Րաֆֆի Քալֆայան. «Փոխհատուցման գործընթացները կարելի է առաջ մղել` Թուրքիայի կողմից Ցեղասպանության պաշտոնական ճանաչումից անկախ»
Եվրոպայի հայերի համագումարի կողմից Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում կազմակերպված «ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՎԱՐՏԻՆ» եռօրյա գիտահետազոտական խորհրդաժողովի չորրորդ նիստը, որն ուներ «Ցեղասպանություն և պահանջատիրություն, քաղաքա-իրավական դաշտում պահանջատիրության հարցի պարզաբանում և հստակեցում» ընդհանուր խորագիրը, վարում էին դոկտ. Րաֆֆի Բեդիկյանը և Երվանդ Խոսրովյանը: Այս մասին, ըստ «Հայերն այսօր»-ի, հայտնում են Եվրոպայի հայերի համագումարի տեղեկատվական կենտրոնից:
«Հայկական պահանջատիրությունը միջազգային օրենքում» թեմայով ելույթ ունեցավ Ֆրանսիայի հայ իրավաբանների միության համանախագահ իրավաբան տկն. Վերժինի Տյուշեն։ Նա սկզբում անդրադարձ կատարեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների աշխատանքները համակարգող խորհրդին, ապա խոսեց միջազգային զանազան դատարաններում Հայկական հարցն արծարծելու հնարավորությունների և նրանց առջեւ ծառացած դժվարությունների ու արգելքների մասին։
Այնուհետ «Ցեղասպանության փոխհատուցում. իրավական հիմքեր, միջոցներ և մարտահրավերներ» թեմայով ելույթ ունեցավ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (F.I.D.H.) նախկին նախագահ, իրավաբան, միջազգային օրենքի մասնագետ Րաֆֆի Քալֆայանը, որ մանրամասնորեն բացատրեց միջազգային օրենքում տեղ գտած փոխհատուցման եղանակների, միջոցների, պայմանների և հնարավորությունների մասին:
Րաֆֆի Քալֆայանը խոսեց Թուրքիայից հայապատկան կալվածքների անհատական և հավաքական պահանջատիրության անհրաժեշտության մասին՝ միաժամանակ ընդգծելով, որ փոխհատուցման գործընթացները կարելի է առաջ մղել՝ Թուրքիայի կողմից Ցեղասպանության պաշտոնական ճանաչումից անկախ։ Նա նշեց, որ սույն գործընթացը պահանջում է զգուշություն, խոհեմություն և Հայաստան-Սփյուռք ամբողջական համագործակցություն:
Երկու զեկույցների ավարտին քննարկումներ կատարվեցին հողային և կալվածային պահանջատիրության և ֆինանսական փոխհատուցման իրավական հիմքերի և կարելիությունների մասին:
Հիշեցնենք, որ մարտի 4-6-ը Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում Եվրոպայի հայերի համագումարի նախաձեռնությամբ կայացավ՝ հայության հիմնահարցերին նվիրված գիտահետազոտական խորհրդաժողով՝ «ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՎԱՐՏԻՆ» ընդհանուր խորագրի ներքո, որում զեկույցով հանդես եկան եվրոպահայ տարբեր համայնքների ներկայացուցիչներ: