը տանել քո հողի վրա, քո հայրենիքում, քան օտար վայրում, օտարերկրացու կողմից: Ամենադրական կողմը այդ հարազատության, քո հողում լինելու զգացումն է: Ես ինձ այստեղ զգում եմ ինչպես ձուկը ջրում: Ինչքան էլ ասեն՝ ջերմությունը պակասել է, միևնույնն է` մենք մնում ենք ջերմ ու հյուրընկալ ազգ: Գնալով բարձրանում է մարդկանց կրթական մակարդակը: Սակայն բացասական կողմ է մարդկանց փակ մտածելակերպը, պետք է բաց լինել աշխարհին: Անընդհատ փորձում են սև գիծ փնտրել, վատին կառչել: Նաև մի բան եմ ուզում շեշտել: Պակասել է մարդկային հավատքը: Սա բավականին նուրբ թեմա է, սակայն ես ցավում եմ, երբ տեսնում եմ այդ պակասը: Մի բան հստակ գիտեմ` առանց հավատի ապրելն անհնար է: Երբեմն մարդիկ շատ են ծուլանում: Աշխատանքներ կան, որ չեն ուզում անել, նախընտրում են չաշխատելը: ԱՄՆ-ում նման կերպ չես կարող ապրել, պարզապես չես գոյատևի այնտեղ:

Ինչպե՞ս են այստեղ արձագանքում այն փաստին, որ դու, ունենալով մեկնելու հնարավորություն, մնում ես հայրենիքում:

– Երբեմն չեն խրախուսում: Ես միշտ, եթե պետք է անգամ շատ երկար, բացատրում եմ չհեռանալուս պատճառները: Հայտնի խոսք կա. մի հարցրու` ինչ է արել երկիրդ քեզ համար, հարցրու՝ ինչ ես արել դու քո երկրի համար: Ես այս երկրի համար մի փոքրիկ բան անելու հույսով եմ ապրում: Ծեծված արտահայտությունը, թե այստեղ ապագա չկա, դարձել է հեշտ արդարացում:

Ինչպիսի՞ն ես պատկերացնում քո ապագան քո երկրում:

– Ցանկանում եմ կազմել լավ ընտանիք, երեխաներիս մեծացնել այստեղ, հայկականով ու հայկականոտ դաստիարակել: Ուզում եմ շատ ավելի զարգանալ իմ բլոգային գործունեության մեջ, ձեռք բերել ևս մեկ մասնագիտություն:

Սասնուհի´, ինչքանո՞վ է քեզ քո կյանքում օգնում հայրիկի հայտնի լինելը: Նրա երգերից ո՞րն է քեզ համար ամենասիրելին:

– Հայրիկի հայտնի լինելը, վաստակած սերն ու հարգանքն ինձ միշտ են օգնել են: Դա բնական է: Իսկ երգերը… Բոլորն էլ սիրում եմ, սակայն հոգուս երգն է՝ «Աշխարհ են գալիս սիրելու համար», որը հրաշալի կատարում է Լեյլա Սարիբեկյանը: Հայրիկի մտքերը ֆանտաստիկ ենք: Երբ մուսան գալիս է, նա առանձնանում է ու լռության մեջ խոսում բառի ու երաժշտության լեզվով:

Սասնուհի´, ո՞րն է, ըստ քեզ, երկրի առաջընթացի գրավականը:

-Անխոս երիտասարդությունը` ուժեղ, քաջ, կրթված ու ինքնակրթված, ըմբոստ երիտասարդությունը, որը գնալու միտք չունի: Թո՛ղ մնան ու պահպանեն այս երկիրը: Ինչպես էլ ապրեն դրսում, ձուլումն անխուսափելի է:

Զրուցեց Ամալյա Կարապետյանը

Սասնուհի5Սասնուհի4ՍասնուհիՍասնուհի1 Սասնուհի3

Scroll Up