Ապրիլը` Ցեղասպանությունների կանխարգելման եւ իրազեկման ամիս Ջորջիայում

Ամերիկյան Ջորջիա նահանգի Սենատը ընդունել է SR 991 բանաձեւը, որով «2016 թվականի ապրիլ ամիսը հռչակվում է որպես Ցեղասպանությունների կանխարգելման եւ իրազեկման ամիս» Ջորջիա նահանգում:
Ամերիկայի Հայկական համագումարի (ԱՀՀ) հաղորդագրության համաձայն՝ մարտի 2-ին ընդունված բանաձեւում նշվում է, որ «Ռաֆայել Լեմկինի կողմից «ցեղասպանություն» տերմինի առաջադրումը դրդեց նրան ուսումնասիրել 1915 թ. ապրիլին սկիզբ առած հայ ժողովրդի եւ այլ քրիստոնեական համայնքների բռնի ձուլումը, տեղահանությունը եւ գրեթե բնաջնջումը, որն առիթ հանդիսացավ 1939 թ. Ադոլֆ Հիտլերի կողմից արված «ո՞վ է ի վերջո, այսօր խոսում հայերի բնաջնջման մասին» հայտարարությանը»:
Ջորջիայում ԱՀՀ-ի նախագահ Վահան Քասաբյանը, ով ներկա է գտնվել բանաձեւի ընդունմանը, հայտարարել է․ «Բանաձեւը երկկուսակցական աջակցություն ուներ, եւ մենք շարունակելու ենք մեր ջանքերը՝ ուղղված ցեղասպանության ճանաչման ընդլայնմանը եւ մարդու իրավունքների վերաբերյալ կրթությանը մեր դպրոցական ծրագրերում»:
Բանաձեւը հղում է կատարում Եվրոպայում բնակվող հրեաների Հոլոքոսթին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ինչպես նաեւ Կամբոջայի, Բոսնիայի, Իրաքի, Ռուանդայի, Սուդանի ցեղասպանություններին եւ «Իսլամական պետության» ներկայիս դաժանություններին Սիրիայում եւ Իրաքում՝ որպես վառ օրինակներ:
SR 991 բանաձեւը հովանավորվել է նահանգային սենատորներ Ելենա Փերենթի (դեմոկրատ), Դեւիդ Շեֆերի (հանրապետական), Ռենե Ունթերմանի (հանրապետական), Ջոշուա ՄըքՔունի (հանրապետական), Նեն Օրրոքի (դեմոկրատ) եւ Հերոլդ Ջոնս երկրորդի կողմից (դեմոկրատ):
«Համագումարը բարձր է գնահատում Ջորջիա նահանգի Սենատի, եւ մասնավորապես սենատորներ Փերենթի, Շեֆերի, Ունթերմանի, ՄըքՔունի, Օրրոքի եւ Ջոնսի, ինչպես նաեւ մեր նահանգային նախագահ դոկտոր Վահան Քասաբյանի կատարած աշխատանքը», – հայտարարել է ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Հիշեցնենք՝ Ջորջիայի Ներկայացուցիչների պալատը անցյալ տարի բանաձեւ է ընդունել նահանգում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու մասին:
ԱՄՆ 50 նահանգներից 43-ը պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: