«Նախագահի ելույթում կար թերություններն ու բացթողումները սրբագրելու վճռականություն». Շահան Գանտահարյան

Սահմանդրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի շուրջ «Հայերն այսօրը» զրուցել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ:

– Պարո՛ն Գանտահարյան, ինչպե՞ս կբնորոշեք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթը: Եվ  ո՞րն է Ձեր կարծիքով ելույթի ամենակարևոր շեշտադրումը:

-Ելույթն իր ամբողջության մեջ աննախադեպ էր, շատ համապարփակ անդրադարձ էր պարունակում ներքին և արտաքին քաղաքականության գերակա ուղղություններին, նոր մարտահրավերներին ու քաղաքական նոր մշակույթի կայացմանը: Ընդ որում՝ ո´չ միայն Հայաստանի Հանարապետության խնդիրներին առնչվող, այլև՝ համայն հայության:

Նախագահը «մեզ» ասելով՝ հստակեցնում է, որ պետք է նկատի ունենալ Հայաստանի Հանրապետությունը, Արցախը և աշխարհասփյուռ հայությունը, այսինքն՝  Հայկական աշխարհը: Եվ  ընդգծում բոլորիս ուղղված մարտահրավերներին տեր կանգնելու հրամայականը: Ելույթը, հետևաբար, համայն հայությանն է վերաբերում և պարփակում Ամենայն Հայոց պետականություն դառնալու բոլոր նախադրյալները:

Եվ Նախագահի ելույթի հետևյալ միտքը՝ մենք ունենք մարդուժի ահռելի պոտենցիալ, պետք է օգտագործենք համահայկական հասարակություն, հայաստանակենտրոն Հայկական աշխարհ ստեղծելու համար: Այս պատճառով նաև խնդիր կա՝ սփյուռքահայ կադրերին նոր Սահմանադրությամբ ստեղծվող պետականաշինության, քաղաքական, պետական հասարակարգում լիարժեք օգտագործելու:

Հետևաբար, Սերժ Սարգսյանի ելույթը նոր հեռանկարներ է բացում մեր երկրի համար, իսկ նոր Սահմանադրության կենսագործումը՝ ուղիներ մատնանշում: Խոսքը համակարգային, ընդհանուր փոփոխության մասին է, առավել ժողովրդավարական, ընդդիմության ազդեցիկ դերակատարությունն ընդգծող, այսինքն՝ բոլոր քաղաքական ուժերի ներգործուն մասնակցությունը քաղաքական, կուսակցական դաշտի կայացմանը և խնդիրների լուծմանը:

Ելույթը համապարփակ դրվածքի մեջ ներառվում է նաև ամենակարևոր խնդիրը՝ տնտեսական դաշտի բարելավում, իրավական, ներդրումային դաշտի կատարելագործում, որտեղ մենաշնորհներ չեն լինելու և օրենքով կապահովվի ներդրումային քաղաքականությունը, կստեղծվի առողջ մրցակցային համակարգ:

Կարծում եմ՝ տնտեսական, ներդրումային օրենքով ապահովված դաշտի կայացումը մեր ամենահիմնական մարտահրավերի, խնդրի լուծման մեկնակետը կդառնա: Եվ կնպաստի ոչ միայն արտահոսքի նվազեցմանը, այլև գրավիչ կդարձնի մեր երկիրը և´ հայերի, և´ օտարերկրացիների համար: Այս հիմնախնդիրը լուրջ բանաձևված էր, այնտեղ կար կամք՝ իրավիճակը փոխելու և այս ուղղությամբ նոր հեռանկարներ բացելու: Խնդիրները մատնանշված են առանց քողարկման, և երևում է դրանք միասնաբար լուծելու պետական մոտեցում:

Միաժամանակ կար թերություններն ու բացթողումները սրբագրելու վճռականություն և բաց տեքստով հայտարարություն: Եվ կարևոր շեշտադրում, որ ինչ-որ բան է փոխվում մեր երկրում: Եվ այդ փոփոխությունը նոր հեռանկաներ է բացում համայն հայության համար։

– Պարո´ն Գանտահարյան, ծանո՞թ եք Նախագահի ելույթի լիբանանյան արձագանքներին:

-Նախագահի ելույթը լուսաբանվել է Լիբանանի ԶԼՄ-ներում, և  կարող եմ ասել, որ մեկնաբանությունները դրական են: Դրական են այն առումով, որ ինչպես վերևում նշեցի, իրավիճակը փոխելու վճռականություն կա և մատնացույց է արվում այն բոլոր ուղիները, որի հիմքը նոր Սահմանադրությունն է:

Դեռևս առանձին քննարկումներ չեն եղել, բայց մամուլի անդրադարձը նկատի առնելով՝ կարծում եմ, որ կարող ենք բանաձևել, որ սփյուռքյան լրատվադաշտը ընդհանուր գծերի մեջ դրական է մեկնաբանում Նախագահի ելույթը:

– Պարո´ն Գանտահարյան, Նախագահն իր ելույթում կարևորեց նաև ներդրումային միջավայրի բարելավումը, նոր ներդրումների ներգրավումը: Ի՞նչ կարող եք ասել այս ուղղությամբ:

-Կարծում եմ, որ լիաբանանահայ համայնքի համար, և ոչ միայն, պետք է հատուկ լուսաբանել և ներկայացնել հայաստանյան ներդրումային դաշտը, վերջինիս իրավական պաշտպանվածությունը: Հայաստանը շուկայական առումով հետաքրքիր է ո´չ միայն լիբանանահայերին, այլև հենց լիբանանցիներին: Չմոռանանք, որ Հայաստանի Հանրապետության և Լիբանանի միջև երկկողմանի բազմաթիվ համաձայնագրեր են կնքվել, որոնք պետք է կյանքի կոչել և կենսագործել: Այսինքն, իրավական շրջագիծ կա և միջպետական համաձայնագրեր` տնտեսական, առևտրի, կրթության,  գիտության, մշակույթի ոլորտներում:

Տրանսպորտային հաղորդակցությունն այս հարցում կարող է միայն օգտակար լինել: Լիբանանյան ավիաուղիները կանոնավոր թռիչքներ են իրականացնում, կարծում եմ, որ պետք է ակտիվացնել և ավելացնել տրանսպորտային հաղորդակցությունը, որպեսզի փոխադարձ այցելությունները և գործուղումները շատանան:

Օդային կապի առավել ակտիվացման դեպքում կլինի մարդկանց հոսք, ճանաչողություն, որին կարող են հետևել որոշակի հետաքրքրություններ, շարժառիթներ, որոնք կարող են հանգեցնել նաև ներդրումների: Բայց այս բոլորի նախապայմանը, մեկնակետը անընդհատ պետք է վերանայել: Անհրաժեշտ է ավելի ցածր գներով թռիչքներ իրականացնել, որպեսզի երիտասարդները, ոչ միայն հայ, նույնպես շատ առիթներ ունենան  Հայաստան այցելելու:

Կարևոր է, որ լիբանանցիները ևս ծանոթանան Հայաստանին, սա կօգնի, որ Հայաստանը հայտնվի լիբանանցիների զբոսաշրջային ուշադրության կենտրոնում: Եթե, իհարկե, համապատասխան ծրագրեր լինեն և օդային կապն ակտիվ աշխատի, ներդրումների ճանաչողական աշխատանք իրականացվի:

Եթե օրինակ՝ տարածաշրջանում անապահով իրավիճակ կլինի, մարդիկ կսկսեն մտածել այլ միջավայրում բնակարան գնելու, ներդրումներ անելու՝ իբրև այլընտրանք իրավիճակի սրման: Կարծում եմ՝ ճիշտ աշխատելու դեպքում Հայաստանը կհայտնվի ուշադրության կենտրոնում:

-Ձեր կարծիքով, Նախագահի ելույթին հաջորդող հանգրվանը ո՞րն է լինելու:

-Կարծում եմ՝ առաջիկա հանգրվաններից շատ կարևոր են 21-րդ դարին համահունչ, ժամանակակից Եվրոպայի ժողովրդավարական պետության չափորոշիչներին համապատասխան ընտրություններ անցկացնելը, որոնք կլինեն շատ թափանցիկ, համոզիչ, արդար: Մշակվող ընտրական օրենսգիրքը պետք է համանշային առումով համապատասխան լինի 21-րդ դարի ժամանակակից, ժողովրդավար պետությունների օրենսգրքերին:

Նաև կարևոր է հայ ժողովրդին համոզիչ ներկայանալը. ի վերջո՝ նոր Սահմանադրության նպատակը ժողովրդավարության կայացումն է, հավելյալ գործավարությունը:

Սա շատ կարևոր մեկնակետ կարող է լինել և մարդկանց մոտ հավելյալ վստահության մթնոլորտ ստեղծել՝ մասնակից դառնալու նոր գործընթացներին, որոնց նպատակը, կարծում եմ, պետք է լինի մեր երկիրը և հասարակությունը  դարձնելու 21-րդ դարի ժամանակակից պետություն և ժամանակակից քաղաքացիական հասարակարգ:

Զրուցեց Լուսինե Աբրահամյանը

Scroll Up