Իրանահայության տարազների բացառիկ ցուցահանդես Նոր Ջուղայում (լուսանկարներ)

Նոր Ջուղայի Հայոց ազգային կրթահամալիրի «Քանանյան» իգական դպրոցի տեսչության, ուսուցչական կազմի և ծնողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ՝ փետրվարի 20-25-ը կրթահամալիրի «Ալենուշ Տերյան» սրահում կազմակերպվել է իրանահայության տարազների բացառիկ ցուցահանդես` նվիրված Իրանի Իսլ. Հեղափոխության հաղթանակի 37-րդ տարեդարձին: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում է Երանուշ Թահմազյանը:
Ցուցահանդեսի պաշտոնական բացումը, ներկայությամբ Սպահանի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբկեն արք. Չարյանի , ազգային մարմինների ու միությունների ներկայացուցիչների, կրթադաստիարակության հիմնարկության ներկայացուցիչների, ծնողների և մի շարք այլ հրավիրյալների, տեղի ունեցավ փետրվարի 20-ի առավոտյան ժամը 10:30-ին:
Ժապավենի հատումից հետո ներկաներին ողջունեց դպրոցի փոխտեսուչ Ռիմա Սիմոնյանը, ապա ելույթ ունեցավ գրադարանավարուհի Կարին Տեր-Մարտիրոսյանը և դպրոցի տեսուչ տկն. Սալարիֆարը: Այնուհետև ներկաները շրջեցին բարձր ճաշակով դասավորված և թանգարանային տպավորություն թողնող ցուցահանդեսով, ինչը դահլիճի կենտրոնում մոդելներով ներկայացնում էր Նոր Ջուղայի, Փերիայի, Չահարմահալի և ուսուցչի ու աշակերտի տարազները: Իսկ լուսանկարները ներկայացնում էին 17-րդ դարից մինչեւ 20-րդ դարի Իրանի տարբեր շրջանների հայկական տարազներն ու իրանահայ հասարակության տարբեր խավերի` խոջայի , ուսուցչուհու, աշակերտի, հարս ու փեսայի և գեղջուկի իգական ու արական հագուստներն: Ուշագրավ էր նաեւ հարսանեկան ասեղնակար կանաչ-կարմիրն ու զարդարված զույգ շաքարը, ինչն իրանահայության մոտ պահպանվել է առ այսօր:
Նշելի, որ ցուցահանդեսի իրականացման գործում անվերապահ համագործակցություն էին բերել միություններն ու անհատները:
Լուսանկարները՝ հեղինակի