Իզմիրում Հայոց ցեղասպանության ժխտման թեմայով ժողովին մասնակցել է նաև Իրանի պաշտոնական պատվիրակությունը

Ծայրահեղ հայատյաց կեցվածքով հայտնի թուրքական «Ասիմդեր» կազմակերպության կողմից փետրվարի 19-20-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում գումարված աշխատաժողովին մասնակցել է նաև իրանական պատվիրակությունը: Թեման եղել է «Միջազգային անհիմն պնդումները, օկուպացիան և ահաբեկչությունը»: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Ըստ թուրքական «Vatan» թերթի կայքի` աշխատաժողովին մասնակցել են 80 կազմակերպությունների ներկայացուցիչներ` Ադրբեջանից, Թուրքիայից, Ղազախստանից, Բուլղարիայից, Թաթարստանից, Աֆղանստանից, Վրաստանից և Իրանից:
Աղբյուրը նշում է, որ աշխատաժողովի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության և ղարաբաղյան հիմնահարցերին և մի շարք այլ թեմաների:
Հայատյաց կազմակերպության ղեկավար Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, որ Իրանն առաջին անգամ է իրենց կազմակերպած միջոցառմանը պաշտոնական պատվիրակություն ուղարկում:
«Դա մեզ համար մեծ հաջողություն է,- նկատել է տվել Գյուլբեյը,- և ուրախանալու առիթ, քանի որ մեզ շատ է ուրախացնում այն հանգամանքը, որ Իրանի հետ մեր հարաբերությունների կարգավորման ճանապարհին այդ երկիրը մեր կողքին է այսպես կոչված Հայոց ցեղասպանության հարցում»: