«Ես հարգում եմ «Է» օժանդակ բայը». Հայկանուշ Մեսրոպյան
Մայրենիի օրվա հետ կապված՝ «Հայերն այսօր»-ի թղթակիցը զրուցել է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի ավագ գիտաշխատող Հայկանուշ Մեսրոպյանի հետ:
– Տիկի՛ն Մեսրոպյան, քանի՞ տարի է, որ խորամուխ եք եղել լեզվաշխարհում:
– 40 տարուց ավել ես այդ աշխարհում եմ: Երևանի պետական համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի եմընդունվել Լեզվի ինստիտուտում: 1978թ. գիտության այդ կաճառում եմ: Այն ժամանակ բառարանագրության բաժինը կազմում էր հայերենի բարբառների բառարան: Նվիրյալների մի աստղաբույլ՝ երջանկահիշատակ Վարագ Առաքելյանը, Թամար Չիլինգարյանը, Հրաչիկ Կոստանյանը, Ահարոն Գրիգորյանը, Աշխեն Հակոբյանը, Գասպար Գասպարյանը, Փայլունիկ Սարգսյանը և այլոք կազմել էին այդ բառարանը, աշխատանքը դեռևս ընթացքի մեջ էր: Ես՝ որպես նորավարտ, սկսեցի այդ բառարանը մեքենագրելուց և վարպետացա բառարանի օգնությամբ, սիրահարվեցի բարբառագիտությանը:
– Տեղյակ եմ, որ գիտական աշխատանքին զուգահեռ զբաղվել եք նաև լրագրությամբ: Քանի՞ տարի է կազմում լրագրողական աշխատանքի Ձեր վաստակը:
– Այո՛, այդպես է. լրագրողական աշխատանքը կազմակերպել եմ Լեզվի ինստիտուտի աշխատանքիս զուգահեռ: Լրագրողական աշխատանքս սկսվեց իմ շատ սիրելի դասախոս, հայտնի լեզվաբան, երջանկահիշատակ Ռաֆայել Իշխանյանի շնորհիվ: Հայաստանի անկախացումից հետո Ռաֆայել Իշխանյանը հիմնադրել «Լուսավորիչ» թերթը, ինձ էլ, որպես իր լավագույն ուսանողուհիներից մեկը, ընդգրկեց թերթի աշխատանքներում: Սկզբում երեք հոգով էինք աշխատում՝ ընկ. Իշխանյանը, Վարդան Դևրիկյանը և ես: Աշխատանքի մեծ մասը Ռաֆայել Իշխանյանն էր իրականացնում: Երեքով և՛ խմբագրում, և՛ սրբագրում էինք էջերը: Այդ տարիներին Իշխանյանի շնորհիվ սովորեցի դասական ուղղագրություն, որի համար անչափ երախտապարտ եմ մեծ լեզվաբանին ու հայրենասերին: Ահա այդպես էլ խորացա լրագրության ժանրում:
– Թե՛ Ձեր գիտական, թե՛ լրագրողական աշխատանքներն, անշուշտ, Ձեզ մղել են նաև հայոց լեզուն անաղարտ պահելու նվիրումին: Ռաֆայել Իշխանյանի ուսանողուհին և գործընկերը լինելով, բնականաբար, նախանձախնդիր եք եղել հայոց լեզվի մաքրության հարցում և պայքարել եք լեզվական մեղանչումների դեմ: Այդպե՞ս է…
– Այո՛: «Լուսավորիչ» թերթից հետո ես աշխատել եմ «Քրիստոնյա Հայաստան», «Շողակն Արարատյան»թերթերում և, բնականաբար, աշխատելով թերթերում, շարունակ խմբագրում, զտում ես, շտկում ես և դառնում ես մայրենիի պահպանության, մաքրության զինվորը: Ինչ վերաբերում է պայքարելուն, ասեմ, որ ինձ սրտամոտ չէ «մայրենիի անաղարտության համար պայքարել»արտահայտությունը. պայքարը ես փոխարինել եմ նվիրումով: Թերթի շուրջ հավաքվում էին խելացի, կայացած, փորձառու և ոչ փորձառու սկսնակ, սակայն խոստումնալից լրագրողները, Վազգենյան և Գևորգյան ճեմարանների սաները: Մենք թերթի միջոցով մաքրում, զտում ու պահպանում էինք մեր ոսկեղենիկ հայոց լեզուն:
– Տիկի՛ն Մեսրոպյան, Դուք գործուղվել եք Թուրքիա, ուսումնասիրել հայոց լեզվի դրվածքը դպրոցներում, եղել եք տարբեր քաղաքներում, գյուղերում… Ձեր տպավորությունները կկիսե՞ք «Հայերն այսօր»-ի ընթերցողների հետ:
– Անշո՛ւշտ: ՀՀ գիտությունների ակադեմիայի կողմից գործուղվեցի այնտեղ՝ ուսումնասիրելու Թուրքիայում հայոց լեզվի դրվածքը, ինչպես նաև՝ ծանոթանալու Թուրքիայի տարածքում պահպանված հայկական բարբառներին: Պարբերաբար եղել եմ Թուրքիայի գրեթե բոլոր բնակավայրերում: Բնականաբար, հայոց լեզվի դրվածքը շատ ավելի լավ հիմքերի վրա է Ստամբուլում, ուր կենտրոնացած են շատ կրթօջախներ, «Մարմարա», «Ակոս» թերթերը, «Արազ» հրատարակչությունը և այլն: Ստամբուլի հայությունը մեծ նվիրումով, ջանասիրաբար կատարում է մայրենիին նվիրված իր աշխատանքը: Հատկապես ցանկանում եմ նշել «Նոր զարթոնք միության»մասին, որի ղեկավարն է շնորհալի հայորդի Ջան Էրզրումլուօղլին: Միության աշխատանքները կենտրոնացված են «Մարմարա»թերթի խմբագրության, հայկական եկեղեցու հարևանությամբ գտնվող Բեյօղլու կոչվող տարածքում: «Նոր զարթոնք»-ը կազմակերպում է հայերենի ուսուցման դասընթացներ: Ստամբուլում կա քրդախոս, թրքախոս հայության մի ստվար զանգված, որը մեծ ցանկություն ունի սովորելու մայրենին: Քաղաքական, տնտեսական, հասարակական հանգամանքներով պայմանավորված՝ մարդկանց մեջ հետաքրքրություն կա մայրենի լեզվի հանդեպ, ձգտում են սովորել լեզուն և այդ լեզվով ծանոթանալ նաև հայոց պատմությանը: Սվեդիայում Վագըֆ գյուղը բնակեցված է հայերով, և նրանք խոսում են Սվեդիայի բարբառով: Իմ հարցումների համաձայն՝ Անթաքիայում 10 ընտանիք հայախոս է, բայց նրանք հայերենին ավելի մոտ լինելու և հայկական կրթություն ստանալու հնարավորություն չունեն: Բեյլանում, Մալաթիայում, Ադյամանում էլ կան հայերենախոս հայեր: Հայերենի ուսուցումը, կրթօջախները, մամուլը ավելի շատ կենտրոնացած են Ստամբուլում: «Եսայան» դպրոցի տնօրենը՝ ջանադիր մի տիկին, ասաց, որ իրենք հայերենի ուսուցչի կարիք ունեն: Վերջերս Լեզվի ինստիտուտի մեր աշխատակիցներից սիրիահայ մի երիտասարդ գնաց և արդեն աշխատում է Բոսֆորի համալսարանում:
– Այնտեղ կա՞ որևէ բուհ, որտեղ գործում է հայերենի բաժին, հայոց լեզվի ամբիոն:
– Այո՛, Թրակիայի համալսարանի ռեկտոր Էնվեր Դումանը կատարեց այդ փորձը: Ինքը,մասնագիտությամբ լինելով բժիշկ, շատ լավ գիտի հայ ժողովրդի պատմությունը և նախաձեռնեց Թրակիայի համալսարանում հայոց լեզվի ամբիոն բացելու գործը: Հայոց լեզվի ամբիոններ կան նաև Կեսարիայի, Կարսի համալսարաններում, բայց… այնտեղ հայերեն են դասավանդում Հայաստանում ապրած, Մանկավարժական ինստիտուտ ավարտած ադրբեջանցիները. ազգությամբ հայ մասնագետներ չկան:
– Թուրքիայում գտնվել եք միայն հայոց լեզվի դրվածքը ուսումնասիրելո՞ւ առաքելությամբ, թե՞ Ձեզ հետ տարել եք Լեզվի ինստիտուտի կողմից մշակված ծրագրեր, գրականություն, դասագրքեր:
– Իհարկե՛, տարել եմ նաև ծրագրեր ու գրքեր:
– Տիկի՛ն Հայկանուշ, վերադառնանք Հայաստանում հայոց լեզվին առնչվող խնդիրներին, մայրենիի աղավաղումներին: Շատ մասնագետներ, ինչպես նաև հասարակության հայերենապաշտ մի զանգված, պնդում է, որ հայոց լեզուն այսօր աղետալի վիճակում է: Համամի՞տ եք:Ի՞նչ ճանապարհով կարելի է դիմագրավել մայրենիի աղավաղումներին, հայոց լեզվի աղճատմանը:
– Ձեր ասածի մեջ, իրոք, կա ճշմարտություն, բայց պնդել, որ հայոց լեզուն այսօր աղետալի վիճակում է, համաձայն չեմ: Ես անուղղելի լավատես եմ և չեմ կիսում այդ կարծիքը: Ես դասավանդում եմ տարբեր բուհերում և շփվել եմ գեղեցիկ, մաքուր հայերենով խոսող հրաշալի երիտասարդության հետ: Ինչ վերաբերում է հեռուստաեթերում հնչող հայերենին, ասեմ, որ չեմ լսում, չեմ նայում հեռուստացույց, որովհետև նյարդերս չեն դիմանում: Ինձ համար համացանցում ընտրում եմ իմ ճաշակով, գեղեցիկ լեզվով նյութեր, ֆիլմեր և բավարարվում եմ այդքանով: Սիրով լսում եմ Հանրային ռադիո, որովհետև ռադիոյով հնչող հայերենն ավելի մաքուր է:
– Տիկի՛ն Մեսրոպյան, ես նորից եմ կրկնում հարցս՝ Ձեր տեսանկյունից ի՞նչ ճանապարհով, ի՞նչ միջոցներով կարելի է մաքրել հեռուստաեթերի լեզուն, պայքարել լեզվական աղավաղումների դեմ:
– Հայաստանի Հանրապետության լեզվի մասին օրենքում հստակորեն գրված է, որ ՀՀ-ի պետական լեզուն հայերենն է, այսինքն՝ ՀՀ-ի յուրաքանչյուր անհատ կարող է խոսել իր նախընտրած հայերենով՝ բարբառով, ժարգոնով, առօրյա-կենցաղային լեզվով. դա տվյալ անհատի ճաշակն է, որը պայմանավորված է նրա ստացած կրթությամբ, դաստիարակությամբ և ունեցած մակարդակով, ուստի չես կարող պարտադրել, որ նրանք խոսեն մաքուր գրական հայերենով: Սակայն… ՀՀ-ի լեզվի մասին օրենքում ասվում է, որ ՀՀ-ի պաշտոնական լեզուն գրական հայերենն է. դա ԱԺ-ի, գերատեսչությունների, կրթօջախների, հեռուստատեսության, ռադիոյի, գրականության, լրագրության լեզուն է… Եթե մարդը չի հարգում իր երկրի պետական օրենքը, լեզուն, ի՞նչ ասես նրան: Այն անհատը, ով ոտքով հարվածում է իր շենքի վերելակի դռներին, փողոցում դեն է նետում ծխախոտը, այդ նույն մարդը եթերում պաշտոնական լեզվի փոխարեն խոսում է իր խոսակցական հայերենով…
– Որտե՞ղից սկսել, տիկի՛ն Մեսրոպյան:
– Լեզվի զարգացման ընթացքում միշտ էլ խոսակցական լեզուն հեռանում է գրական լեզվից: Լեզուն կենդանի օրգանիզմ է, դա լեզվի զարգացման բնական պատկերն է, և ինչ-որ անհատ միայնակ չի կարող պայքարել: Գրաբար հայոց լեզուն իր զարգացման ընթացքում դարձավ միջին հայերեն:
–Ոչինչ չանե՞նք, փակե՞նք մեր աչքերն ու ականջները, լռե՞նք… Թողնենք, որ մայրենին աղճատվի՞, աղավաղվի՞, լլկվի՞, որ «էթամ, հելնեմ, տենամ, էսի, էտի, էնի, ստուց, ընդուց, ըտուց, սենց, նենց, ըտենց, ուրդե, ուրդուց, խի… օքեյ, վաու, պոզիծիվ, պռոյեկտ, հիցուն, փառատոններ…» և այլն, և այլն հազարումի առօրյա խոսակցական, ժարգոնային, օտարալեզու, ոչ ճիշտ հայերենով բառեր ու արտահայտություններ իշխեն կրթօջախներում, եթերում, մեր շուրջ, մեր ընտանիքներո՞ւմ, որ խանութների, գրասենյակների ճակատային հատվածներում գրվեն անգլերենո՞վ ցուցանակներ, պաստառներ…
– Ասել, որ այդ ուղղությամբ աշխատանք չի տարվում, սխալ կլինի. հայոց լեզվին նվիրված գիտաժողովներ են կազմակերպվում, քննարկումներ են լինում… Սակայն հարցի լուծումը դրանով չի տրվում:
–Տույժ-տուգանքների միջոցով կարելի՞ է ինչ-որ բնագավառներում խնդրին լուծում տալ, գուցե այդ հարցն իրավական դաշտո՞ւմ լուծվի…
-Լեզվի պետական օրենքը խախտող գերատեսչություններին, հեռուստաընկերություններին, խանութներին, գրասենյակներին (որոնց ցուցանակները միայն անգլերենով են) պետք է տույժի ենթարկել, այնպես, ինչպես կարմիր լույսի տակ խախտում անող վարորդներին, կարմիր գիծը հատողներին… Նշանակում է, որ ՆԳՆ-ն լավ է աշխատում, և վարորդները, խախտումներից խուսափելու, չտուգանվելու համար, ավելի զգույշ են վարում իրենց մեքենաները:
– Այսինքն՝ զգալիորեն հարվածել լեզվի օրենքը խախտողների գրպանին…
– Այո՛: Ինչո՞ւ պետք է ԱԺ-ի պատգամավորը եթերում խոսի ա-ով կամ ասի՝ պըտի, կըլնի, հիցուն, եգրորդ, դբրոց, ինչքամ…
– Ի՞նչ կավելացնեք…
– Կուզեի մի փոքրիկ ծանուցում տալ (է)աօժանդակ բայի մասին, որը շատ մեծ տարածում է գտել: Ինքս, մեծացած լինելով Վանաձորում, «ա» օժանդակ բայի կրող եմ, բայց ինքս ինձ վերահսկում եմ պաշտոնական խոսքում: Ես հարգում եմ «է» օժանդակ բայը, որովհետև պետական օրենքը դա է նախընտրել: Կարնո Բարբառի ներկայացուցիչն ասում է «է», Սասունի բարբառի ներկայացուցիչն ասում է «ի», մշեցին ասում է «ի» (գարուն ի)… Այստեղ հարգանքի խնդիր կա: Սիրելինե՛րս, մենք ունենք բարբառախոսներ, սակայն ազգովի որոշել ենք ընտրել «է»-ն, ինչո՞ւ են մարդիկ խոսքի մեջ խցկում «ա»-ն:
– Տիկի՛ն Մեսրոպյան, Ձեր սիրելի բանաստեղծներից մեկի՝ հայոց լեզվին նվիրված որևէ բանաստեղծության տողերով մեղմենք մեր հարցազրույցը.
– Ես իմ անուշ Հայաստանի
Արևահամ բառն եմ սիրում…
– Շնորհակալությո՛ւն, բովանդակալից զրույցի և հատկապես մեծախորհուրդ «Է»-ին այդպես պաշտպանելու համար:
Կարինե Ավագյան